Հատվածներ ՀՀ նախագահի ելույթից.


... Սիրելի հայրենակիցներ, Այսօր Հայաստանը մուտք է գործել բարեփոխումների նոր շրջան: Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծումը եւ մեր ծրագրերի իրականացման հաջողությունը հնարավոր են միմիայն համայն հայության ջանքերի մեկտեղմամբ: Սփյուռքի բացառիկ առաքելության գիտակցումն է մեզ հուշել ստեղծել առանձին` Սփյուռքի նախարարություն, որը կազմավորման ընթացքի մեջ է: Նպատակն այս ոլորտում մեր քաղաքականության արդյունավետության բարձրացումն է: Մենք հավակնում ենք Հայաստանը դարձնել առողջապահական, բանկային, մտավոր ծառայությունների մատուցման, զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն: Խոսուն մի փաստ բերեմ. այսօր Հայաստանում կատարված ներդրումների ծավալով ռուսաստանյան կապիտալն առաջին տեղում է, ռուսաստանյան ներդրողներն իրենց լավ են զգում Հայաստանում: Դուք ունեք ե'ւ տնտեսական, ե'ւ մտավոր հսկայական ներուժ: Այդ ներուժի մի մասը պետք է փորձեք իրացնել Հայաստանում: Համոզված եղեք, որ ձեր արածը պահանջված է, որ ձեր ներդրումը կարեւոր է հայրենիքի համար: Ես երաշխավորում եմ բոլոր ներդրումների անձեռնմխելիությունը: ....Վստահ եմ, որ Ռուսաստանի հայությունն աստիճանաբար կբարձրացնի կազամակերպվածության իր աստիճանը, կավելացնի հայապահպանության նպատակին ծառայող մշակութային ու կրթական օջախների թիվը, կմեծացնի ձեռնարկների քանակը: ...Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջեւ: Այլապես այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու եւ շահարկելու միջոց: Առաջիկայում ես մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին Երեւան` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը: Երրորդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրն է: Դուք գիտեք, որ վերջերս կայացել են իմ բանակցությունները Ադրբեջանի նախագահի հետ: Մենք համաձայնեցինք շարունակել բանակցային գործընթացը հիմանական սկզբունքներն ամրագրող փաստաթղթի նախագծի շրջանակներում: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Այն փոխանցվել է Խորհրդային Ադրբեջանին կուսակացական մարմնի ապօրինի որոշմամբ: Որշման անթաքույց հիմնավորումն այն էր, որ դա կօգնի տարածել հոկտեմբերյան հեղափոխության եւ համայնավարության գաղափարները դեպի մահմեդական Արեւելք: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը օրենքի շրջանակներում, իսկ հետո եւ` պարտադրված գոյամարտում վաստակել է անկախ պետականության իր իրավունքը, եւ խնդիրը չի կարող ունենալ այդ կարգավիճակը նվազեցնող որեւէ լուծում: