Մեր վարքը ու քաղաքապետարանի կարգը


Այդ արձանագրելուց հետո քաղաքապետարանը շրջայց է կատարել բնապահպանական գործունեություն իրականացնող մի շարք հասարակական կազմակերպութ յունների ներկայացուցիչների հետ, ովքեր ակնդետ ու անվրեպ հետևում են իրենց աշխատանքին: Ահա և նրանք, ինչպես Ա. Մարտիրոսյանն է վստահեցնում, համոզվել են, որ քաղաքի կանաչապատման ոլորտում առաջընթաց կա: Հ/կ-ները նաև թերություններ են նշել, բայց վարչության պետի համար կարևորը դրական աշխատանքն է, և գերադասելի է ա°յդ մասին խոսել: Մանավանդ այն աշխատանքների, որոնցից ակնկալվող արդյունքները ժամանակին լրագրողները կասկածի տակ են դրել: Երբ Իսակովի, Մյասնիկյան պողոտաներում, Հանրապետության հրապարակում ծառերն ամբողջապես փոխվում էին, լրագրողները թերահավատ էին դրանց տեսքի ու ձևավորման նկատմամբ: Հիմա այս ծառերի սաղարթը լավ էլ ձևավորվել է: Պրն Մարտիրոսյանը տվյալ դեպքում «հաղթողի» կարգավիճակում է: Եվ թող էս մի սխալն էլ լրագրողներինը լինի: Երևանյան տապին որքանով են մեզ զովացնում այս ծառերն իրենց խիտ սաղարթով, օրն ու օրվա ժամը գիտի, իսկ Հրազդանի կիրճն, ահա, քաղաքի 35 զբոսայգիներից ու պուրակներից ամենաշատ այցելուներն ունի: Չէ, խոսքը կիրճը գրաված ռեստորաններում քեֆ անելու գնացողների մասին չէ: Կիրճում չգրավված տարածքներ, բարեբախտաբար, դեռ կան, և մարդիկ գալիս են գետափ` զովանալու, հանգստանալու: Ու հենց այստեղ է, որ բնապահպանության պատասխանատուի զարմանքն ու վրդովմունքը սահման չունեն: Լավ, գալիս են հանգստանալու, կիրճն` իրենց նվեր: Բայց ինչո՞ւ են ապականում այս գողտրիկ անկյունը, ինչո՞ւ են իրենց աղբը «հիշատակ» թողնում բնությանը: Էն էլ ինչքա¯ն աղբ: Եթե բոլոր համայնքները ուրիշ ոչ մի գործ չանեն ու զբաղվեն այս աղբը տեղափոխելով ու տարածքը մաքրելով, էլի դժվար կհասցնեն: Եթե սա չափազանցություն է, ապա չափազանցնելու մեջ Ավետ Մարտիրոսյանին մեղադրեք: Բայց մարդն իր աչքով է տեսել: Եվ այ թե ինչպիսին ենք մենք: 21-րդ դարում էլ չսովորեցինք, որ քաղաքը մաքրելով չի մաքրվում, քաղաքը պետք է մաքուր պահել: Ականջդ կանչի, Փոքրիկ իշխան… Նորօրյա այս ասույթի հետ կարելի է համաձայնել` «քաղաքը» բառերից հետո թերևս ավելացնելով «միայն» և «նաև» բառերը: Այնպես որ, ավելի լավ է նախ չաղտոտել: Եվ բանն էլ չհասնի պատժելուն: Թեև արդեն հասել է: Գետի ջրում ավտոմեքենա լվացող 11 մարդ 50 հազար դրամով թեթևացրել է սեփական գրպանը: Սա խրատ չի՞ լինի, ցուցանակները մարդկանց կարգապահության ու քաղաքասիրության չե՞ն կոչի. քաղաքային իշխանությունը ստիպված կլինի շարունակել դիպչել կարգազանցների գրպանին: Իսկ մինչ ժամանակը ցույց կտա, թե երևանցիների համար ո՞րն է նախընտրելի` բնության նկատմամբ բարբարոսություն չանե՞լ, թե՞ տուգանք մուծել, քաղաքապե տարանը Հրազդանի կիրճը նախ բարեկարգելու, ապա կանաչապատելու ծրագիր է կազմել` 280 մլն դրամ արժողությամբ: Գուցե կիրճի նոր տեսքը մեզ ավելի զգոն դարձնի, շարժի բնության նկատմամբ պարտքի գիտակցություն-զգացումը, և ձեռքներս չգնա աղտոտել բարեկարգ տարածքը, խնամված բնությունը:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ