ՕԵԿ-Ն ԱՌԱՆՑ ԲԻՇԱՐՅԱՆԻ


 

Վերջին օրերին Արթուր Բաղդասարյանը կուսակցության քարոզարշավի է գնում առանց փոխնախագահ Հեղինե Բիշարյանի: Այս իրողությունը նկատել են շատերը, անգամ ընտրողները, ովքեր սկսել են հետաքրքրվել, թե ուր է անհետացել «մոլեգին» Բիշարյանը: Ոմանք ինչ-որ վարկածներ են շրջանառում: Ինչպես հաղորդեցին մեր իրազեկ աղբյուրները, Բաղդասարյանն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ տեսել է, որ տիկնոջ նկատմամբ բացասական վերաբերմունք է ձևավորվել ինչպես լրատվամիջոցներում, այնպես էլ հանրության շրջանում: Կուսակցությունում խոսում են այն մասին, որ տեղի է ունեցել սկզբունքային խոսակցություն, որի հետևանքով էլ այժմ Բիշարյանը հայտնվել է «խաղից դուրս վիճակում»: Նրա շատ կուսակիցներ սրանով չեն մխիթարվում և շատ են ուզում, որ առհասարակ Բիշարյանը չլինի համամասնականում, որովհետև նրա խարդավանքներն ու բացասական լիցքերը հեղինակազրկել են կուսակցությանը: Թե հետագայում ինչ քայլեր կձեռնարկի Արթուր Բաղդասարյանը, պարզ չէ, սակայն չի բացառվում, որ այս ամենն իր հետևանքները կունենա: