«Պատիվ ունեմ ներկայանալու»


ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների շրջանակում սկսվեց միջոցառումների նոր շարք «Պատիվ ունեմ ներկայանալու» խորագրով: Ներկայանալու պատիվ է տրվում զորամասերի հրամանատարներին, որոնք զինվորների ծնողներին, լրագրողներին, զինծառայող ներին և հասարակությանը ներկայացնում են իրենց կենսագրությունը, պատմում անցած ճանապարհի կարևոր հանգրվանների ու իրադարձությունների մասին, նժարում սեփական վաստակը հայրենիքի ու պետության կայացման ու հզորացման գործում: Շարքի անդրանիկ միջոցառումը ՊՆ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր 89-րդ Թամանյան դիվիզիայի անվան 4-րդ հատուկ հրաձգային գնդում էր: Ներկայանում էր գնդի հրամանատարը` գնդապետ Թեմուր Նորիկի Շահնազարյանը: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, դահլիճում գնդապետի զինվորների ծնողներն էին, զինծառայողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Բացման խոսքում հանդիսավարը նշեց, որ վարչապետն ու պաշտպանության նախարարը, նախաձեռնելով այս միջոցառումների շարքը, նպատակ ունեն բանակը էլ ավելի թափանցիկ դարձնել հասարակության առաջ, ձևավորել օբյեկտիվ կարծիք բանակում ծառայող սպայակազմի` մասնավորապես զորամասերի հրամանատարների մասին: Ծնողները իրավունք ունեն իմանալու, թե ո՞ւմ են վստահել իրենց որդիներին, հասարակությունն իրավունք ունի տեղեկանալու, թե ովքեր են իրականացնում երկրի պաշտպանությունը: Այսպիսով, առավել կամրապնդվի փոխվստահությունը բանակի և հասարակության միջև, կմեծանա բանակի հեղինակությունը, զորքերում բարոյահոգեբանական վիճակը նոր առաջընթաց կարձանագրի, կկատարելագործվեն միջանձնային հարաբերությունները: 4-րդ հատուկ հրաձգային գնդի մարտական դրոշի 89-րդ Թամանյան դիվիզիայի մարտական դրոշի և հատուկ գնդի մարտական դրոշի հանդիսավոր ներս բերումից հետո իր կենսագրությունը ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց գնդապետ Թեմուր Շահնազարյանը: Նրա խոսքը ուղեկցվում էր համապատասխան տեսանյութի և լուսանկար ների ցուցադրությամբ: Միջոցառման մասնակիցները տեղեկացան, որ գնդի հրամանատարը ծնվել է 1967 թ. Իջևանի Ակնաղբյուր գյուղում, ավարտել է Երևանի պոլիտեխնիկա կան ինստիտուտը, ծառայել է խորհրդային բանակում: Այնուհետև ակտիվորեն մասնակցել է ազգային ազատագրական շարժմանը, Հայաստանի սահմանների պաշտպանությանն ու Արցախի ազատության համար մղվող մարտերին: Մարտական առաջադրանք կատարելիս վիրավորվել է: Ազգային բանակում է կազմավորման առաջին օրվանից: Եղել է զորամասի իրային ծառայության պետ, գումարտակի հրամանատարի տեղակալ մարտական գործողությունների ղեկավարման գծով, շտաբի պետի տեղակալ, 4-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, գնդի հետախուզության պետ, գնդի հրամանատարի տեղակալ: 2002 թ. ոսկե մեդալով ավարտել է ՌԴ համազորային ակադեմիան: 2004 թ. նշանակվել է զորամասի հրամանատար: Պարգևատրվել է «Արիության», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայութ յան» I, II աստիճանի մեդալներով: Ամուսնացած է, ունի մեկ որդի: Գնդապետ Թեմուր Շահնազարյանը ներկայացրեց նաև հատուկ գնդի կենսագրությունը` իր պատմությունն սկսելով վաղ անցյալից, երբ գնդի այժմյան տարածքում տեղակայված է եղել ցարական բանակի հոսպիտալը, այնուհետև 1918 թ. այն ծառայել է դաշնակցական զինված ստորաբաժանումներին, 1922-ին այդտեղ է գործել խորհրդային բանակի միակ հրաձգային դիվիզիայի առաջին գունդը, որը կոչվել է մայրաքաղաքային, այս տարածքում է տեղակայվել նաև 89-րդ Թամանյան դիվիզիայի գնդերից մեկը: 1990-ին ստեղծվում է 3 գումարտակից բաղկացած հատուկ գունդը, որը դարձավ հայկական բանակի կորիզը, մեծ ավանդ ունեցավ ինչպես Հայաստանի սահմանների պաշտպանութ յան ու Արցախի ազատագրության, այնպես էլ բանակաշինության հույժ կարևոր գործում: Գունդը մեծ հպարտությամբ պահպանում է իրեն հանձնված 89-րդ Թամանյան դիվիզիայի մարտական դրոշը: Իսկ գնդի մարտական դրոշին իբրև փառքի վավերագիր փայլում է «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանը: 4-րդ հատուկ հրաձգային գունդը հայրենիքին տվել է մեկ ազգային հերոս` Ջիվան Աբրահամյան, երկու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, 19 «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ: Նրա մարտիկներից 102-ը պարգևատրվել են «Արիության» մեդալով, 14-ը` «Մարտական ծառայության» մեդալով: Գնդի հրամանատար, գնդապետ Թեմուր Շահնազարյանը հավաստեց, որ 4-րդ հատուկ հրաձգային գնդի անձնակազմը հաստատակամորեն ու ջանադրաբար ձգտում է պահպանել մարտական ավանդույթները և իր ամենօրյա նվաճումներով արժանի լինել գնդի փառահեղ կենսագրությանը: «Գնդի անցած ճանապարհն ու սխրանքները պարտավորեցնում են»,- ասաց Թեմուր Շահնազարյանը` ներկայացնելով գնդի առօրյան և այսօրվա ձեռքբերումները: Նա մանրամասն պատմեց զինվորների առօրյայի մասին: Ծնողներն ու միջոցառման մյուս մասնակիցները տեղեկացան, որ ամենօրյա վարժանքներից ու ֆիզպատրաստությունից բացի զինվորներին ուսուցանվում են մարտական պատրաստութ յան բոլոր առարկաները, նրանք իրենց տեսական գիտելիքները գործնականում ամրապնդում են ինչպես ճամբարային հավաքների, այնպես էլ մարտավարական զորավարժութ յունների ժամանակ: Զինվորներն ունեն ազատ ժամանցի, հանգստանալու, զվարճանալու, զանազան մշակութային և սպորտային միջոցառումների մասնակցելու իրավունք, կարող են հեռուստացույց դիտել, կարդալ, խաղալ սպորտային խաղեր: Գնդի սպայակազմը մեծ ուշադրություն է դարձնում զինվորների հանգիստը արդյունավետ կազմակեր պելու գործին` համոզված, որ դա մեծապես խթանում է նրանց ծառայողական ակտիվությունը և ունի դաստիարակիչ նշանակություն: Գնդում ավանդույթ են դարձել զանազան մշակութային խմբերի ելույթները: Բացի այդ զինվորները պարբերաբար ներկայացումներ են դիտում Սունդուկյանի և Պարոնյանի անվան թատրոններում, այցելում են թանգարաններ: Գնդի հրամանատարը մեծապես կարևորեց հասարակական կազմակերպությունների և առանձին մարդկանց ուշադրությունը զինվորների կենսակերպի և ծառայության հանդեպ: Նա նշեց, որ հաջողությամբ համագործակցում են «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի և խորհրդի անդամների հետ: Նա ողջունեց վաստակաշատ մանկավարժ Աննա Բարիկյանի նախաձեռնությունը: Դպրոցի տնօրենը կազմակերպում է հանրակրթական դպրոցում կրթությունը կիսատ թողած զինվորների դասավանդումը հենց զորամասում և նրանց ապահովում է հանրակրթության վկայականով: Ամեն ամսվա վերջին կիրակին հայտարարված է «Բաց դռների օր»: Ծնողները, հասարակության ներկայացուցիչները, բոլոր ցանկացողները կարող են անարգել մտնել զորամաս, ծանոթանալ զինվորների կենցաղին, զրուցել ինչպես զինվորների, այնպես էլ սպայակազմի հետ, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Գնդի հրամանատարը հպարտությամբ նշեց, որ իր ղեկավարած զորամասում վերացել են այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսիք են «դեդովշչինան» ու «հեղինակութ յունները»: Նա մեծ ձեռքբերում համարեց զորամասում առկա բարոյահոգեբանական մթնոլորտն ու միջանձնային փոխհարաբերությունները: Ասաց, որ զինվորը պաշտպանված է և° ֆիզիկապես, և° հոգեբանորեն: Նա հայտարարեց, որ իր զինվորին հասցված վիրավորանքը դիտել ու դիտելու է որպես անձնական վիրավորանք, որովհետև ինքը առաջին հերթին զինվորներին վերաբերվում է որպես ծնող, ապա որպես հրամանատար: Միջոցառման վերջում մասնակիցներին հնարավորություն տրվեց հարցեր ուղղելու գնդի հրամանատարին: Ծնողներին հիմնականում հետաքրքրում էին զինվորներին արձակուրդ շնորհելու կարգին վերաբերող հարցերն ու իրենց զավակների առողջական վիճակին առնչվող խնդիրները: Թեմուր Շահնազարյանը նշեց, որ իրենք ջանում են վերացնել արձակուրդի շնորհման հետ կապված բոլոր անօրինական սողանքները և պահպանել արդարության սկզբունքը: Նա բացատրեց, որ ըստ գործող կարգի արձակուրդ կարող է ստանալ 8 ամիս և ավելի ծառայած զինվորը, որը աչքի է ընկել ծառայական հաջողություններով և չունի կարգապահական տույժեր: Սակայն, հրամանատարի հավաստմամբ, իրենք ջանում են արձակուրդ շնորհել բոլոր զինվորներին. սպաները հրահանգված են լրջորեն աշխատել կարգապահական խախտումներ կատարելու հակում ունեցող բոլոր զինվորների հետ և կարճ ժամանակամիջոցում նրանց վարքն ու ծառայությունը դարձնել օրինական ու խրախուսելի: Ինչ վերաբերում է առողջական խնդիրներ ունեցող զինվորներին, հրամանատարը նշեց, որ մեկ առ մեկ տեղյակ է բոլորի վիճակից և հավաստեց, որ բանակը ունի բարձրորակ բուժծառայություն` համալրված հմուտ մասնագետներով, և ամեն ինչ արվում է, որ հիվանդ զինվորը կարճ ժամանակամիջոցում ապաքինվի և վերադառնա շարք: Միջոցառման ավարտից հետո ՀՀ վարչապետն ու պաշտպանության նախարարը պատասխանեցին լրագրողների հարցերին: Նրանք մասնավորապես կարևորեցին «Պատիվ ունեմ ներկայանալու» միջոցառումների բարոյական հնչերանգը, հույս հայտնեցին, որ նման միջոցառումներն ավելի կմերձեցնեն բանակն ու հասարակությունը, կմեծացնեն հասարակության հավատը բանակի հանդեպ, զինվորական խավը կդարձնեն առավել ճանաչելի, կնպաստեն հայ զինվորականի բարձր կերպարի ձևավորմանը:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ