Եկատերինա Պուտինան ամուսնանում է


 

Հետաքրքրասեր աչքերից ու ականջներից ոչինչ չես թաքցնի: Եթե նույնիսկ այդ աչք ու ականջին հասնող լուրերը գաղտնիք չեն, միևնույն է` նրանք գիտեն` ինչպես մեկնաբանել: Օրինակ, չեխական iHNed.cz-ն վերլուծության թեմա է դարձրել ՌԴ նախագահի դստեր ամուսնության փաստը:

- Ծանոթության օրից 13 տարի հետո նրա ամուսինը պետք է դառնա Յոն Ջոն-վոն` Կորեայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախկին ռազմական կցորդի (իսկ այսօր` պաշտոնաթող ադմիրալ) որդին: Նշանվածները ծանոթացել են 1999 թ. հուլիսին` մոսկովյան միջազգային դպրոցում: Հարսանիքը ծրագրված է մայիսի 7-ին, Մոսկվայում:

Կարելի է միայն գուշակել` ամենասկզբում ծնողները հիացմունքո՞վ են ընդունել այդ հարսանիքը, թե՞ կտրուկ դեմ են եղել: Բայց վստահ ենք, որ նրանք հաշվի են առել Ռուսաստանի և Կորեայի բարդ հարաբերությունները: Բավական է հիշել Ռուսաստանի և Ճապոնիայի պայմանագիրը (արդյունքում` չիրականացված)` Կորեայի տարանջատման մասին: Ճապոնիան որպես ավելի շահավետ ճանապարհ` ընտրեց պատերազմը, որը նա հաղթեց 1905 թ. և հետո 5 տարով բռնազավթեց ամբողջ Կորեան:

Հրապարակումը հիշեցնում է նաև 1945-1948 թթ. ԽՍՀՄ մասնակցությունը Կորեայի բաժանմանը և կորեական պատերազմում Չինաստանին աջակցելը:

Որտեղից ուր է հասնում լրագրողի խոսքի «նետը». ի՞նչ կապ ունի վերոնշյալ ամուսնությունը` ԽՍՀՄ դիրքորոշումների, ճապոնական պատերազմի և այլ շեղումների հետ: Բայց հեղինակը նաև ժամանակակից Ռուսաստանի և Կորեայի հարաբերություններից ու հետագա համատեղ ծրագրերից է խոսում: Եվ այնքան լուրջ տոնով, որ մոռանում է ամենակարևորը. եթե նույնիսկ հարսնացուն ՌԴ նախագահի դուստրն է, ապա փեսացուն Կորեայի առաջնորդը չէ. հայրն էլ` պաշտոնաթո˜ղ ադմիրալ է: Ասել է թե` ամուսնությունը միջպետական հաշվենկատություն դիտարկելը «քամի բռնելուն» հավասար պարապ զբաղմունք է:

Երևի Չեխիայում ևս ընթերցողը սենսացիաների սիրահար է: