«Ես քեզ սիրում եմ, կամուսնանամ, միայն թե` լիցքավորիր հեռախոսս» կամ` խարդախը` մեղայականով


 

Ակնհայտ է, որ զղջումն ու ապաշխարությունը բանական մարդուն բնորոշ հատկանիշներից են: Զղջալու և ապաշխարելու ունակ են այն մարդիկ, ովքեր խղճի խայթ զգալով իրենց արածներից, ամաչում են անցյալից և փորձում են դույզն-ինչ մեղմել նախկինում գործած իրենց մեղքերը: Զղջալու ու ապաշխարելու ձգտումը մեծ է նաև կալանավայրերում` դատապարտյալների մոտ:

Օրերս ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկությունում խարդախության համար դատապարտված և պատիժը կրող կալանավոր, 1976 թ. ծնված Արմեն Հակոբյանը դիմում-մեղայական է ներկայացրել 2011-2012 թթ. ընթացքում www.odnoklΖssniki.ru կայքով մի շարք խարդախություններ կատարելու վերաբերյալ:

Ըստ այդմ` Արմենը 2011 թվականին ծանոթացել է Երևան քաղաքի բնակչուհի ոմն Աննայի հետ, նամակագրություն վարել նրա հետ, սիրո և ամուսնության խոստումներ տվել, և խաբեությամբ իր բջջային հեռախոսահամարը վերջինիս կողմից լիցքավորել 38.000 դրամով:

Նույն ժամանակահատվածում Արմեն Հակոբյանը հիշյալ կայքի միջոցով ծանոթացել է նաև Երևանի քաղաքի բնակչուհի ոմն Լիկայի հետ, ում դարձյալ սիրո, հավատարմության և ամուսնության խոստումներ է տվել, իսկ այդ շռայլ խոստումներից «հալումաշ» եղած միամիտ աղջիկն իր «ասպետի» բջջային հեռախոսահամարը լիցքավորել է 80.000 դրամով:

Բայց սա դեռ ամենը չէ: Հակոբյանը համանման եղանակներով խաբել է Վանաձոր քաղաքի բնակչուհի ոմն Կարինեի, ով նրա հեռախոսը լիցքավորել է 30.000 դրամով, Երևան քաղաքի բնակչուհի ոմն Անուշի` նրա հաշվին էլ հեռախոսահամարը լիցքավորելով 40.000 դրամով, Երևան քաղաքի բնակչուհի ոմն Ելենին, որը Արմենի հեռախոսահամարը լիցքավորել է 40.000 դրամով, Վարդենիս քաղաքի բնակչուհի ոմն Արփինեի, որը հեռախոսը լիցքավորել է 60.000 դրամով և Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակչուհի ոմն Ռուզաննայի, որը «ապագա փեսացուի» հեռախոսը ընդամենը մի «մեսիջով» լիցքավորել է 90.000 դրամով:

Ներկայումս ոստիկանները միջոցառումներ են իրականացնում Արմեն Հակոբյանի մատնանշած տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: