Արցախը մեր պարծանքն է, ոչ թե ցավը


Միջազգային հանրության մերժողական վերաբերմունքն, այնուհանդերձ, չխանգարեց, որպեսզի դե յուրե չճանաչված ԼՂ-ն Նախագահի ընտրություններով մեկ անգամ ևս փաստի սեփական հողի վրա ժողովրդավարության կանոններով ապրելու իր ցանկությունը: - Ժողովուրդը մեծ ոգևորությամբ էր մասնակցում ընտրություններին, այն համոզմամբ, որ իր քվեն պետք է որոշի ԼՂ-ի ապագան և ընտրություններն իրոք անցան բարձր մակարդակով,- ասում է ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը:- Ահա սա է քաղաքացիական հասարակության ժողովրդավարության ամենահիմնարար սկզբունքը: Սակայն հանրապետականի ներկայացուցչի համոզմունքն իր կասկածներով մթագնում է ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը: Առհասարակ ՀՀՇ-ն տրամադրված չէ հավատալ ԼՂ ընտրությունների արդարությանը, քանի որ. - ԼՂ-ում մեծապես օգտագործվեց վարչական մեխանիզմը: Գյուղապետերը հրահանգ էին ստացել ընտրել իշխանամետ թեկնածուին: Եվ հետո Հայաստանը չափից շատ էր իր «քիթը խոթել» ԼՂ ընտրություններում ոչ տեղեկատվական բնույթով, այլ թեկնածուի հանդեպ սեփական համակրանքը արտահայտելու իմաստով: Ինչ վերաբերում է ընտրությունների կայացմանը, այն մի փոքր հույս է ներշնչում ԼՂ հարցի լուծման հանդեպ: Արամ Մանուկյանը չի ցանկանում ընդունել ԼՂ-ի բոլոր գործառույթներին Հայաստանի մասնակցության անհրաժեշտությունը: Ավելին, նրա կարծիքով Հայաստանի ներկա իշխանությունների սահմանափակ քաղաքականության արդյունքում Հայաստանը կորցրել է բոլոր այն դաշնակիցներին, որոնք ԼՂ ինքնորոշման խնդրում աջակցում էին իրեն: - Հայաստանն այլևս գործոն չէ տարածաշրջանում, ապագա չունի, չի մասնակցում ինտեգրացիոն որևէ պրոցեսի և այսքանից հետո Ադրբեջանի հետ խոսում է սպառնալիքի լեզվով: Ներկայիս իշխանությունները ԼՂ-ին զրկել են իր ճակատագիրը տնօրինելու հնարավորությունից: ...Ինձ համար ցավ է, որ ԼՂ-ն չի կարող հաջողություն ունենալ, քանի որ նրա հենարան Հայաստանը կոռուպցիայի, հանցագործության, զոռբայության մեջ է թաղված: Վարդանիկի դեպքը և ԱԺ ընտրությունները բավական են, որ խայտառակվենք աշխարհի առաջ: Զարմանալի է, որ նման մեղադրանքներ հնչում են Հայաստանում այդ ամենի հիմքերը բետոնող նախկին իշխանության ներկայացուցչի կողմից, ում համար կարծես «ավելի լավ է ԼՂ-ում վիճակը վատ լինի, միայն թե իրենք ճիշտ դուրս գան»: Մինչդեռ ԼՂ-ն արագորեն զարգանում է, և դա անկասելի է. - Որևէ եվրոպական կառույց չի կարող դա չտեսնել: Նրանց համար տհաճ է, որ այդ իրողությունը տեսանելի է բոլորի համար: Իսկ միջազգային դիտորդները թող հասկանան, որ անհնար է Արցախը պատկերացնել Ադրբեջանի կազմում: Սա մեր ճանապարհն է, որը պետք է անցնենք ձեզ հետ միասին,- ՀՀՇ-ականին հակադարձում է Գ. Մինասյանը: ԼՂ-ն բանակցային գործընթացում ներգրավելու համար Հայաստանն իր պահեստային զինանոցից կարող է օգտագործել Ադրբեջանի հետ բանակցությունների դադարեցման տարբերակը, քանի դեռ նրանք չեն ցանկանում համագործակցել ԼՂ իշխանությունների հետ: Չկիրառված հաջորդ հնարավորությունը Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումն է: - Անկախացման գործընթացը այլընտրանք չունի, և ԼՂ-ում ցանկացած նոր, ժողովրդավարական փաստի արձանագրում լրացուցիչ ապացույց է այդ գործընթացի հաջողության համար,- փաստում է Գագիկ Մինասյանը:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ