Ալերգիկ փողեր


 

Ալերգիկ` ամենաուղիղ իմաստով:

Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ են դրվել առողջությունը վտանգող մանրադրամներ. 5 և 10 պենսանոց մետաղադրամները մաշկի գրգռվածություն են հարուցում:

Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո այս երկրում մետաղադրամները հատում էին մելքիորից: Բայց անցյալ տարի խնայողության նպատակով սկսել են օգտագործել ավելի էժան արժեցող պողպատ` նիկելով պատված: Եվ 2012-ին արդեն շրջանառվում են դրանք, իսկ մաշկաբաններն ահազանգ են հնչեցնում: Բաց նամակով նրանք կառավարությանը կոչ են արել վերանայել նիկելապատ պենսեր թողարկելու որոշումը` հիմնավորելով դրանց վտանգավորությունը մարդկանց առողջության համար: Բրիտանացի մասնագետների անհանգստությունը հաստատել են և շվեդ գիտնականները: Ի դեպ` Շվեդիայում ևս պատրաստվում էին ավելի էժան նյութից փողեր թողարկել (գրել է ՎեստիFM-ը):

Ալերգահարույց լինելուց բացի, նոր 5 պենսանոցները նաև ավտոմատ սարքերը չեն «ճանաչում»: Դրանց արտաքին տեսքը չի փոխվել, բայց չափերով ավելի բարակ են և դրամական սարքերի միջոցով անկարելի է վճարումներ կատարել:

Դրամարտադրության մեջ հրաժարվելով պղնձից ու մելքիորից, Մեծ Բրիտանիայի դրամատունը ծրագրել է տարեկան խնայել 7-8 միլիոն ֆունտ: Բայց, ինչպես ասում են` խնայողը հաճախ կրկնակի է վճարում: Այս պարագայում` այդ խնայողությունը մարդկային առողջության հաշվին է` գումարած նորամուծությունն «ընկալող» ավտոմատ նոր սարքեր: Նախկինին վերադառնալու դեպքում ի չիք են դառնում նոր մետաղադրամները, որոնք հատելու համար արդեն իսկ ծախսեր են կատարվել: Նորերը շրջանառությունից չհանելով` առողջապահական և ավտոմատ նոր սարքեր տեղադրելու ծախսերն են ծանրանալու պետբյուջեի «ուսերին»: Դե, իսկ իրեն հարգող ամեն պետության համար իր քաղաքացու առողջությունը պետք է որ մելքիորից ավելի թանկ լինի: