ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ


 

Արդեն մի քանի օր է Գյումրի ուղևորվող միկրոավտոբուսների համար նոր կայանատեղի է ստեղծվել` մայրաքաղաքի Սևանի փողոցի մի հատվածում: Այսինքն, Կիլիկիա կենտրոնական ավտոկայարանից Գյումրի մեկնող միկրոավտոբուսները հանվել են:

Երբ «Այրարատ» կինոթատրոնի տարածքից ուղևորափոխադրումն առավել արդյունավետ և քաղաքակիրթ ձևով կազմակերպելու համար ամեն ինչ կենտրոնացվեց Կենտրոնական ավտոկայարանում, շատերս ուրախացանք, որ վերջապես Տրանսպորտի և կապի նախարարությունը սկսել է մտահոգվել ուղևորներով, հարգել մարդուն ու նրա արժանապատվությունը: Պարզվեց, որ այդ նախաձեռնության հեղինակը ոչ թե նախարարությունն էր, այլ` Երևանի քաղաքապետարանը: Հիմա նախարարությունը նորամուծությամբ է հանդես եկել` իր այդ քայլը բացատրելով իբրև թե հօգուտ ուղևորների. Սևանի փողոցը մոտ է մետրոյի կայարանին, մարդիկ կարող են հեշտությամբ հասնել այստեղ: Սակայն ուղևորափոխադրումներ կազմակերպելու համար տարրական պայմաններից զուրկ այս տարածքի ընտրությունը հուշում է, որ Մանուկ Վարդանյանի գլխավորած գերատեսչությունը բնավ էլ մտահոգված չէ ուղևորներով, որ այս նախարարության համար շատ վաղուց գոյություն չունի մարդը: Այստեղ զբաղված են իրենց նեղլիկ հաշվարկներով մանրախնդիր վրեժխնդրությամբ:

«Տրանս ակնթարթ» ՍՊԸ-ն, որն իրականացնում է Երևան-Գյումրի-Երևան ուղևորափոխադրումը, պատկանում է ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի ընտանիքին, ուրեմն այստեղ պետք է տեսնել նաև ինչ-որ քաղաքական շահեր և շահատակություններ: Ավելին, այս ձևով փորձ է արվում «Տրանս ակնթարթը» դուրս մղել մրցակցային դաշտից, գուցեև նրա փոխարեն մեկ այլ ընկերության տրամադրել արտոնագիր: Միայն այսպես կարելի է բացատրել ստեղծված կացությունը, քանի որ առաջարկվող տարածքում բացակայում են այն բոլոր գործոնները, որոնք անհրաժեշտ են ուղևորափոխադրումների համար: Այստեղ չկան կառամատույցներ, չկան բժշկական կետեր, մեքենաների տեխնիկական սպասարկման համար չեն ստեղծվել պարտադիր պայմաններ, ուղևորներն էլ հայտնվել են բաց երկնքի տակ, չկան սպասասրահներ, գոնե նստարաններ: Գուցե իսկապես ժամանա՞կն է, որպեսզի կառավարությունը սկսի հետաքրքրվել այս նախարարության գործունեությամբ և հասկացնի, որ մարդն է մեծագույն արժեքը, որ ամեն ինչ պետք է արվի հանուն նրա:

Լ.Մ.