Ա. Ադիբեկյանը գիտե°...


Ակամայից քաղաքականացված հասարակությունում վերջերս հաճախադեպ է արծարծվում Հասարակական խորհրդի անհրաժեշտության, առաքելության և գործառույթների թեման: Ոմանք, խորապես չվերլուծելով աշխարհաքաղաքական խաղերից լարված մեր ներքաղաքական իրողությունը, թյուր իմացականության իներցիայով ընկնում են ստորածածկված ուժերի հոգեբանական ծուղակը: Արդյունքում առաջացել է այն մտասևեռումը, թե սա իշխանության հերթական մեռելածին ծրագիրն է: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ` - Խորհրդարանական վերջին ընտրություններին կուսակցությունների ղեկավարները չբարեհաճեցին միավորվել` կարծելով, որ ինքնուրույն կհաղթահարեն 5 %-անոց շեմը, ինչը տեղի չունեցավ, և այդ ձայները փոշիացան: Ասեմ, որ յուրաքանչյուր երկիր չունի կատարյալ ժողովրդավարման համակարգ, որպեսզի բոլոր ընտրողների կարծիքները ներկայացնեն և ազդեն ազգային որոշումների կայացմանը: Դրա պատճառով ստեղծվում են երկրորդային լծակներ: Եթե վերցնենք ԱՄՆ փորձը, ապա ցանկացած սենատոր գումար ունի, որ իրեն կից ստեղծի հանրային խորհուրդներ, որոնք մասնակցում են տարբեր օրենքների մշակմանը կամ որոշումների ձևավորմանը: Իսկ Ռուսաստանի փորձը շատ մոտ է մեզ. բազմազգ այդ երկիրն ունի տարածքային լուրջ տարբերություններ, և քաղաքական համակարգը այնպես է` իբր թե ամբողջ երկրի հանրության կարծիքը պետք է ներկայանա իշխանության բոլոր թևերում: Մեր բարձրաստիճան իշխանավորների խորհրդատուների շարքերը համալրվում են ոչ թե բանիմաց մասնագետներով, այլ ռեսուրսները սպառած նախկին բյուրոկրատներով: Ինձ շատ է մտահոգում համալրման կարգը, որը փորձում են որդեգրել. «Դուք տվեք առաջարկներ` մենք կնայենք»: Էդպես չի լինում: Հանրային խորհուրդը պետք է համալրվի ԱԺ-ի, կառավարության, քաղաքացիական հասարակության և մասնագիտական հատվածի կողմից առաջադրված կամ հրավիրված փորձառու դեմքերով: Հանրային խորհուրդը չպետք է շահերի բախման ասպարեզ կամ ընդդիմության ամբիոնի վերածվի: Մեր նոր կառավարության գործնական քայլերը հույս չե՞ն ներշնչում, որ, շնորհիվ հետևողականության, Հանրային խորհուրդը անգործության չի մատնվի: Ա. Ադիբեկյանը, սակայն, մտավախություն ունի, որ` - Վարչապետի առաջարկը, որ գործադիր իշխանությունը լինի թափանցիկ և ներառի ցանկացած կազմակերպություն իր գործունեության մեջ, չի կայանա: Այն պատճառով, որ կասեն. «Հանրային խորհուրդ» կա, որը միջոց է հանրային կարծիքի ներկայացման: Իմ տարբերակով «Հանրային խորհուրդ»-ը դառնում է մի կենտրոն, որի շուրջ ձևավորվում է հ/կ-ների, հիմնադրամների մի մեծ բանակ, որոնք մասնակցում են գործադիր և օրենսդիր իշխանությունների գործունեությանը: - Իսկ ի՞նչն է մտավախություն ծնում, որ նույն Հասարակական պալատի կատարելագործման Ձեր առաջարկը չեն ընդունի:: - Ես գիտեմ չինովնիկներին. նրանք չեն սիրում, որ կողքից մեկը գալիս, խելք է սովորեցնում, ճանապարհ է ցույց տալիս: Նոր վարչապետի պարագայում` խնդրելը, առաջարկելը, ժամանակ տալը մի բան է, իրականացնելը, միջոց գտնելը, այլ խնդիր է: Եթե իրոք վարչապետի որոշումները կայացան` շատ լավ կլինի ու Հանրային այս խորհուրդը կհամախմբի այն հ/կ-ներին, որ աշխատելու են, կամ պատրաստ են աշխատել տարբեր նախարարությունների և գերատեսչությունների հետ: Ինչպես ասում են` գոնե մտահոգությունը մտացածին չի կարող լինել: Ու հիմա դժվար է ասել` Ա. Ադիբեկյանը մտահոգ է հատկապես ի°ր առաջարկի անընդունելի լինելու հեռանկարով, թե՞ այդ նոր օղակի իսկապես հանրաշահ գործունեությամբ: Ի դեպ, սոցիոլոգից նախևառաջ հանրային կարծիքի ուսումնասիրություն է ակնկալվում: Ա. Ադիբեկյանն այս անգամ միայն սեփական նկատառումներն էր շարադրում. չէ՞ր հասցրել սոցհարցումներ կատարել, թե՞ ինքն էլ արդեն, ինչպես լրագրողներից մեկը թերահավատորեն նետեց` - Ես թվերին չեմ հավատում: n ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հուն Ցզյուին և ռազմական կցորդ, ավագ գնդապետ Մա Յունբաոին: Հանդիպման սկզբում Ս.Օհանյանը, ի դեմս դեսպանի, ցավակցություն հայտնեց չին ժողովրդին` վերջերս Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տասնյակ հազարավոր զոհերի, ինչպես նաև մարդատար գնացքի վթարից զոհվածների կապակցությամբ: ...Կողմերը քննարկեցին նաև ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր: Նշվեց նաև, որ այդ համագործակցությունը լավ հիմքերի վրա է դրված և այն օրեցօր խորանում է. այսօր Չինաստանում ռազմական բարձրագույն հաստատություններ են ավարտել 27 հայ սպաներ, իսկ 2007-2008 թթ. ռազմական ուսուցման պլանով Հայաստանի զինված ուժերին հատկացված է ևս 9 տեղ: Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք հաջողություններ մաղթեցին երկու երկրների մարզիկներին` ս.թ. ամռանը Չինաստանում անցկացվելիք 29-րդ ամառային օլիմպիական խաղերին: n Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը` հանձնաժո ղովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Նիստի սկզբում Ս.Օհանյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց հանձնաժողովի նախագահի նորանշանակ տեղակալ, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արմեն Երիցյանին: Նիստի ընթացքում քննարկվեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանի դիմումը` հանձնաժողովի աշխատանքներում իրեն ևս ընդգրկելու վերաբերյալ, որին և հանձնաժողովը տվեց դրական կարծիք: Այնուհետև, նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարությունների կատարման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Հանձնաժողովի քարտուղարը, որն ավարտվեց քննարկումներով: Հանձնաժողովն անդրադարձավ 1992թ.-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանում անհայտ կորած շուրջ 72 ազատամարտիկների վերաբերյալ վերջերս ինտերնետային կայքէջերում հայտնված տեսանյութին, լսեց նիստին մասնակից և 1992թ.-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի պաշտպանական գործողությունների հրամանատարներ, պարոնայք գեներալներ Արկադի Տեր-Թադևոսյանին, Արտուշ Հարությունյանին, Աստվածատուր Պետրոսյանին, ինչպես նաև «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին, որոնք մանրամասներ ներկայացրին Հանձնաժողովին` վերջին տարիներին կատարված աշխատանքների վերաբերյալ: Հանձնաժողովը որոշեց. 1. Տեղանքը լրահետախուզելու, դիտարկելու և լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով Հանձնաժողովի քարտուղարի գլխավորությամբ աշխատանքային խումբ գործուղել ԼՂՀ Մարտակերտի շրջան: 2. Պետական համապատասխան մարմինների աջակցությամբ վերոնշյալ ազատամարտիկների դիակների ԴՆԹ հետազոտմանն ու արտաշիրիմմանն ուղղված աշխատանք ներին ներգրավել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող ԼՂՀ հանձնաժողովին` դրանք առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: 3. Ս.թ. հունիսի 26-ին, ժամը 1700 ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացնել անհայտ կորածների հարազատների և գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հանդիպում: 4. Ս.թ. հունիսի 29-ին, ժամը 1100 Եռաբլուր զինվորական պանթեոնում, այնուհետև Երևանի Կամերային երաժշտության տանն անցկացնել անհայտ կորած ազատամարտիկ ների հիշատակի օրվան նվիրված ցերեկույթ: n «Համատեղ Աղեղ-2008»-ը ՆԱՏՕ/ԳՀԽ արագ արձագանքման տարրերով բազմազգ բրիգադի շտաբի կողմից խաղաղապահ գործողությունների պլանավորման և վերահսկման հրամանատարաշտաբային զորավարժություն է, որին մասնակցում են շուրջ 350 սպա, ենթասպա, սերժանտ: «Համատեղ նիզակակիր - 2008»-ը ՆԱՏՕ/ԳՀԽ դաշտային զորավարժություն է` բազմազգ խաղաղապահ գումարտակի մասնակցությամբ` ավելի քան 800 սպա, ենթասպա, սերժանտ: Զորավարժությունների վերջնական համադրման համաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. ՓԱՅՏՅԱՆԸ ...Նախորդ համաժողովների և երկկողմ հանդիպումների ժամանակ բավական ծավալուն աշխատանքներ են իրականացվել զորավարժությունների պլանավորման և բարձր մակարդակով անցկացման ուղղությամբ: Հստակեցվել են կողմերի խնդիրներն ու պարտավորությունները, կատարվող աշխատանքների ոլորտներն ու ծավալները, իրականաց վել են բնակկենցաղային պայմանների ապահովման շինարարական և վերանորոգման աշխատանքներ, որոնք շարունակվում են և ժամանակին կավարտվեն, կատարվել է պաշտոնների և պարտավորությունների բաշխում, կողմերը համաձայնության են եկել փոխըմբռնման հուշագրի ստորագրման վերաբերյալ, որը հայկական կողմն արդեն ստորագրել է և ՆԱՏՕ-ի կողմից ստորագրվելուց հետո սահմանված կարգով կընդունվի Հայաստանի Կառավարության կողմից: Սակայն, դեռևս առկա են խնդիրներ, որոնց վերաբերյալ այս համաժողովի ընթացքում համատեղ քննարկումների արդյունքում վերջնական որոշումներ կկայացնենք: Անցյալ համաժողովների արդյունքները հիմք են տալիս արձանագրելու կատարված աշխատանքների արդյունավետությունը, և, հատկապես ուզում եմ նշել և շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին` համագործակցության մեջ շահագրգռվածության, համաժողովի կազմակերպման խնդիրներում ցուցաբերած աջակցության և միջոցառմանն ակտիվ մասնակցության համար: Համոզված եմ, որ այս համաժողովը ևս կանցնի փոխըմբռնման և ջերմ մթնոլորտում` նոր առաջընթաց արձանագրելով զորավարժությունների` բարձր մակարդակով անցկացման գործընթացում: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք և հաջողություն: