Ներսից ի՞նչ գործ ունեք


Որքան էլ խոսեն կանաչապատ տարածքների պահպանման կարևորության մասին, միևնույն է, շարունակվում են մարդկային անողոքությունները բնաշխարհի նկատմամբ: Ոմանք չեն գիտակցում, որ նույնիսկ իրենց նմանները նաև բնության ծնունդ են, մի մասն էլ տուրք է տալիս այսրոպեական շահադիտությանը: Այսպես անտեսելով հարցի լրջությունը` փչացնում, ինչո՞ւ չէ աստիճանաբար վերացնում են բնությունը` աննկատ կանգնելով ինքնաոչնչացման շեմին: Սակայն Երևանի քաղաքապետարանի բնապահպա նության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի համար, ինչպես և կարելի էր ենթադրել` դատելով մեր քաղաքի վիճակից, այս ոլորտում, կարծես թե ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Վերջինիս հավաստմամբ` - Եթե մենք ամեն տարի կատարենք այնքան աշխատանք, ինչքան որ կատարելու ենք 2008-ին` 100 հեկտար, իսկ ինձ թվում է, որ մենք դա կրկնկապատկենք, ապա մինչև 2020 թ. կունենանք այնքան ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ, ինչքան որ ամրագրված է գլխավոր հատակագծում: Այսինքն` մեկ շնչին բաժին ընկնող տարածքի չափը կկազմի մոտավորապես 20 քմ: 3-4 օր առաջ հեռուստացույցից տեղեկացա, որ հ/կ-ների մեկնաբանմամբ` Երևանի կենտրոնում առհասարակ ընդհանուր օգտագործման կանաչ տարածք չկա: Որպեսզի ես ձեզ ոչ թե ապացուցեմ, այլ անցած տարի կատարած համալիր գույքագրման թվերով համոզեմ հակառակը, հայտնեմ ձեզ` Երևանի կենտրոնի 145 հեկտար կանաչապատ տարածքից 29-ը այգիներ են: Թատերական զբոսայգին` 2,5 հեկտար, Օղակաձև զբոսայգին` 3,5 հեկտար… Վարչության պետը, մեկիկ-մեկիկ թվարկելով այդ վայրերը, չէր մոռանում շեշտել ԶԲՈՍԱՅԳԻ բառը: Բայց զբոսավայրին որքանով հարիր տեսք ունի այսօրվա Օղակաձև այգին, որը պարզապես խեղդված է անհաշիվ սրճարանների մեջ: Դե, գաղտնիք չէ, թե արդարանալիս պաշտոնատար անձանց երևակայությունն ինչպիսի մանևրումների է ունակ, ինչի օրինակն էր Ավետ Մարտիրոսյանի պատասխանը` մեզ հուզող հարցին: - Չէ, հիմա սրճարանները տեղադրված են: Հո ծառերը չեն հատել: Եթե մենք վերևից նայենք` մի պահ պատկերացնենք Օղակաձև զբոսայգուն վերևից ենք դիտում` ամբողջը կանաչ տարածք է: Դրանք ժամանակավոր տաղավարներ են: Հիմնական կառույց մեկ երկուսն են, ծառերը չեն կտրել: Որպես այգի, զբոսայգին չի կարում այնքան ծառայի, ինչպես որ նախկինում է եղել: Ի՞նչ է նշանակում վերևից դիտել. արտաքինից խաբուսիկ կանաչ քողով բավարարվել` չնկատելու տալով, թե ներսում ինչ է կատարվո՞ւմ: Չտեսնելու դեպքում էլ, հիշեցնում է սրճարանների բարձրացրած երաժշտական աղմուկը, որի հարկադիր գերին է դարձել շրջակա միջավայրի բնակչության լսողությունը: Կամ, այդ ինչպես ստացվեց, որ հիմնական կառույցների առաջացման ժամանակ ոչ մի ծառ չհատվեց: Դա անհնար է. պատանեկության տարիներն այդ այգում անցկացրած որոշ մարդկանց հիշողությունը դեռևս այդքան չի խամրել, որպեսզի կարողանան նշյալ տարածքի երբեմնի ողորկությունը մեզ ապացուցել: Եվ շատ ավելի հանրօգուտ կլիներ զբոսայգու` որպես կանաչ գոտու անհրաժետությունը կասկածի տակ դնելու փոխարեն այդ հաստատությունների տեղը նոր տնկիներ տեղադրեին: Մի՞թե դրանք կարող են փոխարինել ծառ ու ծաղկին: Ուղղակի ցանկություն է պետք ու մի քիչ էլ խիղճ` կենդանի բնության հանդեպ: Ոչ ավելին: