Ար­ժա­նա­հա­վատ, օ­րի­նա­կան, ար­դա­րա­ցի...


 

Օրեր առաջ մեկնարկեց 2012-ի առաջին` գարնանային զորկոչը: ՀՀ ԶՈւ հերթական համալրման գործընթացն այս անգամ ևս ոլորտի ղեկավարության ուշադրության կիզակետում է: Պաշտպանության նախարարի հրամանով ձևավորվել է զորակոչը վերահսկող հանձնաժողով: Արդեն 6-րդ զորակոչը վերահսկող այս մարմինը յուրահատուկ օղակ է զորակոչային մարմինների և քաղաքացիների միջև, ովքեր իրենց մտահոգությունների ու արդարացի պահանջների մասին բարձրաձայնելու հնարավորություն ունեն: Հանձնաժողովի առջև դրված խնդիրների, որդեգրած սկզբունքների և այլ հարցերի շուրջ է զրույցը ՀՀ Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի և զորակոչը վերահսկող հանձաժողովի նախագահ Գեղամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

-Հանձնաժողովը գործել է նաև նախորդ 5 զորակոչերի ընթացքում: Եթե ամբողջացնենք տպավորությունները, որո՞նք են առավել հաճախ հանդիպող խնդիրները:

- Այս ընթացքում ստացել ենք 212 դիմումներ և բողոքներ, որոնք վերլուծվել-քննարկվել են հանձնաժողովի կողմից, և բոլորի վերաբերյալ համապատասխան ընթացք է ապահովվել: Մի մասը պարզաբանվել է, մյուսների վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել: Ընդհանուր առմամբ 60 տոկոսով բավարարվել են դիմումներն ու բողոքները: Վերջին զորակոչի ընթացքում մեր ստացած դիմումներն ամենաշատն էին` 52-ը: 41-ը վերաբերում էր առողջական խնդիրների, որոնք էլ մեր հանձնաժողովի աշխատանքների ծանրության կենտրոնը կարելի է համարել: Սա շատ բարդ ու պատասխանատու խնդիր է. պետք է լինել սկզբունքային, ուշադիր, հետևողական` նույնիսկ պահանջվածից շատ, որովհետև ոչ առողջ զինվոր մեր բանակին պետք չէ: Նախորդ զորակոչի ընթացքում հանձնաժողովին դիմած 19 զորակոչիկներ ճանաչվել են ծառայությանը ոչ պիտանի և տարբեր ժամկետներով տարկետում են ստացել: Նրանցից 16-ի նկատմամբ մեր միջամտությունից հետո փոխվել է զորակոչվելու որոշումը: Սա իհարկե մենք չենք կարող գրանցել միայն հանձնաժողովի ակտիվում, քանի որ այն որոշում կայացնող մարմին չէ: Սա համատեղ աշխատանքի արդյունք է: Այդ առումով խրախուսելի և գովելի է զորակոչային մարմինների, մասնավորապես` ԿԲՀ-ի վերաբերմունքը, որը նպատակամղված է օբյեկտիվ որոշումներ կայացնելու: Ամեն դեպքում հնարավոր են թերացումներ, սակայն ամենակարևորը դրանք շտկելու պատրաստակամությունն է:

- Հաճախակի՞ են այն դեպքերը, երբ միայն զորակոչային տարիքում են հայտնաբերվում առողջական խնդիրները:

- Այո, կան այդպիսի դեպքեր, ինչը ցավալի է: Եվ այստեղ ամենևին էլ միայն բանակ զորակոչվել-չզորակոչվելու խնդիրը չէ, այլ կարևորվում է պատանու, երիտասարդի առողջությունը: Ծնողները պետք է չափազանց ուշադիր և հոգատար լինեն այս հարցում, հետևեն ֆիզիկական զարգացմանը, առողջական խնդիրներին: Շատ հաճախ ծնողների կողմից օգտագործվում է հետևյալ փաստարկը. տարկետման ընթացքում երեխան բուժում չի ստացել, ինչպե՞ս եղավ, որ արդեն պիտանի է ծառայության: Նախքան այդ հարցին հասնելը, ծնողը պիտի հետամուտ լինի, որպեսզի պետության կողմից տրվող անվճար բուժում ստանալու հնարավորությունն անպայման իրականացվի: Չօգտվել ընձեռված հնարավորութկունից միայն նրա համար, որ հետագայում պատճառաբանեն` թե երեխան բուժում չի ստացել` ի սկզբանե մերժելի և սխալ մոտեցում է:

- Տպավորությունն այնպիսին է, որ վերջին տարիներին մեծացել է հատկապես նյարդային խնդիրներ ունեցող պատանների թիվը:

- Մեր աշխատանքների ընթացքում ավելի շատ առնչվել ենք սրտի և տեսողության հետ կապված խնդիրներին: Հանձնաժողովում ստացված դիմումների ծավալն ու քանակը թույլ չեն տալիս ավելի լայն և հիմնավոր եզրակացություններ անել:

- Չհիմնավորված դիմումներ հաճա՞խ են ստացվում:

- «Չհիմնավորված դիմում» արտահայտությունը ես չեմ ընդունում: Եթե քաղաքացին դիմում է` նա համոզված է, որ ճիշտ է: Սա մի այլ հարթություն է, և կարծում եմ` այդ արտահայտությունն ի սկզբանե անջրպետ է առաջացնում: Քաղաքացին ունի դիմելու, բողոքելու իրավունք և օգտվում է դրանից: Իսկ դիմումն ընդունող մարմնի իրավասությունն է քննարկել և որոշել դրա հիմնավորվածության կամ բավարարման ենթակա լինելու աստիճանը: Իհարկե, եղել են դիմումներ, որոնց ընթացքը սահմանափակվել է` միայն դրանց վերաբերյալ քաղաքացիներին պարզաբանումներ տալով: Եղել են դեպքեր, երբ հանձնաժողովը գտել է, որ զորակոչային մարմինների գործողություններն իրավաչափ են և լրացուցիչ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա: Սակայն այն դեպքերում, երբ դիմումները, խնդրանքները կամ բողոքներն իրենց հիմքում լուրջ նախադրյալներ ունեն, բնականաբար, հանդես ենք գալիս համապատասխան քայլերով` միջնորդություններով և հետևում ենք դրանց լուծման ընթացքին:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ