Խաչիկ ԽԱՉԵՐ.

«Ես հայ եմ, և Հայաստանն իմ մշտական հանգրվանն է»


 

Իրանահայ գրող ու թարգմանիչ Խաչիկ Խաչերի անունն այսօր հայտնի է Իրանում ու նրա սահմաններից դուրս: Նրա բազմաթիվ հեղինակային գրքերն ու թարգմանություններն այսօր արդեն հայ ընթերցողի, պարսիկ գրասերի սեփականությունն են դարձել: Նրա հետ հանդիպեցինք Գրողների համահայկական համաժողովի ժամանակ և առաջարկեցինք պատասխանել «Ավանգարդի» հարցերին:

- Գիտեմ, որ շատ վաղուց Հայաստան բերող ճամփաները Ձեզ համար մշտական են դարձել, որ ամեն տարի գալիս եք Երևան, այստեղ որոշ ժամանակ մնալով` կատարում գրական ու թարգմանական աշխատանքներ: Եվ, այնուհանդերձ, այսօր Դուք հյուր եք` որպես համաժողովի հրավիրյալ: Ի՞նչ զգացումներ ունեք այս առթիվ:

- Եթե ինձ մոտ երեք տասնամյակ առաջ ասեին, թե Հայաստանը պիտի դառնա հաճախակի կեցության վայր, որ ես հաճախ պիտի լինեմ այնտեղ` պիտի մտածեի, թե երազի պես մի բան են ասում, որը երբեք իրականություն չի դառնալու: Հիմա վերջապես զգացինք, որ Հայաստանն ու Իրանը հարևաններ են, իրար գրեթե կպած երկրներ` զատված մեկ սահմանով, որի դռները միշտ բաց են: Ճիշտ նկատեցիք, որ Հայաստանն ինձ համար մշտական հանգրվան է դարձել: Եվ չգիտեմ, ավելի շատ Հայաստանո՞ւմ եմ լինում, թե՞ Թեհրանում, Իրանում: Ես գրական համաժողովին եկել եմ որպես հայ գրական ընտանիքի մի մասնիկ, մի անդամ, ով ապրելով այլ իրականության մեջ և կրելով այլ մշակույթի ազդեցությունները, շարունակում է մնալ հայ գրող և հայ մտավորական: Բարեբախտաբար, օտարության զգացում չունեմ, ինձ հյուրի պես չեմ զգում, որովհետև շատերն են ինձ բարևում այնպես, կարծես մեկ-երկու օր առաջ բաժանված լինենք: Հպարտության զգացում ունեմ, որ հնարավոր եղավ այսքան հայ գրողի համախմբել Մայր հայրենիքում, Մասիսների հովանու ներքո ու պարտադրել խոսել հայ գրի ու գրականության, հայ ինքնության խնդիրների մասին:

Այս համաժողովի կազմակերպման ակունքների մոտ կանգնած են Գրողների միությունը և Սփյուռքի նախարարությունը: Ճի՞շտ եք գնահատում այն քաղաքականությունը, որն այսօր վարում է նախարարությունը` առավելապես ուշադրություն սևեռելով մշակութային բնագիր ունեցող նախաձեռնություններին:

- Իհարկե, ճիշտ եմ գնահատում, որովհետև Սփյուռքի նախարարությունն արդյունաբերության և տնտեսության հարցերով չի զբաղվում: Այն առավելապես հենվում է ոգեղեն արժեքների, մշակութային ժառանգության պահպանման խնդիրների վրա` այսպես առաջին հերթին դառնալով Հայրենիք-Սփյուռք կապերի մշակութային հենարան: Գուցե ոմանք ինձ հետ համաձայն չլինեն այն առումով, որ Հայաստանում կա Մշակույթի նախարարություն« և նրա նպատակն է իրականացնել մշակութային ծրագրեր: Բայց Սփյուռքն այլ է իր տեսակով, իր քաղաքական և հանրային գիտակցումներով, իր ենթաշերտերով: Այստեղ մշակույթը միշտ չէ, որ սոսկ մշակույթ է: Այն քաղաքականություն է, ազգագրություն է, ազգաբանություն է: Այդ պատճառով էլ այս նախարարությունը կատարում է մի աշխատանք, որն աշխարհում ուրիշ ոչ մեկը չի կարող կատարել: Համաժողովի հրավիրումը եթե նախաձեռնված լիներ սոսկ Գրողների միության կողմից, կարող էր այն նշանակությունը չունենալ, ինչ ունի հիմա, քանի որ մշակութային գաղափարի մեջ նաև պետական մոտեցում և պետական քաղաքականություն կա: Շատերին թվում է, թե մենք դրսում շատ լավ ենք ապրում, թե խնդիրներ չունենք, սակայն այս համաժողովների ժամանակ մենք երևան ենք հանում բոլոր դժվարությունները, փորձում բարձրաձայնել դրանց մասին, կիսվել մեր գրչընկերների հետ:

Երբեմն Սփյուռքում դժգոհում են, թե համաժողովները չեն ծառայում իրենց նպատակին, թե ինքնանպատակ են:

- Շատ բանի պետք չէ կարևորություն տալ: Սփյուռքը բազմատարր է, ամեն մի քաղաքական կամ ազգային կազմակերպություն իր խնդիրներն ու իր տեսլականներն ունի: Պետք է խնդիրը քննարկել իր ամբողջության մեջ: Սփյուռքի նախարարության գերխնդիրներից մեկը հայության համախմբումն է, իսկ այդ նպատակի իրագործման ճանապարհին բոլոր ձևերն էլ ընդունելի են: Մեկը կարող է քննադատել, մեկ ուրիշը խանդավառ վերաբերմունք ունենալ… Կարևորն այն է, որ վերջապես կա մի պետական մարմին, որին կարելի է վստահել և որից կարելի է պահանջել: Դժգոհությունների պատճառներն էլ եմ հասկանում: Ոմանք իրավացի են, ոմանք էլ առաջնորդվում են նեղլիկ շահերով: Դե, Սփյուռքի հարցում տարբեր մոտեցումներ և գնահատականներ կան, Սփյուռքն ինքն էլ այսօր մի շարք հարցերում հստակ կողմնորոշումներ չունի: Սա պատճառ է այն բանի, որ Սփյուռքը գտնվում է որոնումների ու խարխափումների մեջ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ