«Ոսկե ծիրան - 5» Հետաքրքիր կինոմտահղացումների դեֆիցիտ


Հայկական կինոարտադրության ճգնաժամի մասին տրտմեցնող խոսակցությունները այսօր, կարծես թե, կորցրել են երբեմնի պաթետիկ շեշտադրումները: Կինոգործիչները ստիպված են բարձրաձայնել, որ ֆինանսական հզոր լծակների բացակայությունից զատ, նույնիսկ` ոչ պակաս, իրեն զգացնել է տալիս հետաքրքիր կինոմտահղացումների դիֆիցիտը: Անիրականանալի մնաց հայապատում որևէ ուշագրավ կինոնկարի նկարահանման գաղափարը: Հայաստանի և Սփյուռքի կինոգործիչների բազմաթիվ փորձերն այդպես էլ ցանկալի հաջողությամբ չպսակվեցին: Անարդարացի կլինի սրա մեղքը ևս բարդել պետական մշակութային քաղաքականության վրա, չնայած, ընդհանուր առմամբ, այն դեռևս հեռու է մնում կառուցողական կուռ համակարգ լինելուց: Վերջերս նկատվող դրական տեղաշարժը տարերային բնույթ ունի և հետևողական զարգացման ու ճշգրտման է կարոտ համընդհանուր միտումի վերաճելու համար: Այդուհանդերձ, նոր նախագծերը անուշադրության չեն մատնվում: ՀՀ Մշակույթի նախարարության նորաբաց կայքով ենթադրվում է աշխուժացնել արվեստասեր հասարակության ու պետության միջև երկխոսությունը: Առայժմ «ներքևում» հարկավոր աշխուժացում չի սկսվում: Փաստորեն ապարդյուն համառությամբ երկարաձգվում է Սարդարապատի թեմայով հայտարարված թատերգության մրցույթը: Գոնե առայժմ որևէ քիչ թե շատ արժեքավոր պիես ի հայտ չի եկել: Նկարիչների միությունում, բայցևայնպես, հաստատ համոզված են, որ պետպատվերով միայն կարելի կլինի ստեղծագործական լճացման հաղթահարումը: Ինչևէ… Հայկական կինոարվեստի վերակենդանացման նպատակադրվածությամբ «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում պետական աջակցությամբ 2 համատեղ ծրագիր է ներկայացվելու` «Համահայ կական կինոնախագիծ» համաժողովը և «Կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց» կոնֆերանսը: Վերջինս ենթադրում է համագործակցության եզրեր գտնել արտերկրից հրավիրված 16 մասնակիցների հետ մեկօրյա բանակցային փոխշփումների արդյունքում: «Համահայկական կինոնախագծի» վեցօրյա աշխատանքների շնորհիվ ակնկալվում է մշակել 2 ֆիլմ-նախագիծ` խաղարկային (ղեկավար` Ատոմ Էգոյան) և վավերագրական (ղեկավար` Հարություն Խաչատրյան): Աշխարհասփյուռ հայազգի մոտ երեք տասնյակ կինոգործիչների միավորումը այս նախագծերի շուրջ, չի բացառվում, որ կարևոր ազդակ հանդիսանա նոր գաղափարի ծննդյան կամ, գեթ, դրա համար նպաստավոր պայմանների կանխորոշման: Աշխարհի տարբեր ծայրերից հավաքվող մեր հայրենակիցներին գուցե հաջողվի խթանել հայկական կինոարտադրության արդիահունչ զարգացումը: Պարզվում է` նույնիսկ Հարավային Աֆրիկայում հայազգի կինոգործիչ կա` վավերագրող Շիրին Անդերսենը, ով անցյալ տարի նկարահանում էր «Չարենցը վերադառնում է» ֆիլմը: Կարծում եմ, համաշխարհային կինոտենդենցների մեկտեղված իրազեկությամբ կարելի լինի «սայլը տեղից շարժել»:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ