Իսկ մենք ումի՞ց ենք պակաս


Հայաստանի քաղաքական երկնակամարում այս օրերին «մթնոլորտային տեղումները» չափավոր են. դաշտում ընդհանուր առմամբ անդորր է տիրում: Սակայն ակնհայտ է, որ ՀՀ նախագահի ընտրություններին նախապատրաստվում են քաղաքական բոլոր ուժերը: Բացառություն չէ նաև կոմունիստների կուսակցությունը, որն, ի դեպ, խորհրդային կարգերի գահավիժումից ստացած «կոնտուզիայից» տրոհվեց: Ամբիցիաներն, այնուամենայնիվ, իրենց սև գործն արեցին, ինչի արդյունքում Հայաստանի կոմկուսն անդամահատվեց: ՀՀԿ-ից (Ռուբեն Թովմասյան) հեռացած Յուրի Մանուկյանի (ՀԱՄԿ) և Վազգեն Սաֆարյանի (ՀԱՄԿԿ) թիմերի միջև փոխհարաբերություններն, ի տարբերություն ՀԿԿ-ի, բավականին ջերմ են: Անվիճելի է, որ Նախագահի աթոռը քաղաքական շատ գործիչների բաղձանքն է, այդ թվում և` կոմունիստների: Ուստի կոմկուսի երեք թևերը միավորելու և միասնական թեկնածուով Նախագահի ընտրություններին մասնակցելու «փայլուն» գաղափարը Հայաստանի միավորված կոմկուսի Կենտկոմի քարտուղար Յուրի Մանուկյանին հարկադրեց ձերբազատվել ինտելեկտը մթագնող ամբիցիաներից և բաց նամակով դիմել գաղափարակից ընկերներ` ՀԿԿ-ին և ՀԱՄԿԿ-ին` որևէ չեզոք վայրում (հուսանք, որ այն Տեցի կռուգը չի լինի) հանդիպելու և իր առաջարկը քննարկելու: - Տեսեք, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Գերմանիայում Նախագահի ընտրություններին մասնակցում են նաև սոցիալիստները, մենք ումի՞ց ենք պակաս, Հայաստանը ինչո՞ւ դուրս մնա համամարդկային գաղափարախոսության տեր լինելուց: Մենք պարտավոր ենք մեր ներկայացուցչին տեսնել Նախագահի թեկնածու: Հարկավոր է միավորվել, որպեսզի մեր էլեկտորատը կողմնորոշվի: Յուրի Մանուկյանը համոզված է, որ միավորումը կապահովի 300-400 հազար ձայն: Թեև վետերան կոմունիստը մեր երկիրը համարում է կայացած, դասական նմուշի պետություն, այնուամենայնիվ, կցանկանար, որ «Հայաստանը գնար համամարդկային պատմության բոլոր քառուղիներով, գոնե թռիչքային զարգացումների ուղիով»: Հայրենիքում ինչ-որ բան կոմունիստի սրտով չէ, այլապես նա չէր ձգտի կայացած երկիրը դարձյալ տեղափոխել խորհրդային ռելսերի վրա: - Մտածե°ք, ո՞րն է ճիշտը, որ լավ ապրենք: Եթե մարդն ի վիճակի չէ մասնավոր սեփականությունը տնօրինելու կամ զարգացնելու բիզնեսը, դրա համար առաջարկում եմ հանրային համագործակցված աշխատանք, բարիք ստեղծել և ապրել: Մենք այդպես ապրել ենք, բայց մի քիչ խեղաթյուրված: Կարելի է շտկումներ անել, բերել հասցնել նրան, որ բոլորի համար սոցիալիզմը հավասար լինի: Ելման կետին վերադառնալու համար, սակայն, ստիպված ենք է լինելու հաշվել «բոլոր փոսերը», ինչին կոմունիստների էլեկտորատը դժվար թե համաձայնի, ուր մնաց` «ջերմոցային» և իսկական օլիգարխները և առհասարակ բոլորը: Բայց պետք չէ վախենալ, քանի որ Յուրի Մանուկյանի կանխատեսումը հուսադրող է. «տրանսֆորմացիան կանցնի սահուն»: Հուրախություն օլիգարխների` կուլակաթափություն չի սպասվում, աղքատներն էլ թող շատ չոգևորվեն. կոմունիստները նրանց չեն հարստացնի, պարզապես «համատեղ գոյության ապահովման համար կգտնեն սեփականության ձևեր` մասնավոր, հանրային և կոոպերատիվ: Եվ եթե երկրում գործեն այս երեքը, այն արդեն կհամարվի զարգացման գրավական»: XXI դարում ՆԷՊ իրականացնելու համար «անուղղելի լավատես» Յուրի Մանուկյանին հարկավոր է համախմբվել «սիրողական սոցիալիստների» հետ: Իսկ ի՞նչ տարբերություն կա վերջիններիս և Յուրի Մանուկյանի թիմի միջև: - Ես կասեմ, որ գաղափարական ոչ մի տարբերություն չկա, անձնավորված, երևի կա, բայց չնչին քանակությամբ, որովհետև մի թևը, որը մենք ենք ներկայացնում, վաղուց հրաժարվել է ամբիցիաներից և հայտարարել ենք, որ միավորման կողմնակից ենք` նույնիսկ Նախագահի ընտրություններին իմ թեկնածությունը չառաջադրելու պայմանով: Ինքնազոհաբերումն ավելի համոզիչ դարձնելու համար Յուրի Մանուկյանը պատրաստ է միավորված կուսակցությունները կոչել ՀԿԿ (ինչպիսի¯ ժեստ Ռուբեն Թովմասյանին): Արդյո՞ք հասցեատերերը կցանկանան ընթերցել հաշտության նամակը, երբ Յուրի Մանուկյանը նրանց անվանում է «ավազակներ, որոնք վարկաբեկել են իմ կուսակցությունը, կաշառք վերցնելով պաշտոններ են տվել: Մենք չենք մասնակցել այդ ահավոր, կեղծ գործարքներին, իսկ իրենք մասնակցել են և շարունակում են թյուրիմացության մեջ գցել կոմունիստական գաղափարախոսությանը հավատացող մարդկանց»: Իսկ եթե միավորումը չկայանա, այդժամ Յուրի Մանուկյանն իր տղամարդկային խոսքը կասի, կթվարկի արատավոր կենսագրություն ունեցող և կուսակցության գաղափարախոսությունն այլասերող կոմունիստների անունները: Թե ինչպիսի սկիզբ և ընթացք կունենա «հաթաթայով» առաջարկվող բանակցությունները` անհայտ է, սակայն իրատեսների համար դրանց ավարտը տեսականորեն նշմարելի է: Հնարավոր «ոչ»-ի դեպքում ՀՄԿԿ-ը այլ կուսակցությունների հետ դաշինք չի ստեղծի և մեկ այլ թեկնածուի չի պաշտպանի, սակայն. - Եթե ժողովրդի մեծամասնության կամքը արտահայտող թեկնածու լինի, բայց ոչ սոցիալիստական ուղղվածության, մենք չենք խորշի նրան պաշտպանել,- ասում է Յուրի Մանուկյանը: Ծերացած, բայց չմեռնող կոմունիստական գաղափարախոսությունն իր մոտեցումներով ընդունա՞կ է «կարգավորել ժողովրդի լայն մասսաների խնդիրները», երբ այդ գաղափարախոսությունը կրողի համար ներկան մշուշոտ է, իսկ ապագան մեր երկրում 65 տարեկան մարդուն կարիերա չի խոստանում:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ