ԱՐԺԵ´ ՄՏԱԾԵԼ

Ոչ քրիստոնեական «շուք»


 

Ոչ քրիստոնեական ճարտարապետությունը գրավել է համաշխարհային շուկան և նվաճում է կյանքի բոլոր ոլորտները:

Ողջ աշխարհում և հատկապես եվրոպական երկրներում ոչ քրիստոնյաների ակտիվացումը թերևս ինքնահաստատման նպատակ և գերազանցապես քաղաքական դրդապատճառներ ունի: Բայց նրանք մի առավելություն ունեն:

Ամբողջ աշխարհում ոչ քրիստոնյա երկրների աշխարհագրական դիրքը (բնական հանածոներով հանդերձ), տնտեսական հզորությունը և քաղաքական իրավիճակը նրանց թույլ են տվել դառնալ համաշխարհային շուկայի առաջատար: Նրանք իրենց զարգացած արդյունաբերությամբ և գյուղմթերքների արտադրության տեսականիներով ու ծավալներով բավարարում են համաշխարհային շուկայի պահանջարկի գերակշիռ մասը: Շուկան գրավելու քաղաքականությունը` արտադրատեսակների գայթակղիչ գնային և որակային ցուցանիշները նպաստավոր նախապայմաններ են, որպեսզի գրեթե ամենուր պահանջարկ վայելեն նրանց արտադրանքները: Ու աշխարհի բոլոր պետությունների թվում բնականաբար և քրիստոնեական երկրները բացառություն չեն կազմում այդ հաղթարշավում: Առաջարկը հաղթում է պահանջարկին, և քրիստոնեությունը դավանող երկրներում լայն սպառման շատ ապրանքներ, կենցաղային իրեր և արտադրատեսակներ դառնում են կենցաղում գործածվող անհրաժեշտություն: Եվ չենք էլ նկատում, որ ցանկացած արտադրանք իր տեսակով, որակով, ձևավորմամբ, փաթեթավորմամբ, գեղագիտական տեսքով խիստ արտահայտում է արտադրողի հոգեկան աշխարհը և աշխարհայացքը: Ինչպես ասում են` ձեռագիրը մարդու հոգու հայելին է: Նմանապես մարդու կատարած աշխատանքը և արտադրանքը արտացոլում են նրա հոգեվիճակը: Եթե ոչ քրիստոնյա երկրներից ներկրված շինանյութերով քրիստոնյա երկրներում կառուցվում են տներ և հասարակական օբյեկտներ, ապա կամա թե ակամա շենքի ճարտարապետական ձևավորումը նմանվում է ոչ քրիստոնեական ճարտարապետական ոճին: Օրինակ` ցանկապատերի, մայթի սալիկների, մուտքի դարպասների և դռների ընտրությունը, ինչպես նաև բազրիքների, պատուհանների և պատշգամբների վանդակաճաղերի ձևավորումը:

Ավելին, երբ տները և հասարակական օբյեկտները կահավորվում են ոչ քրիստոնյա երկրների դիզայնով արտադրված կահույքով, երեսապատվում են նրանց սալիկներով` իրենց համապատասխան զարդանախշերով, պաստառներով, գորգերով, վարագույրներով ու զանազան ծածկոցներով, ինչպես նաև հագնվում են նրանց ոճով ձևավորված հագուստներով ու կոշիկներով, սնվում նրանց մթերքներով, ապա այս ամենը չի կարող չներգործել քրիստոնյաների հոգևոր վիճակի վրա:

Այդ ամենի համատարած օգտագործման բուն պատճառն, իհարկե, դրանց մատչելիությունն է: Եվրոպական, արևմտյան բարձրաճաշակ և անհամեմատ ավելի որակյալ արտադրատեսակների բարձր գներն ակամա վանում են սոցիալապես անապահով սպառողներին` սահմանափակելով սեփական ճաշակով առաջնորդվելու հնարավորությունը: Իհարկե` ապահով խավի ներկայացուցիչներն էլ հաճախ իներցիայով նախընտրում են շուկաները ողողած այդ տեսականին: Կոնկրետ մեր երկրի օրինակով` հայկական ոճը, ազգային նկարագրին հարիր ամենայն ինչ (շինարարականից մինչ կենցաղային իրեր, զարդանախշեր ու անգամ կերակրատեսակներ) գրեթե իսպառ մոռացվում են: Ոչ ոք չի կարող հերքել, որ կենցաղն է ձևավորում գիտակցությունը` ազդելով նաև կրոնական հայացքների, դավանաբանական ընկալումների վրա:

Ու այսքանից հետո զարմանում ենք, երբ մեր արվեստում այսպես կոչված ազդեցություններ ենք հայտնաբերում:

Ահավասիկ` ազգային կամ պետական արդյունաբերությունը վերականգնելու ևս մեկ հրամայական:

Մարգար ՄԱՐԳԱՐՅԱՆ

Շինարար, ինժեներ