Հոգևոր երգի մաշտոցյան ակունքները


1. Համերգաշարի խորհուրդը Կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի կողմից ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 1997-ին հիմնադրված Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի առաքելությունը մոռացության մատնվող մեր հնամենի գանձերի հավաքագրումն, ուսումնասիրումն ու մասսայականացումն է: Հայ հոգևոր երաժշտարվեստի ակունքների հմայքի ըստ արժանվույն վերականգնմանն ու գիտականորեն գնահատմանը միտված իրենց ազգանպաստ գործունեությամբ կենտրոնի աշխատակիցները հետևողականորեն հարստացնում են սեփական ձայնադարանն ու գրադարանը: Համագործակցելով բանիմաց երաժիշտ-միջնա դարագետների հետ` հետազոտական-համադրական աշխատանքներ են կատարում` համակարգված ներկայացնելով ուսումնասիրությունների արդյունքները «Մանրուսում» եռալեզու միջազգային երաժշտագիտական բացառիկ տարեգրքում (կազմող` դոկտոր Ա. Արևշատյան): Նոտային գրականության հրապարակումներից առանձնանում են հակապես հայ հոգևոր մոնոդիաների մշակումներն ընդգրկող «Երգեհոնային գրքույկը» (կազմողներ` Դանիել Երաժիշտ, Վ. Ստամբոլցյան) և հայկական նոտագրությունից եվրոպականի փոխադրված «Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Ճաշու շարականները» (կազմող` Ա. Պապայան, խմբագիր` Ա. Մուշեղյան): Կենտրոնի հայրենասիրական նվիրումը, սակայն, նեղ մասնագիտական ոլորտից դուրս չէր տարածվի, եթե չստեղծվեր մենակատարների արական համույթը (խմբավար` Դանիել Երաժիշտ, գեղ. ղեկավար` Մհեր Նավոյան), որի համերգային ելույթների շնորհիվ է առավելագույնս հնարավոր դառնում հոգևոր երաժշտական գոհարների լայնամասշտաբ պրոպագանդումը: Արագածոտնի թեմի վանական և եկեղեցական համալիրներում հուլիսի 20-28-ը 10-ամյա հոբելյանի առիթով անցկացվող համերգաշարն էր, որ հավուր պատշաճին արժեքավորեց հայապահպան մշակութային կարևորագույն օջախներից մեկի դերն ու նշանակությունը: 2. Հոգևոր լույսի շողարձակումն Օշականում Ի սկզբանե էր Բանը… Եվ Ամենայն Հայոց Ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա կառուցված հինավուրց (1875) եկեղեցում հոբելյանական համերգաշարի մեկնարկում, ակամա, խորին խորհուրդ ես փնտրում: Հոգևոր երաժշտությունը եկեղեցական ծիսակատարությունից անհնար է տարանջատել. մեր կրոնական հավատը ավելի քան 1700 տարի ինքնահատուկ երգեցիկ խոսքով են ջանադրաբար ամրապնդել եկեղեցու ազնիվ սպասավորները: Երաժշտականացված, խնկահոտ քարոզն Աստծո խոսքի, կտրելով հոգևոր լույսի շողարձակման կարոտով մեկտեղված հավատացյալներին աշխարհիկ հոգսերի մտատանջություններից: Հույս, հավատ ու սեր ներշնչելով, վեհացնելով ու մաքրագործելով, խրատելով ու ամոքելով… Եվ հնչեցրեց Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի արական համույթը մեր առաքելական եկեղեցու պաշտելի սրբերից մեկի` Մեսրոպ Մաշտոցի «Ապաշխարության շարականները» համանուն եկեղեցու գավթում` կատարումից կատարում ամբողջացնելով իր ելույթը որպես միասնական հիշատակման աղոթք և ձոն` մեր առաջին ուսուցչի անունն ու գործը հավերժացնող: Հոգևոր երգի կախարդանքով վերակենդանացան, ասես, անցյալ դարի 60-ականներին Հենրիկ Մամյանի և Հովհաննես Մինասյանի արած որմնանկարները` քաղված հայոց պատմության էջերից` գրերի գյուտը, Վարդանանց պատերազմը դրվագող, փափկասուն հայոց կանանց խնամքով կրկին պտղաբերող նռնենին (12 նուռ-12 առաքյալ)` Հայոց տոհմածառի հանրահայտ խորհրդանիշը: Հոգեզմայլ պաթոսով եկեղեցու գավթում զրնգում են նաև հոգևոր խմբերգերի կոմիտասյան մշակումները Ս. Գեղարդ վանքի կանանց երգչախմբի կատարմամբ` վերաիմաստավորելով Սուրբ խորանի վերին կիսաշրջանում քանդակված հայատառ առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Մի շունչ, մի հոգի դարձած ունկնդիրներին թվում է, թե գոհունակության ժպիտ է հայտնվում Ս. խորանի ձախից իրենց անքթիթ նայող Պատմահայր Խորենացու դեմքին: Աջակողմյան պատից, ականջալուր գավթում անցկացվող արտասովոր պատարագին, Աստծո հրեշտակը վերստին ավետում է` սա Աստծո° տունն է… Ժամանակա կից կոմպոզիտորներ Եր. Երկանյանի, Վ. Սարգսյանի և Ստ. Բաբաթորոսյանի մշակումներով է°լ ավելի է թանձրանում հոգևոր լույսով ճառագող մթնոլորտը` այլևս անզոր սանձելու երաժշտության հորդումը դեպի արևազօծ աշխարհ, փարվելու խաչքարերի ժողովրդական վարպետ Ռուբեն Նալբանդյանի և նրա երկու եղբայրների` Արմենի ու Յուրայի քանդակազարդ, առանձնահատուկ շնչավորված 36 տառերին` հայոց մեսրոպաշունչ այբուբենի զինվորներին, իր իսկ ցանկությամբ Մաշտոցից 40 արմունկ հեռավորությամբ հանգչող Վահան Ամատունու դամբարանին, Լևոն Թոքմաջյանի քանդակած (1998) Մաշտոցի ծավալուն արձանին… Եկեղեցին շրջապատող բոլոր շինություններին: Հոգևոր համերգին հաղորդակցվածներիս համար եզրափակիչ իմաստությամբ լուսավորվեց Ս. Մեսրոպ Մաշտոցի բակում Գարեգին Ա կաթողիկոսի կողմից կանգնեցված (1995) սյան գրությունը. «Խոնարհվիր հայ գրքի առաջ, որպեսզի բարձրանաս հայ գրքով: Աշակերտիր հայ գրքին, որպեսզի աշակերտես զավակներդ հայ գրքով»: Այս խրատը անվերապահորեն կարելի է տարածել հայ հոգևոր երաժշտության ճանաչողության վրա: Լիահույս, որ Արագածոտնի թեմի 11 գործող եկեղեցիներից յոթում շարունակաբար հնչեցվող համերգային ծրագրով կարելի կլինի, հինավուրց երաժշտական գանձանակի գոհարները սփռելով մարզի ողջ տարածքով, ջերմացնել առտնին հոգսերից կարծրացած մարդկանց սրտերը, գոտեպնդել Բարու հաղթանակի կենսահաստատ հավատով: Ափսոս, առաջին ուժգին ակորդները նախապես հարկավոր չափով կարևորված չէին թեմի առաջնորդ հայր Թորգոմ Տոնիկյանի կողմից. նրա հոտի գառները, բացառությամբ 2003-ից կանոնավոր գործող հոգևոր և երաժշտական դպրոցների մի խումբ սաների, անիրազեկ ու անհաղորդ էին ամառային տապը մեղմող իրադարձային այս միջոցառմանը: Առաջին հերթին, մայրաքաղաքից դուրս գտնվող, մշակութային եռուզեռից կտրված բնակավայրերում պետք է հող նախապատրաստել նախատեսվող միջոցառումների ենթադրյալ հոգեզարթոնքն ապահովելու համար: Նախապես: Այդպիսով, վստահ եմ, անհամեմատ դյուրին կլինի ՀՀ Մշակույթի նախարարության հետապնդած նպատակի հետևողական, արդյունավետ իրագործումը` հագեցնել մարզերի կյանքը մշակութային ապրեցնող իմպուլսներով: