ՄԵՆՔ ԴԵՌ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԵՆՔ


 

«Հայ դիվանագետների ապաշնորհության արդյունքում հայերը չկարողացան վերջին` վճռական հարվածը հասցնել և մեր հաղթանակները օրինականացնել»

Արցախյան գոյամարտի մասնակից, պահեստազորի փոխգնդապետ Արտուշ ԲԱԼՅԱՆԸ մարտնչել է կամավորական 5-րդ բրիգադում: Վերջերս նրա ձեռքն էր ընկել 1992թ. մայիսին Շուշիի տարածքի պարետ, ներկայումս Վրաստանում Ադրբեջանի զինվորական կցորդ, գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևի հարցազրույցն ադրբեջանական կայքերից մեկին: Խեղաթյուրելով իրականությունը, Օրուջևը փորձում է արդարանալ և ստվեր գցել հայկական մարտիկների սխրանքների վրա:

Ազատամարտիկի խոսքերով` այդ հարցազրույցը կարդալով մի լավ ծիծաղել է: Մեզ հետ զրույցում Արտուշ Բալյանը ներկայացրեց հետաքրքիր դրվագներ պատերազմական տարիներից, բացատրեց` ինչով էր պայմանավորված հայկական ուժերի հաղթանակը: Նա նաև դժգոհություն հայտնեց դիվանագետներից, որոնց, իր խոսքերով` ապաշնորհ աշխատանքի արդյունքում հայ մարտիկների հաղթանակները չօրինականացվեցին: Միաժամանակ ազատամարտիկը հավաստիացրեց, որ հավանական պատերազմի դեպքում «ադրբեջանցիները վառվելու են իրենց իսկ նավթի մեջ»:

- Վերջերս ադրբեջանական կայքերից մեկում մի զավեշտալի հարցազրույցով հանդես էր եկել գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևը: Ինչպե՞ս կմեկնաբանեք. արդյոք զավեշտ չի՞ առաջացնում ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականի նման կեցվածքը` հաշվի առնելով, որ հենց իր հրամանատարության տակ եղած զորքը մազապուրծ եղավ Շուշիից:

- Իրոք որ, բավական զավեշտալի հարցազրույց էր, կարդում էի ու ծիծաղում, որ կադրային զինվորականն այդ աստիճան պարզունակ է, անմիտ և վախկոտ: Օրուջևը պատմում է, որ 120 հոգով մտավ Շուշի: Նա նաև ընդգծում է, թե երբ ստանձնել է Շուշիի պարետի պարտականությունները` նրան հաղորդել են, որ այդտեղ կա 3500 մարդ: Բայց իրականում այդ թվերը ուռճացրած են եղել Շուշիում տեղակայված ջոկատների հրամանատարների կողմից, քանի որ այդ անձինք, սխալ ներկայացնելով անձնակազմի քանակը, ստանում էին համապատասխան սննդամթերք ու զինամթերք և թալանում էին սեփական երկիրը: Դա խոստովանում է հենց ինքը` Օրուջևը: Ժամանելով Շուշի և տեսնելով այնտեղ տիրող խայտառակ վիճակը, Օրուջևն անընդհատ զեկուցագրեր էր ուղարկում ղեկավարությանը և խուճապային տրամադրություն ստեղծում: Զավեշտալի է նաև հետևյալ փաստը. իմանալով, որ հայերը պատրաստվում են հարձակման, այս հակամարդը դիրքերում հերթապահող գումարտակները տեղափոխում է քաղաք: Այս քայլը մարդու ուղեղում չի տեղավորվում` մարտական առաջադրանք կատարող գումարտակն ինչպե՞ս կարող է լքել իր դիրքերը: Սա պարզաբանվում է միայն հրամանատարի անճարակությամբ և անուղեղությամբ: Այդ ջոկատները հիմնականում կռվում էին անպաշտպան գյուղերում, ինչպես «Կոլցո» օպերացիայի ժամանակ և Բերդաձորի ենթաշրջանում հաջողության էին հասել` թալանելով: Շուշիում էլ մտածում էին, թե եկել են հերթական թալանի:

- Օրուջևն արդարացնում է սեփական պարտությունը` նշելով, որ իր ենթակայության տակ 850 մարտիկ կար: Արդյո՞ք այսքան ուժերով հնարավոր չէր պաշտպանել այնպիսի բերդաքաղաք, ինչպիսին որ Շուշին է:

- Միանշանակ հնարավոր էր. 850 հոգով շատ հզոր պատնեշ կարելի էր ձևավորել: Եթե անգամ այդ մարդկանց 10 տոկոսն էլ զենքը ձեռքին կռվեր, անհնար կլիներ մտնել Շուշի: Ազատամարտի ընթացքում հայկական կողմում եղել են դեպքեր, երբ մեկ-երկու հոգին են հարց լուծել: Ադրբեջանական զորքերում չկար կարգապահություն, նույնը խոստովանում է և Օրուջևը:

- Օրուջևը նաև նշում է, որ Շուշիում հայկական կողմն ուներ 2500-3000 մարտիկ. այս թվերը ուռճացրա՞ծ են:

- Ո´չ, նա ճիշտ է նկատել, հայկական կողմը 2500 հոգի էր, բայց նրանցից միայն 1200-ն էր ազատագրմանը մասնակցում, մնացածը ապահովող ստորաբաժանումներն էին: Ասեմ նաև, որ Օրուջևը պնդում է, թե իր հմուտ ռազմավարության արդյունքում է, որ Շուշի-Լաչին տանող ճանապարհը պաշտպանված մնաց. իրականում այդ ճանապարհը մենք ենք բաց թողել, որ ադրբեջանական զորքը ռադը քաշի: Շուշիում հայերը Օրուջևին ամորձատեցին, տղամարդկությունը նրա ներսում արդեն մեռել է, թող վեր ընկնի իր տեղում, կախեթական գինի խմի, լափի Թիֆլիսի խինկալին ու հեքիաթները պատմի:

- Նա պատմել է, թե Թարթառի շրջանում Էջմիածնի գումարտակի 90 տոկոսը ոչնչացրել են: Նման բան եղե՞լ է:

- Այնտեղ մենք ցուցակով ընդամենը 1000 հոգի մարդ ենք ունեցել, նրանք 10 անգամ շատ էին` մոտ 10000 հոգի: Էջմիածնի գումարտակի հրամանատարի` Մանվել Գրիգորյանի անունը լսելիս անգամ այդ Օրուջևն ու նրա նմանները տակն էին լցնում, որովհետև այդ գումարտակը ոչ թե նահանջել է, այլ ադրբեջանական զինուժին մեծ կորուստներ պատճառել` պաշպանելով հայրենիքն ու ազատագրելով հայրենի հողերը:

- Իսկ ադրբեջանական կողմի տարածած այն տեղեկությունը, թե իբր Էջմիածնի գումարտակի հրամանատարը սպիտակ դրոշով ընդառաջ է գնացել իրենց, իրականությանը համապատասխանո՞ւմ է:

- Ո´չ: Դա Օրուջևի վարդագույն երազն է, որը հավանաբար հաշիշախառն նարգիլե քաշելուց հետո աչքին է երևացել: Ինչպե՞ս կարող էր հակառակորդը սպիտակ դրոշ տեսնել, երբ ազատագրած տարածքների գլխին Հայկական Եռագույնը տեսավ: Ես հարյուր տոկոս համոզվածությամբ ասում եմ, որ այս պատերազմի ընթացքում հայկական կողմից ընդհանրապես սպիտակ դրոշ բարձրացնելու դեպք չի եղել: Անգամ շրջափակման մեջ գտնվելիս հայ մարտիկները գերադասել են արժանապատիվ մահ, քան թշնամու ողորմածությունը:

- Ներկայումս մենք հայտնվել ենք անելանելի իրավիճակում. մի կողմից մեր հարևանը լողում է նավթադոլարների մեջ և տառապելով պարտվածի բարդույթով սպառնում է պատերազմով: Մյուս կողմից` նա անընդհատ լարված է պահում իրավիճակը. խախտում է հրադադարի ռեժիմը, սակայն փաստացի պատերազմ չի հայտարարում: Ինչպե՞ս վարվի հայկական կողմը, ինչպե՞ս լռեցնել թշնամուն:

- Ախր դա ազատամարտին մասնակցած հազարավոր տղերքի ցավն է: Մենք կռվեցինք, չեղած տեղը հաղթանակ կռեցինք` ազատագրելով Արցախի շրջակայքն ու ամբողջ Արցախը ու գործը տվեցինք դիվանագետներին: Բայց նրանք չկարողացան. այն ժամանակվա մեր քաղաքական ղեկավարությունը լավ չաշխատեց: Այն ժամանակ թշնամին չոքել էր, պետք էր կոնկրետ պայմանագիր կնքել, բայց ընդամենը կնքվեց զինադադար, որը ծամոնի նման ծամծմվում է, չարչրկվում է հարցը, բայց լուծումը չի երևում: Ցավոք այն ժամանակ հայ դիվանագետների ապաշնորհության արդյունքում հայերը չկարողացան վերջին` վճռական հարվածը հասցնել և մեր հաղթանակները օրինականացնել, դրա համար էլ այժմ ադրբեջանական կողմն այսպես հոխորտում է:

- Օրուջևն, ինչպես և այլ ադրբեջանցի զինվորականներ ասում են, թե այժմ սպասում են Ալիևի հրամանին` հակագրոհի անցնելու: Արդյոք նրանք կդիմե՞ն այդ քայլին:

- Հիմա նրանք այդ նավթադոլարները չեն ուզենա հարվածի տակ դնել, իսկ եթե փորձեն` վառվելու են իրենց իսկ նավթի մեջ, դե թող փորձեն ու կտեսնեն:

- Միգուցե այդ դեպքում նույն ձևով մազապուրծ լինեն կռվի դաշտից, ինչպես որ Արցախի ազատագրված տարածքներից էին փախչում, բայց այս անգամ` Բաքվից:

- Ճիշտ է` այժմ 1992-94 թթ. չեն, հիմա դրանց կստիպեն գրոհել, բայց ինչքան շատ բերեն, այնքան ավելի շատ կկոտորվեն: Սպասում ենք, որ գան, մենք դեռ անելիք ունենք: Ես մեծ հաճույքով Բաքու կգնայի ու կլողանայի Կասպից ծովում (ծիծաղում է _ հեղ.):

Արմեն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ