Լրագրողի մտորումներ Ի՞նչ է կատարվում Հայաստանում և ինչո՞ւ


(Սկիզբը` նախորդ համարում) Հեղափոխության ձախողված փորձ Այն, ինչ տեղի էր ունենում փետրվարի 19-ի Նախագահի ընտրություններից առաջ` վերջին տարիներին աշխարհում տարածում ստացած «գունավոր հեղափոխությունների» բացահայտ փորձ էր: Գործող իշխանություններին ոչ թե քննադատելով, այլ նրանց նկատմամբ անսահման ատելություն բորբոքելով, զանգվածներին բառացիորեն էլեկտրակա նացնելով, նրանց ծայրահեղ անհանդուրժող դարձնելով և ընտրություններում բացի իրենց «կուռքի» հաղթանակն արձանագրելուց որևէ այլ արդյունք չընդունելու քարոզչութ յամբ ընտրությունների չեն գնում: Այդպես գնում են միայն և միմիայն իշխանությունը բռնի հափշտակելու, զավթելու, հափռելու: Դա Նախագահի ընտրություն չէ. հեղափոխութ յո°ւն է: Իսկ ցանկացած հեղափոխություն հանցագործություն է ժողովրդի ու պետության դեմ: Աշխարհում ոչ մի երկրի սահմանադրություն և օրենսդրություն ժողովրդին կամ նրա որևէ հատվածին հեղափոխության իրավունք չի վերապահում: Իհարկե, ոչ մի սահմանադրություն և օրենսդրություն նաև իշխանություններին իրավունք չի վերապահում` ընտրությունների արդյունքները կեղծել կամ այդ արդյունքներից դժգոհելու դրսևորումները ուժով լռեցնել: Սակայն այդ դժգոհությունները չպետք է դուրս գան օրենսդրության շրջանակներից, չպետք է վերաճեն այնպիսի զանգվածային խժդժությունների, ինչի ականատեսը դարձանք մարտի 1-2-ին: Ավա¯ղ, վերաճեցին: Եվ հասարակական մթնոլորտի ծայրահեղ շիկացման հետևանքը եղավ Երևանում թափված արյունը: ՈՒ՞մ մեղքով և ինչու՞ թափվեց այդ արյունը: Հարցի պատասխանը պետք է տա անաչառ հետաքննությունն ու դատավարությունը: Կտա՞, արդյոք: Դժվար է ասել: Եվ առաջին հերթին այն պատճառով, որ բոլոր նրանք, ովքեր հրահրել, դեկավարել ու իրականացրել են Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացնելու այդ ձախողված փորձը, ամեն կերպ խոչընդոտում են օբյեկտիվ հետաքնություն կատարելու, այդ հետաքննության արդյունքների նկատմամբ հասարակական վստահություն ստեղծելու, երկիրը բնականոն կյանքի վերադարձնելու անխտիր բոլոր ջանքերը: Հասկանալի կեցվածք է: Մեղավորները, ովքեր էլ լինեն, այս կերպ ձգտում են խույս տալ պատասխանատվությունից, մեղքը բարդել հակառակորդ կողմի վրա: Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա առավել ակտիվ կողմնակիցները, ովքեր պարզապես չէին կարող չգիտակցել, որ իրավունք չունեին ավարտված ընտրությունների արդյունքները օրինական ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի վճռից հետո շարունակել իրենց արկածախնդրական գործողությունները, չդադարեցնել սողացող հեղափոխությունը, ձգտում են մեղքը բարդել միայն և միմիայն իշխանությունների վրա: Իշխանությունները, իրենց հերթին, հասարակական լարվածության նոր ալիք բարձրացնելուց և նոր արյունահեղությունների տեղիք չտալուց զգուշանալով, ինչպես նաև տեղի տալով այս ամբողջ խժդժությունը ծրագրավորած ու խրախուսած միջազգային ուժերի ճնշումներին, պատասխանատվության չեն ենթարկում ձախողված հեղափոխության հիմնական գործող անձին` նույն Լևոն Տեր-Պետրոսյանին: Վերջինս, խրախուսվելով դրսից և հենվելով դեռ իր հետևից գնացողների միամտության վրա, ոգևորված անպատժելիությունից` շարունակում է իր ազգակործան գործունեությունը: Մինչև ե՞րբ` լոկ իրեն, իր դրսի տերերին ու Աստծուն է հայտնի£ Դիցուք` փետրվարի 19-ի ընտրություններում իրոք հաղթել և Նախագահ էր ընտրվել ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ` Լևոն Տեր-Պետրոսյանը: (Անձամբ ինձ համար կատարյալ ողբերգություն կլիներ պատկերացնել նրան` դարձյալ Նախագահի բազկաթոռին նստած): Ի՞նչ էր անելու այդ մարդը մեզ համար, մեր երկրի ու ժողովրդի համար: Ազատությո՞ւն էր բերելու` ինչպես խոստանում էր: Նրա բերած ազատությունը ազատորեն սովամահ լինելու հնարավորություն էր միլիոնավորներիս համար` երբ նա և իր մերձավորները անզսպորեն կողոպտում ու ամայացնում էին Հայաստանը իրենց դժոխային իշխանության մոտ ութ երկար ու ձիգ տարիներին: Միգուցե ժողովրդավարությու՞ն էր հաստատելու Հայաստանում: Նրա նախագահության շրջանում ժողովրդավարությունը, արդարությունը, հավասար հնարավորություն ները և հազար ու մի այլ բաներ, որոնցով այսօր առատորեն փորձում է կերակրել ժողովրդին` անհուսալիորեն բանտարկված ու արգելափակված էին համակենտրոնացման ճամբար հիշեցնող մեր երկրում: Ծանակված էին օրենքն ու օրինականությունը, պատիվն ու արժանապատվությունը, մարդու իրավունքներն ու այլ արժեքներ: «Ազգընտիրների» պաշտամունքը, քծնանքն ու շողոմանքը բարձրացվել էին պետական քաղաքականության մակարդակի: Անպատժելիությունից հղփացած իշխանավորների շահատակություն ները, փուչ ինքնահիացումով շաղախված, վտանգում էին մեր անկախությունը: Հասկանալ կարելի է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք հարստացածների, պաշտոններ վայելածների կամ նրա վերադարձի դեպքում նոր պաշտոններ ստանալու խոստումներով ոգևորվածների հնարավոր խանդավառությունը: Բայց նրա օրոք ծայրահեղ թշվառության հասածների միամտութունը պարզապես անըմբռնելի է: Ու՞մ ետևից եք գնում, մարդիկ: Կարմիր կովն իր կաշին կփոխի՞: Հասկանալի է նաև ներկա իշխանությունների գործունեությունից դժգոհների արդարացի դառնությունները: Այո, մեր երկրում, ավաղ, դեռ շատ են ծուռն ու թերին, անարդարություն, մարդու անպաշտպանվածություն, անկատար օրենսդրություն, հասարակական վստահություն չներշնչող ընտրություններ և այլն: Նախագահ Սերժ Սարգսյանը անկեղծորեն փորձում է վերացնել այդ չարիքները: Ինչու՞ սատար չկանգնել նրան, ինչո՞ւ ժամանակ չտալ Նախագահին` կատարելու իր նախընտրական խոստումները և մանավանդ` ինչու՞ խանգարել նրան: Ի հաճույս Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա դրսի «ռեժիսորների՞»… Մտածենք այս մասին` քանի դեռ մեզ նոր արկածախնդրությունների չեն դրդել…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ