ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերով` գեներալ-մայոր Արտուշ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ազատվել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնից, գեներալ-մայոր Կամո ՔՈՉՈՒՆՑԸ նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսար` ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով, գնդապետ Արտակ ԴԱՎԹՅԱՆԸ նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով, գեներալ-լեյտենանտ Ստեփան ՄԻՐԶՈՅԱՆՆ ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից, գեներալ-մայոր Գարեգին ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ` ազատվելով ՀՀ պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, գնդապետ Պողոս ՊՈՂՈՍՅԱՆԸ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ ՄԱԿԱՐՅԱՆԸ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով, գեներալ-մայոր Վալերի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար` ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով * * * ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությանը` Իվ Առնոլդի գլխավորությամբ` վերջինիս` Հայաստանում պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ: Հանդիպման սկզբում կողմերը ստորագրեցին ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2007թ. համագործակցության ծրագիր, որը մասնավորապես նախատեսում է. հնգօրյա դասընթացներ ՀՀ ԶՈՒ սպաների համար, ՀՀ ԶՈՒ սպաների մասնակցությունը «Սենեժ» 45-րդ և 47-րդ դասընթացներին, ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների թիմի մասնակցությունը «Գեներալ Սկոբելև» 8-րդ մրցաշարին, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի տարրերի ներկայացում ՀՀ ԶՈՒ զորավարժությունների ընթացքում, միջազգային մարդասիրական իրավունքին վերաբերող ուսումնական նյութերի պատրաստում և հրապարակում, պարբերաբար հանդիպումներ ՀՀ ՊՆ և Միջազգային մարդասիրական իրավունքի աշխատանքային խմբերի հետ: Հանդիպման ավարտին Մ.Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Իվ Առնոլդին` արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթեց հետագա առաքելություններում: Իվ Առնոլդը նախարարին ներկայացրեց հայաստանյան վերոնշյալ պատվիրակության նորանշանակ ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսին: Նախարարն իր հերթին հույս հայտնեց, որ նոր ղեկավարի պաշտոնավարման ընթացքում ևս կշարունակվեն այն ավանդույթները, որոնք ձեռք են բերվել նախկինում և էլ ավելի կընդլայնվի երկուստեք համագործակցությունը: Մ.Հարությունյանը հաջողություն մաղթեց Ջ.Ռեյնոլդսին` Հայաստանում առաքելություն իրականացնելու գործում: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի նորանշանակ ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Պերինայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում Մ.Հարությունյանը շնորհավորեց նորանշանակ ժամանակավոր հավատարմատարին` հույս հայտնելով, որ երկուստեք համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում և հաջողություն մաղթեց նրան` Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելու գործում: Իր հերթին Ռ.Պերինան կարևորեց ԱՄՆ մշտական դեսպանի ներկայությունը Հայաստանում, ինչը բխում է ԱՄՆ-ի և Հայաստանի շահերից` իր խնդիրը համարելով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նպաստելը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին, հատկապես` ռազմական համագործակցության ոլորտում, ԱՄՆ-ի օգնությանը Հայաստանին, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Քննարկվեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին մեր երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: ԳՆԴԱՊԵՏ Ս. ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ ՀՀ Պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ պաշտոնական հարցազրույցը րոպեների ընթացքում փոխվում է ջերմ, անկեղծ, մտերմիկ զրույցի, քանի որ փոխնախարարը անմիջական է, զգայուն, անպաճույճ ու պարզ: Ուժեղ, հավասարակշիռ, հաստատակամ խառնվածքը ակնհայտ է դառնում առաջին շփումից: Բանակաշինության ակունքներում կանգնած ու փառահեղ մարտական ուղի անցած գեներալը, պարզվում է, հոգու խորքում երազող է, մեծ սիրո, մարդկային գեղեցիկ փոխհարաբերությունների ջատագով: Նա շատ է ընթերցում, սիրում է կարդալ հզոր անհատների, մեծ ապրումների ու արարումների մասին: