Որ հեքիաթը չկորցնի գույները...


 

Որքան էլ դժվար ու ցավալի է, այնուամենայնիվ երբեմն ստիպված ենք լինում հաշվի նստել դառն իրականության հետ, հատկապես երբ խոսքն անխուսափելիի մասին է...

Բոլոր ժամանակներում, աշխարհի տարբեր ծագերում, բոլոր հասարակություններում` անկախ զարգացվածության, բարեկեցության և քաղաքակրթության աստիճանից, ապրում են երեխաներ, որոնց մանկության հեքիաթը զրկվել է գույներից, վերածվել անշուք, դատարկ ու գորշ իրականության: Երեխաներ, ովքեր զուրկ են ընտանեկան ջերմությունից, կարոտ` մայրական գգվանքների, հայրական խորհուրդների... Իսկ ապրած ու չապրած բոլոր զգացմունքները պարփակված են մեկ բառի մեջ միայն` սպասում...

Ապրում են նրանք մեր կողքին. անխուսափելի իրականությունն է սա: Անխուսափելի` քանի դեռ ապրում է մարդկությունը, քանի դեռ գոյատևում են մեղքը, չարությունը, ոճիրը, չքավորությունը: Քանի դեռ կան մայրեր, ովքեր սոցիալական ծանր պայմաններից դրդված` կամ այլ պատճառներով` բախտի քմահաճույքին են թողնում սեփական երեխաներին:

- Պետական քաղաքականությունն այսօր միտված է նրան, որ հնարավորինս կրճատվի մանկատուն մտնող երեխաների թիվը, միաժամանակ ավելի ընդլայնվեն մանկատնից դուրս եկող երեխաների հնարավորությունները: Պետությունն ստեղծում է այլընտրանքային տարբերակներ` հասարակական կառույցներ, գիշերային խնամքի կենտրոններ` փորձելով աջակցել ռիսկի թույլ գոտում գտնվող ընտանիքներին: Սակայն որքան էլ կազմակերպված լինի պետական համակարգը, միևնույն է` մեղքը չափազանց հզոր ուժ է: Հաճույքի դեմ պայքար չկա: Միշտ էլ կլինեն նման երեխաներ, կգտնվեն ընտանիքներ, որ չեն կայանա: Զարմանալի է` որքան զարգանում է քաղաքակրթությունը, այնքան աճում է հանցագործությունների թիվը: Թվում է` եթե բարեկեցիկ դարձնենք մեր կյանքը, կլուծենք մարդու երջանկության, սիրո խնդիրը: Բայց ոչ... որքան բարեկեցիկ պայմաններում է ապրում մարդը, այնքան անկարող է դառնում հաճույքի դեմ, գերի է դառնում ինչ-ինչ ուժերի,- համոզված է «Զատիկ» մանկատան տնօրեն Աշոտ Մնացականյանը:

***

«Զատիկի» ներսում մթնոլորտը ջերմ էր ու աշխատանքային, և փակ դռների, սառը պատերի, մանկան թախծոտ աչքերի մասին նախատրամադրվածությունն անմիջապես կոտրվեց:

Այս մանկատունը հիմնադրվել է 1993-ին` Գանձասար աստվածաբանական կենտրոնի աջակցությամբ, Պարգև Սրբազանի օրհնությամբ և առաջնորդությամբ: Շատերի մտապատկերում անջնջելի հետք են թողել այդ ժամանակահատվածի դառը հուշերը. սարսափելի երկրաշարժի, Խորհրդային Միության փլուզման հետևանքներ, ընթացքի մեջ գտնվող պատերազմ, սոցիալական ծանրագույն պայմաններ... Հատկապես այդ շրջանում մեծ թվով երեխաներ անօթևան էին մնացել: Բոլոր մանկատները լեփ-լեցուն էին: Եվ ահա այդ դժվարին պայմաններում «Զատիկի» կայացումը տնօրենն այն օրերի հրաշքների հրաշք է համարում: Հաստատությունը ճիշտ ժամանակին ցրեց այն մտայնությունը, որ մանկատների ավանդական համակարգը հնացած է:

- Համակարգը բնորոշվում է իր տված բարի և չար պտուղներով, ոչ թե հին կամ նոր լինելով: Իսկ մեր մանկատան փորձը շատ բան ապացուցեց: Մենք լավ քաղաքացիներ ենք տվել հանրությանը: Շատերը բարձրագույն կրթություն են ստացել, ամուսնացել, ընտանիք են կազմել: Երբ գալիս են այցի` հպարտությամբ եմ լցվում: Մենք այնպիսի սերմեր ենք փոխանցել այդ երեխաներին, որ վաղն անպայման պտուղներ կտան: Այս երեխաներն էությամբ հանցագործ չեն, սրիկա չեն, նրանք օրինավոր հոգիներ են: Եվ այդ հոգիները կարող են զարթոնք ապրել,- ասում է տնօրենը:

Տարեսկզբին Կառավարության որոշմամբ մանկատունը նոր կարգավիճակ է ստացել` վերափոխվելով բազմաֆունկցիոնալ կառույցի: Իսկ գործունեությունը տարվում է հստակ 3 ուղղություններով` որպես մանկատուն, ցերեկային խնամք իրականացնող և ժամանակավոր աջակցության կենտրոն: Այսօր մանկատունն ունի 86 սան: Այստեղ երեխաները կարող են դուրս գալ մանկատնից` դաստիարակների իմացությամբ և թույլտվությամբ: Ըստ նախասիրությունների` այս հաստատության սաները հմտանում են անգլերենի, մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, երգի, պարի խմբակներում: Դաստիարակության առանցքը, սակայն, հոգևոր արժեքներն են: Այստեղ հյուրերի պակաս երբեք չի զգացվում: Սակայն տնօրենի համոզմամբ` չափից ավելի ուշադրությունը կարող է նաև հակառակ ազդեցությունն ունենալ.

- Որքան էլ հոգատար վերաբերմունք ես դրսևորում երեխայի նկատմամբ, միևնույն է` նրա հոգում կորուստներ ես ունենում: Նա սպառողական հոգեբանություն է ձեռք բերում: Այստեղ հաճախ են գալիս գիտական աշխատանքներ գրելու, ֆիլմեր նկարահանելու և այլ նպատակներով, ու դա երբեմն բացասաբար է անդրադառնում երեխայի հոգեբանության վրա: Երբ նա 18 տարեկան է դառնում, մենք ունենում ենք մի երեխա, ում մեջ արտահայտված նեգատիվիզմ կա, սպառողական հոգեբանություն` որ դիմացինը պարտավոր է անընդհատ ինչ- որ բան անել իր համար: Բոլոր մեղքերի արմատը հպարտությունն է, սեփական անձի վերարժեքավորումը, ինչի սաղմը հենց նեգատիվիզմն է, ինչը մանկական հոգու ամենամեծ վնասվածքն է:

Չափազանց դժվար է հստակեցնել` արդյո՞ք ծնողներ ունեն այս երեխաները և ի՞նչ հանգամանքներում են հայտնվել մանկատանը: Բավական է միայն մի փաստ արձանագրել: Վերջին շրջանում դիտարկումներ են իրականացվել, թե արդյո՞ք կարող են ընտանիք ունեցող երեխաները տեղափոխվել ծնողների մոտ: Ծանոթանալով նրանց պայմաններին, հնարավորություններին` միայն 4-5 երեխա է տեղափոխվել ընտանիք: Պատմություններով տարբեր, ճակատագրով նման այս երեխաները շարունակում են ապրել այստեղ:

***

Անիի, Մելանյայի և Մարիայի հետ անկեղծ զրուցեցինք իրենց ննջասենյակում: Այնքան մեծ նվիրվածություն կար միմյանց նկատմամբ, կարծես մի ընտանիքում դաստիարակված երեխաներ լինեին: Հաճույքով պատմեցին իրենց առօրյայի, նպատակների, դաստիարակների ու հատկապես տնօրենի սրտացավ վերաբերմունքի մասին: 15-ամյա Անին դպրոցի ավարտական դասարանում է սովորում: 2005-ից քրոջ և եղբոր հետ հաստատվել է մանկատանը: Նպատակներ, անշուշտ ունի. ցանկանում է մոդելավորող դառնալ: Մելանյան արդեն հաճախում է խոհարարական դասընթացների: Հաճախակի է այցելում Արցախում բնակվող եղբորը: Իսկ ամաչկոտ Մարիան թեև սկզբում հրաժարվում էր զրուցել, սակայն ընթացքում սիրով միացավ խոսակցությանը: 17 տարեկան է, սովորում է բժշկական քոլեջոմ:

Մարիան երազանք ունի, սակայն երազկոտ հայացքը թաքցնելով` լռում է: Նա համոզված է` եթե բարձրաձայնի երազանքի մասին, այն չի իրականանա:

Եվ նրանք բոլորը երազանք ունեն...

Ցավալիորեն մեր հասարակական ընկալումներում «մանկատան երեխան» ոչ միանշանակորեն է ընդունվում: Անգամ որոշակի կարծրատիպեր են ձևավորվել: Բայց չէ՞ որ նրանց մեջ շատ են ազնիվ, շիտակ, մարդկային բարձր հատկանիշներով օժտված« լուսավոր հոգու տեր երեխաները: Նրանք մեր հասարակության լիիրավ անդամ են: Պետությունը պարտավոր է տեր կանգնել նրանց: Մենք բոլորս ունենք մեր անելիքը, որ մանկատան երեխան իրեն անտեսված չզգա, իսկ հեքիաթը չկորցնի իր գույները...

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ