ԷԼԻ ՋՈՒՐ ԵՆ ՊՂՏՈՐՈՒՄ


 

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որին հայաստանյան պատվիրակության կազմում մասնակցում են միայն Հերմինե Նաղդալյանն ու Զարուհի Փոստանջյանը: Պատվիրակության մյուս անդամներն այս օրերին զբաղված են նախընտրական քարոզչությամբ և գերադասել են իրենց ապագան: Կամ էլ մտածել են, որ իրենց առաքելությունն արդեն ավարտված է, այլևս իմաստ չունի մասնակցել մի վեհաժողովի, որի հայաստանյան պատվիրակությունն արդեն նոր խորհրդարանում այլ է լինելու:

Մեր պատվիրակներն իրենց չմեկնելը պատճառաբանել են, որ գարնանային նստաշրջանում Հայաստանին վերաբերող որևէ հարց չի քննարկվելու: Այսինքն, բացակայությունն արդարացված է: Սակայն Զարուհի Փոստանջյանը համոզված էր, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը վեհաժողովի բոլոր նստաշրջաններում մշտական թեմա են ադրբեջանական ու թուրքական, նաև այս երկրների լոբբինգով զբաղվող պատվիրակների համար:

ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, վեհաժողովի աշխատանքների բացման ասուլիսում, ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցի, անդրադարձել է այդպես էլ կենդանություն չստացող այսպես կոչված ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովի «ապագային», նշելով, թե ԵԽԽՎ բյուրոն այդ հարցով որևէ նոր որոշում չի կայացրել: «Ազերիպրես» գործակալության տեղեկացմամբ` Մինյոնը հայտնել է, որ ինքը ևս այդ առնչությամբ որևէ որոշում չի կայացրել, բայց մտադիր է հանդիպել ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ` սեփական նախաձեռնությամբ: Թե ինչ են խոսելու պատվիրակությունները` պարզ չէ, սակայն հաստատ է, որ հայաստանյան պատվիրակությունը երբեք չի համաձայնի ենթահանձնաժողովի ստեղծմանը: Ադրբեջանցիներն, իհարկե, շա˜տ են ուզում, որ ստեղծվի այդ ենթահանձնաժողովը, որպեսզի իրենք մի նոր ամբիոն ունենան, կարողանան հերթական անգամ խեղաթյուրել ու կեղծել փաստերը: Սակայն այստեղ ամենատարօրինակը Մինյոնի կեցվածքն է: Նա հայտարարել է, որ առաջիկայում հանդիպելու է Ֆրանսիայի ներկայացուցչի հետ` քննարկելու ղարաբաղյան կարգավորման հարցը: Մինյոնին ոչ ոք նման մանդատով չի օժտել, նրան չի լիազորել զբաղվելու ղարաբաղյան հարցով, բայց այս նոր նախագահը, հավանաբար կամենալով բարձրացնել իր դիրքն ու ազդեցությունը, գտել է «թույլ թեմա», որն էլ կարող է նրան դիվիդենտներ բերել:

Ստացվում է, որ ԵԽԽՎ-ում ոչ միայն ազերիներն են ջուր պղտորում` իրենց ձայնակցող թուրք եղբայրների հետ, այլ նաև ԵԽԽՎ նախագահը, ով իր համար քաղաքական «առևտրի» օբյեկտ է գտել: Հայտարարելով պատվիրակությունների երկխոսության մասին, Մինյոնը նաև ինքն իր համար մանևրելու լավ հնարավորություն է ստեղծել: Նա գիտի, որ Հայաստանում մայիսին խորհրդարանական ընտրություններ են. նշանակում է` այս պատվիրակությունը կարող է ստեղծվել միայն աշնանը, իսկ նոր պատվիրակությունն էլ Ստրասբուրգ կգա իր մոտեցումներով և ծրագրերով: Եվ այդ ժամանակ Մինյոնը կհայտարարի, որ հայաստանյան ընտրությունները, որոնք օբյեկտիվ պատճառ են, խանգարեցին երկխոսության կայացմանը:

Ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները երկխոսելու կարիքը չունեն, որովհետև Ղարաբաղի հարցը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, ԵԽԽՎ-ն լիազորված չէ որևէ որոշում կայացնել, հանդես գալ նախաձեռնությամբ...

Լ. Մ.