«Ընդամենը» 70 միլիոն դրամ


 

Մի հաղորդագրություն իր վրա սևեռեց մեր ուշադրությունը.

- Հայաստանի Վերահսկիչ պալատը հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի նկատմամբ վերահսկողության արդյունքները: Ընդգրկել է 2009թ. հունվարի 1-ից մինչև 2011թ. վերջն ընկած ժամանակահատվածը: Ստուգվել են «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի առաջին և երկրորդ փուլերը, «Թռչնագրիպին հակազդելու» ծրագրերը: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, հատկապես` առողջապահական հաստատությունների շինարարական ու վերանորոգման աշխատանքներում: Հայտնաբերվել են հավելագրումներ, անարդյունավետ ծախսեր, աշխատանքների չհիմնավորված թանկացումներ, պայմանագրային և նախագծային գների անհիմն շեղումներ և այլն: Խախտումների ընդհանուր ծավալը գերազանցում է 70 մլն դրամը: Նշենք, որ թռչնագրիպի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանը Համաշխարհային բանկից 2006թ. 4.4 մլն դոլարի վարկ է ստացել:

Իհարկե, նման խախտումների դեպքում ցանկացած երկրում անմիջապես պաշտոնանկ են անում առողջապահության նախարարին, սակայն մեզ մոտ, որքան գիտենք, պատրաստվում են Հարություն Քուշկյանին վերանշանակել իր այժմ զբաղեցրած պաշտոնում: Այսինքն, հերթական անգամ նրան խրախուսելու են` պահպանելով կառավարության կազմում: Այս հաղորդագրության մեջ մեզ առավելապես հետաքրքրեց «թռչնագրիպին հակազդելուն» ուղղված դրույթը, որի համար հատկացվել է 4,4 միլիոն դոլար: Հետաքրքիր է, թե այդ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել, ի՞նչ է արվել, ինչպես են ծախսվել միջոցները: Հայաստանում թռչնագրիպի վտանգ չկար, չկային բռնկման օջախներ: Իսկ սա նշանակում է, որ չէին կարող լինել այնպիսի ծախսեր, որոնք համահունչ լինեին տրված գումարին: Մենք պարզեցինք, որ մի շարք գյուղացիական տնտեսություններ ստացել են շիճուկներ, իսկ թռչնաֆաբրիկաները հիմնականում ինքնուրույնաբար են լուծել հակազդման խնդիրները: Այդ դեպքում, ինչո՞ւ հրապարակայնություն չի հաղորդվում այն միջոցառումներին, որոնք իբրև թե իրականացվել են և ինչո՞ւ չի նշվում ծախսերը… Գուցե դա որևէ մեկին ձեռնտու չէ: Չէ՞ որ միջազգային շատ վարկեր են փոշիանում, էլ ո˜ւր մնաց, թե ֆինանսական աջակցությունը գոյություն չունեցող թռչնագրիպի համար չփոշիացվեր…

Լ.Մ.