«Վերադառնում եմ մանկությանս թախծոտ հուշերին»


 

Արզաս ՈՍԿԱՆՅԱՆ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր-երգիչ

Հայ հանրության կողմից սիրված ու ճանաչված անուններից է Արզաս ՈՍԿԱՆՅԱՆԸ:

Հայ ազգային երաժշտարվեստում նա ստեղծեց իր ուրույն ստեղծագործական աշխարհը: Արզաս Ոսկանյանը բազմաժանր հեղինակ է. օպերա, կանտանտներ, սոնատներ, վոկալ շարեր, խմբերգային ստեղծագործություններ, երգեր, որոնք ինքնատիպ և մնայուն են:

Այս տարին հոբելյանական է կոմպոզիտորի համար. լրացավ նրա 65-ամյակը: Հոբելյանի առիթով էր յուրաքանչյուր տարի ապրիլին անցկացվող «Ազգային գրադարանային շաբաթվա» շրջանակներում Հայաստանի երաժշտագիտական թանգարանի կազմակերպած ցերեկույթը: Առաջին անգամ հնչեց «Պատարագ» խոշորածավալ ստեղծագործության մի հատված, որի համար էլ կոմպոզիտորը 2003-ին արժանացել է պետական մրցանակի: Առաջին անգամ հանդիսատեսի դատին հանձնվեց նաև 1982- ին ստեղծված «Չլիներ լիճը Սևանա, հազիվ թե զրնգար Զանգուն»` ըստ Գ. Էմինի, երգաշարը` գրված կանացի թավ ձայնի և աղջիկների երգչախմբի համար: 2 կատարումներն էլ մեծ խանդավառությամբ իրականացրեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Պատարագ» երգչախումբը` Մարգարիտ Ոսկանյանի ղեկավարությամբ: Հուզիչ էր հատկապես թոռնիկների` Հայկի, Միքայելի, կրտսեր Արզասի և Մարիի կատարումը` պապիկի և տատիկի ընկերակցությամբ:

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:

- Յուրաքանչյուրիս կյանքում դժվարություններն անխուսափելի են: Դրանք եղել են, կան և կլինեն: Ինչպես մեծն Սևակն է ասում. «Ցավն էլ է ծնունդ, նա էլ ապրելու իրավունք ունի»: Դժվարություն կոչվածը նաև կոփում է մարդուն: Շատ դեպքերում հեշտ ճանապարհով ընթացողի համար փոքրիկ դժվարությունները կարող են անգամ կործանարար լինել: Դժվարությունները դասակարգելը գոնե ինձ համար էական չէ, թե որն է եղել ամենադժվար կամ միջին դժվարությամբ հաղթահարելի պահը: Դրանք շատ հաճախ մարդուն դրական «ծառայություն» են մատուցում:

- Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: Հայի տեսակը` ըստ Ձեզ:

- Իսկ ինչո՞ւ ոչ հայ: Հայն այս մոլորակում լավագույնս իրեն դրսևորած ազգերից մեկն է և շարունակում է լինել այդպիսին: Բազմազգ այս մեր երկրագնդի վրա մեր ազգն արարելու, արևի տակ ջերմանալու իր իրավունքը նվաճել է: Կարծում եմ դեռևս շատ ասելիք ունենք և կասենք: Պիտի հպարտանանք, որ հայ ազգի ներկայացուցիչ ենք. ես ինքս հպարտանում եմ:

Մեր տեսակի մեջ կան նաև ծայրահեղություններ` բարձր և ցածր, սակայն միջին հաշվով մենք հետաքրքիր տեսակ ենք: Որևիցե միջին հայի եթե համեմատենք մեր հարևան ազգերի ներկայացուցիչների հետ, միանշանակորեն հայն ավելի զուսպ է, ավելի վեհանձն: Ավելի մեծ նվիրում, մարդկային բարձր որակներ ունի: Հայի ջերմությունը, քնքշությունն անփոխարինելի են: Իսկ եթե հայն այդպիսին չէ, նա ավելի քիչ է հայ: Հայի տեսակ է Նարեկացին` իր տիեզերական մեծության մեջ: Հիշենք մեր մեծերին` Արամ Խաչատրյան, Կոմիտաս, Մարտիրոս Սարյան, Պարույր Սևակ. ահա և հայի տեսակը:

- Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածն, ինչն այժմ կբարձրաձայնեիք:

- Այն, ինչ ասված չէ, երբեք էլ չի ասվի:

- Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային:

- Պարույր Սևակը լավագույն բնութագրումն է տվել` «Ինչպե՞ս մարդուն մարդ պահենք կամ մարդուն դարձնենք մարդ»: Սա է առեղծվածը: Ի՞նչ անել, որ մարդը չընկնի պատվանդանից, չդառնա բազմաթիվ դրդիչների, խթանիչների, հրահրիչների զոհը: Ոչինչ չշեղի նրան ճշմարիտ ուղուց, որովհետև իմ խորին համոզմամբ մարդ արարածը դեռևս չի հասել և շատ հեռու է կատարյալ լինելուց: Նա դեռ մաքառում- մագլցում է կատարելության դժվարին ճանապարհով:

- Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը:

- Մեր այս զրույցի ընթացքում որևէ անձնավորում չարեցինք: Եվ անձնավորված զավեշտալի փաստ ևս այս պահին հիշելու պատրաստ չեմ: Կարծես այն դուրս է մեր հարցազրույցի ձևաչափից: Չնայած` նման դեպքեր բոլորիս կյանքում էլ լինում են: Ավելի լայն առումով արդյոք զավեշտ չէ, որ մարդիկ պատերազմում են, մեկը մյուսի ունեցվածքի վրա աչք է դնում: Մարդ արարածը կարող է հոգևորը մի կողմ դնել, կամ ընդհանրապես չունենալ և տարվել ավելի նյութական, նյութեղեն երևույթներով:

- Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ:

-Չեմ կասկածում, որ յուրաքանչյուր մարդ իր մանկության հետ տուրևառ ունի: Անձամբ ես, իմ մանկությանն անդրադառնալով, անընդհատ հիշում եմ թախծոտ, տխուր, հատկապես ուշ աշնանային դիլիջանյան խոնավ ցուրտը, քամին` լռության մեջ, անտառի խշշյունը, խորը ձորերի, գետակների ֆշշյունը... Բարեբախտաբար մինչ օրս այդ զգացողությունը չեմ կորցրել և անընդհատ վերադառնում եմ մանկությանս այդ թախծոտ հուշերին:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ