Օրգովի ձորում գանգ է հայտնաբերվել


 

Վերջերս մի անսովոր դեպքի են ականատես դարձել աշտարակցի ոստիկանները. ապրիլի 14-ին Բյուրական գյուղի մի բնակիչ զանգահարել է ոստիկանության Աշտարակի բաժին և հայտնել, որ Օրգովի ձորում` Ամբերդ գետի ափին, մարդու գանգ է տեսել:

Նշված վայրը մեկնած օպերատիվ խումբը, որի կազմում էին նաև դատաբժիշկն ու փորձագետը, մարդու գանգ են հայտնաբերել:

«Ճակատագիրն իր շավղից դուրս է սայթաքել...»,- հավանաբար կբացականչեր շեքսպիրյան գերեզմանափոր-փիլիսոփան, և ձեռքը վերցնելով գանգն ու այն մանրակրկիտ ուսումնասիրելով` կփորձեր գուշակել, թե ում է պատկանում այն, ինչ առաքինություններ կամ թուլություններ է ունեցել կյանքում դրա տերը...

Համլետյան ժամանակներից տեղափոխվելով մեր օրերը` մի շատ կարճ մենախոսություն էլ մենք անենք` հետաքրքիր է, ու՞մ է պատկանում գանգը, ո՞վ է դրա «օրինական տերը», իսկ գուցե նախկինում կատարված մի ոճրագործությու՞ն էլ ելնի ջրի երես, պարզվի անհայտ կորածի ինքնությու՞ն...

Գուշակություններ անելը, ինչպես ասում են, անհեռանկար և անշնորհակալ զբաղմունք է, այնպես որ` սպասենք ոստիկանների հետաքննության արդյունքներին: