ՎԵՐՋԱՊԵ´Ս


 

Բենզինի գինը Հայաստանում հետցատկ կատարեց: Ու, հակառակ կանխատեսումներին, թե վառելիքի շուկայում գնաճը շարունակական է լինելու, Երևանի լցակայաններում բենզինի լիտրը 10 դրամով էժանացավ: Արձանագրենք, որ այս շուկան արդեն մի քանի անգամ գնաճային ճնշմանը ենթարկվելուց հետո, այս տարի առաջին անգամ է նահանջ արձանագրում: Թեև միջազգային գների անկումը շատ ավելի վաղուց է սկսվել:

Ավանդույթ դարձող օրինաչափությամբ` ներկրող հայտնի ընկերությունները նույնպես նվազեցրին գները` դարձյալ տպավորություն ստեղծելով, թե հին խմբաքանակը բոլորի մոտ հենց նույն պահին սպառվեց: Դատելով արտարժույթի շուկայում տեղի ունեցող ցնցումներից` վառելիքի գինը, դոլարի կուրսին համընթաց, պետք է որ աճեր: Համենայն դեպս, մինչև հիմա ներկրողները թանկացումը դոլարի կուրսով էին պայմանավորում:

Այս անգամ սակայն գնանկման ավելի քան անհեթեթ պատճառաբանություն է ընտրվել: Նշվում է, որ վերջին շաբաթներին մեր հանրապետություն սովորականից ավելի մեծ քանակությամբ բենզին է ներկրվել, ու ավելցուկն է 10 դրամանոց նահանջի պատճառ դարձել: Ավելի հավանական է, որ նորերս գնված ու ներկրված խմբաքանակը փոքր-ինչ մատչելի գնով է վաճառվում ոչ թե ավելուցկի, այլ էժան գնված լինելու արդյունքում: Բնականաբար ողջունելի է գնանկումը: Ավելին, մինչ այս գների ուռճացումն է եղել չպատճառաբանված: Ներկրողները երբևէ կխոստովանե՞ն դա: