Թող Ձեր ձեռքերը եեք չդողան


Լուսաբացն իր տարերքի մեջ էր, երբ «Շտապ օգնության» մեքենան տագնապալի ազդանշանով կանգ առավ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի մուտքի մոտ: Քիչ անց ես վնասվածքաբանության և տրավմատոլոգիայի բաժանմունքի 4-րդ հիվանդասենյակում էի: Բժիշկների այցելությունից հետո իմացա, որ ինձ ծանր վիրահատութ յուն է սպասվում: Թե ով էր լինելու իմ բժիշկը, չգիտեի: Իմացա նաև, որ բաժանմունքը ընդամենը երեք տարի առաջ է կազմավորվել ու վարիչ նշանակվել տրավմատոլոգ Արթուր Սոխակյանը: Տնտեսուհին Անահիտն էր, բուժքույրերը` Չինարը, Լարիսան, երկու Արմինեները, Մարինեն ու Գոհարը: Բացի մայրապետներ Էլմիրայից ու Թամարայից, աշխատանքի էր ընդունվել նաև Սվետան: Պատմեցին, որ նա երեք զավակների մայր է: Տղաներից Կարենն ու Արմենը ազատամարտիկներ են: Արցախյան պատերազմից Արմենը վերադարձել էր վիրավոր, դարձել 2-րդ կարգի հաշմանդամ: Առաջին օգնությունը այդ ընտանիքին ցուցաբերել էր ՀՀ Զինված ուժերի նախկին նախարար Սերժ Սարգսյանը: Կարենին ապահովել էր նոր բնակարանով: Արմենի հարցն էլ ընթացքի մեջ է: Տղաների հայրը` Կառլոսը աշխատանք ուներ: Սվետային էլ, առանց առարկությունների աշխատանքի ընդունեցին` որպես մայրապետ: Բաժանմունքի բժիշկները յոթն են: Երևանի բժշկական համալսարանի սաներ: Թեև երիտասարդ, բայց աշխատանքային մեծ փորձով եկել ու համալրվել են այս օջախում: Արթուր ՍՈԽԱԿՅԱՆԸ ՀՀ բժշկական գիտությունների թեկնածու է, բաժանմունքի վարիչ: Երիտասարդ է, եռանդուն, երբեմն խիստ, պահանջկոտ: Ամեն առավոտ բժիշկների հետ այցելում է հիվանդներին, յուրաքանչյուրի հետ առանձին զրուցում, երբեմն կատակում ու գյումրեցու պես իր հետ քայլող հումորով, անբացատրելի խորամանկ ժպիտով հեռանում: Բժիշկ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ միակն է, որ առնչվում է բոլոր վիրահատվող հիվանդների հետ: Նրա կատարած ցավազրկումից 2-3 ժամ տևող ծանր վիրահատության ընթացքում հիվանդը ոչ մի ցավ չի զգում: Բժիշկը համակարգչի նկատմամբ մեծ նախասիրություն ունի: Ի՞նչ է պրպտում, չգիտենք: Տա Աստված, որ մի օր փնտրածը գտնի: Արսեն ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ բաժանմունքի վարիչի հետ աշխատանքային բեղուն փորձաշրջան էր անցել: Միասին բազմաթիվ վիրահատություններ կատարել: Նրանք միասին են եկել: միասին էլ հավատարիմ մնացել Հիպոկրատի երդմանը: Լևոն ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ էլ լավ գիտեր բաժանմունքի վարիչը: Գիտեր Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիուտում, հետո 2-րդ հիվանդանոցում համատեղ աշխատելու տարիներից: Նա հարկավոր էր բաժանմունքին: Արտակ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ` յոթնյակի այս բժիշկը դրսից չի եկել: Երկար տարիներ նա կենտրոնի տրավմատոլոգն է եղել, բազմաթիվ վիրահատությունների հեղինակ: Նրա մասին և° աշխատողները, և° թե հիվանդները ասում են` «լավ ձեռքեր» ունի: Հենց այդ «լավ ձեռքերն» են, որ շարունակում են աշխատել իրեն հարազատ դարձած կենտրոնում: Արթուր ՍԱՀՐԱԴՅԱՆՆ ամենավերջին, ամենաերիտասարդ բժիշկն էր, որ ընդգրկվեց բաժանմունքում: Բժիշկ դառնալու նրա երազանքներում մեծ դեր են խաղացել հոգեբույժ մայրը` Ջեման ու նյարդաբան քույրը` Լուսինեն: Երևանի բժշկական համալսարանն ավարտելուց հետո իր զինծառայությունը Կենտրոնական զինվորական հոսպիտալում անցկացրեց: Հետո աշխատանքային նույն ճանապարհն անցավ ինչ որ մյուս բժիշկները, գիտահետազոտական ինստիտուտը, 2-րդ հիվանդանոց ու դարձավ բաժանմունքի յոթերորդ բժիշկը: Բժիշկ Ալեքսանդր ԿՐԱՍՆԻԿՈՎԸ բաժանմունքի յոթնյակից չէ, բայց նրանց ընկերն է, լավ բարեկամը: Նա հաճախ օգնում է բաժանմունքի այն հիվանդներին, ովքեր ունեն նաև անոթային խնդիրներ: Բժշկի համար «իմն ու քոնը», «փակ դռներ» չկան: Նրա համար հիվանդը մնում է հիվանդ ու, եթե քո օգնության կարիքն ունի, պետք է օգնության ձեռք մեկնել: Բա, ինչի համար են բժշկի ձեռքերը: Այսպիսի սկզբունքով է աշխատում կենտրոնի անոթային վիրաբուժության բաժանմունքի բժիշկ Ալեքսանդր Կրասնիկովը: Իմ բժիշկը Բժիշկներ Ալեքսանդրի ու Ռիմայի (բժշկական համալսարանի դասախոս) Հովհաննես որդին է: Մորեղբայրը` հանրահայտ պրոֆեսոր Սոկրատ Ստեփանի Հովհաննիսյանն էր: Բժիշկներով շրջապատված հարազատների միջավայրում են մեծացել եղբայրներ Հովհաննեսն ու Ալեքսանդրը: Այնպես որ, պատահական չէր, որ եղբայրները ընտրեցին բժշկի մասնագիտությունը: Դեռ ուսանող տարիներին անվանի վիրաբույժ, տրավմատոլոգ Ռաֆայել Բաղդասարյանի շնորհիվ Հովհաննեսը առաջին վիրահատողի մկրտությունն ստացավ: Առաջին վախը, առաջին փորձաշրջանը Հովհաննեսի համար այդ օրը ավարտվեց: Համալսարանն ավարտելուց հետո նա գնաց մանկական աշխարհ: Քսան տարի հարյուրավոր… երեխաների փրկեց հաշմանդամ դառնալու ճակատագրից: Աշխատանքային ակնառու փորձով աշխատեց Երևանի վնասվածքաբանության և տրավմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում, դարձավ բժշկական գիտությունների թեկնածու: Ահա թե ով էր իմ բժիշկը` Հովհաննես Ալեքսանդրի Սարգսյանը: Հիմա նա իր ընտանիքում միակ բժիշկն է: Կինը` Անուշը, ծրագրավորող է, տղան` Ալեքսանդրը Եվրոպական, իսկ աղջիկը` Զարուհին Ֆրանսիական համալսարանների ուսանողներ են: Ինչ է մնում իմ բժշկին. սպասել գուցե թոռներից կամ ծոռներից որևէ մեկը սիրի, շարունակի պապի բժշկի մասնագիտությունը ու Սարգսյանների տոհմածառը նոր պտուղներ տան: Սրտի ջերմությամբ ես հրաժեշտ տվեցի բաժանմունքի յոթնյակին, այն հույսով, որ մի օր առանց հենակների կայցելեմ նրանց ու կասեմ. «Թող Ձեր ձեռքերը երբեք չդողան»:

Ժենյա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ