Փորձանք` մատաղի ժամանակ


 

Վերջերս հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձախ ազդրի ծակած վերքով իրենց մոտ բուժօգնություն է տեղափոխվել Սարգիս անունով մի երիտասարդ:

Բուժհիմնարկ մեկնած ոստիկանության ծառայողներին երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է գառ մորթելու ժամանակ:

Հետաքննությունը հաստատել է երիտասարդի ասածի իսկությունը. ընկերախմբով վաղուց որոշել էին մատաղ անել, իսկ արարողությունն էլ կազմակերպել գյուղի եկեղեցում: Եվ ահա բուն միջոցառման ժամանակ, մատաղացու գառան ականջը կտրելու պահին, խոհանոցային մեծ դանակը հանկարծակի ընկել է այդ արարողությունը կատարողի ձեռքից և խրվել մոտիկ կանգնած երիտասարդի ոտքը:

Դե, ինչպես հասկանում եք` միջոցառումը բուն նպատակին չի ծառայել:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ դանակն առգրավված է, նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Իսկ մատաղի արարողությանը ներկա գտնվողներից մեկն էլ առաջարկել է «փորձանքների քոքը կտրելու համար» նոր մատաղ անել...

Ընդունելի լինի, թող կորչի փորձանքը, և թող ամենեցուն թագավորի խաղաղությունն ու համերաշխությունը: