ՋԱ˜Ն, ԻՄ ՎԱՆԱՁՈՐ...


 

Վանաձորցիները կատակով ասում են, որ շատ կուզենային, որպեսզի լիներ տասներկու թեկնածու, ամեն ամիս մեկը ղեկավարեր քաղաքը, գուցե այդ դեպքում լուրջ տեղաշարժեր գրանցվեին քաղաքում, թե չէ հիմա տեղաշարժեր արձանագրվում են միայն Սամվել Դարբինյանի ունեցվածքում և ֆինանսական կուտակումներում:

Վանաձորցիներն այնքան էլ շռայլ մարդիկ չեն, ճոխություններ չեն սիրում, հաճախ բավարարվում են քչով: Բայց ահա քաղաքապետի թեկնածուների հարցում երրորդ քաղաքը, որի բնակչությունն այսօր հազիվ 50-60 հազար է, որոշել է զարմացնել բոլորին` իր քաղաքապետի թեկնածուների առատությամբ:

Որպես առաջին թեկնածու` ներկայանում է գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ով քաղաքը կառավարում է 1999 թվականից: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, նրան ևս սպասում է այն իրավիճակը, որում հայտնվեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Մարզպետ Ա. Նալբանդյանը չի պաշտպանելու Դարբինյանի թեկնածությունը, ՀՀԿ-ն ևս առայժմ հայտարարություն չի արել նրան պաշտպանելու մասին: Սամվել Դարբինյանն ունի «պահեստային տարբերակ»` իր փոխարեն առաջադրելու որդուն:

Հաջորդ թեկնածուն «մշտական» է, նա մասնակցում է գրեթե բոլոր ընտրություններին: Խոսքը Սեյրան Հարությունյանի` «Կոմսի» Սեյրանի մասին է: Երրորդ տեղում փաստաբան Կարեն Թումանյանն է: Հաջորդաբար գալիս են Ստյոպա Այվազյանը և Լոռու մարզպետի տեղակալ Էդիկ Կարախանյանը:

Սակայն այսքանով չի եզրափակվում թեկնածուների ցանկը: Հաջորդ թեկնածուն բժիշկ-ազատամարտիկ, ՀՀՇ անդամ, վերջերս աշխատանքից ազատված Կարեն Ադամյանն է, ով լինելով ավագանու անդամ` մեծ ծավալի աշխատանքներ է կատարել, նպաստել, որ քաղաքային բյուջեի ծախսումների մասին լինեն հրապարակային հաշվետվություններ: Կարեն Ադամյանը բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ է: Մյուս թեկնածուն Տարոն Ապրեսյանն է` պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի եղբոր փեսան: Այսինքն, արդեն այսօր Վանաձորն ունի քաղաքապետի յոթ թեկնածու: Չի բացառվում, որ առաջադրումների ժամանակ նոր անուններ էլ հայտնվեն: