ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԼՔԸ ՎՃՌՎԱԾ Է


 

«Դե ֆակտո»` Վարդան Ղուկասյանն այլևս Գյումրու քաղաքապետը չէ: Այսինքն, սեպտեմբերի 9-ին «դե յուրե» նա վայր կդնի իր լիազորությունները` այսպիսով ավարտելով 1999 թ. հոկտեմբերից սկիզբ առած «էպոպեան», որի մասին դեռ շա˜տ երկար խոսելու ու գրելու առիթ կլինի: Այս տասներեք (սատանաներին չսիրող Վարդան Ղուկասյանը բախվեց այս «սատանայական» թվին) տարիները երկրի երկրորդ քաղաքի համար ճակատագրական եղան: Վարդան Ղուկասյանն, իհարկե, ՏԻՄ առաջնահերթությունների մեջ ներառեց փոքր ու միջին բիզնեսը, միահարկ ու երկհարկ քաղաք կառուցելու գաղափարաբանությունը: Բայց այստեղ էլ փոքր ու միջին բիզնես կոչվածը հիմնականում կենտրոնացավ քաղաքապետի ու նրա մերձավոր շրջապատի ձեռքերում` միայն մի քանիսին հնարավորություն տալով կուտակելու հսկայական միջոցներ, քաղաքը բաժանելու ազդեցությունների գոտու, որտեղ ամենազորեղներից մեկը Վարդան Ղուկասյան-Հովհաննես Գրքիկյան տանդեմն է:

Քաղաքն ունեցավ ցայտուն արտահայտված երեք օլիգարխ` Ղուկասյան, Գրքիկյան և Բալասանյան: Նրանց «ստվերում» իրենց ֆինանսական կապիտալի կուտակումներով ակնառու դարձան Մարտուն Գրիգորյանի ընտանիքը, ԱԺ նախկին պատգամավոր Ռոբերտ Զաքարյանը և էլի մի քանի հոգի: Իսկ քաղաքը ռեկորդային ցուցանիշներ գրանցեց աղքատության և գործազրկության ասպարեզներում: Օգտվելով «Գյումրու մասին ՀՀ օրենքի» դրույթներից` կարող էին քաղաքը հրապուրիչ դարձնել դրսեկ գործարարների համար, միջնորդ դառնալ Կենտրոնական բանկի և գործարարների միջև` արտոնյալ վարկերի տրամադրման, «լողացող հարկային» քաղաքականության իրականացման ասպարեզներում... Այս ամենի փոխարեն` քաղաքապետն ու նրա մերձավորագույն շրջապատը միայն ու միայն մտածում էին սեփական ունեցվածքի բազմապատկման մասին` Գյումրին վերածելով «անկենդանության գոտու»: Անշուշտ, այս ամենում իրենց մասնակցությունն ունեին խորհրդարանը, կառավարությունը, որոնց համար երկրի երկրորդ քաղաքն ընդամենը դիտարկվում էր համապետական ընտրություններում ձայներ ապահովող «լոկոմոտիվ»:

Ասում են` անցած ուրբաթ օրը նախագահ Սարգսյանի առանձնասենյակում լուծվեց Վարդան Ղուկասյանի ճակատագիրը: Չնայած պաշտոնական տեղեկատվությունը բացակայում է, այնուհանդերձ լավատեղյակները գիտեն, որ նախագահը քաղաքապետին պարտադրել է հետ կանգնել նորից առաջադրվելու գաղափարից և իշխանությունը հանձնել Բալասանյան Սամվելին: Այսինքն, իշխանությունը մի օլիգարխից փոխանցվում է մյուսին: Միայն մի տարբերությամբ, որ Բալասանյանի անունը քիչ է կապակցվում քրեածին պատմություններին, նա դեռևս չի ունեցել այնպիսի իրական իշխանություն, որպեսզի կարողանար ամբողջապես ի ցույց դնել իր դիմագիծը, չնայած, նրա սեփականությունը հանդիսացող գարեջրի գործարանում թիկնապահները մարդ էին սպանել: Այսինքն, Բալասանյանը ևս ունի իր «Հարսնաքարը»:

Խոսվել է քաղաքային բյուջեի աննպատակամետ ծախսումների, քաղաքապետի` Ֆրանսիայում ունեցած անշարժ գույքի, ինչպես նաև ԱԺ ընտրություններում Գյումիրում ՀՀԿ ակնկալված քվեները չապահովելու մասին, որի պատասխանատուն Վարդան Ղուկասյանն էր: Առաջին անգամ հրապարակայնորեն ասենք, որ սա Վարդան Ղուկասյանի դեմ բարձրացված առաջին պատնեշն էր, որին հանդիման նա կանգնեց իր ամբիցիաների և քաղաքական իրավիճակը վերլուծելու անկարողության պատճառով:

Ըստ էության, Բալասանյան Սամվելն իր ունեցվածքով գրեթե չի զիջում Վարդան Ղուկասյանին. մի քանի հազար հա տարածություն զբաղեցնող գարեջրի գործարան, իջևանատուն, շքեղ առանձնատուն Գյումրիում, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ Շիրակի մարզում, ռեստորան, ռեստորանային համալիր, բնակարաններ Երևանում, գարեջրի գործարանի մասնաճյուղեր Ջավախքում, Բաթումիում, բնակարան Մոսկվայում… Սակայն Բալասանյանը եղել է ԱԺ խմբակցության ղեկավար, նախագահի տեղակալ, այսինքն` բարձրաստիճան պաշտոնյա է, ինչը կարող է տպավորություն թողնել: Հանուն Վարդան Ղուկասյանից ազատվելու` մարդիկ ձայն կտան Բալասանյանին, ով մշտապես փնտրել է հենարաններ իշխանության մեջ: Մերթ եղել է Արթուր Բաղդասարյանի, մերթ էլ Գագիկ Ծառուկյանի կուսակցություններում` հանուն «տանիքի» և իր բիզնեսի: Հիմա նրա հարմարվողականությունը դյուրությամբ կօգտագործվի: