ԹԱՆԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՐՄԱՐՎԵԼ ԵՆՔ


 

Վիճակագիրների հրապարակած վերջին տվյալները վկայում են, որ մեր տնտեսությունն ու բնակչությունը կիսամյակից կիսամյակ գազն իբրև վառելիքի ամենանախընտրելի միջոց են համարում: Ասվածից կարելի է եզրակացնել, որ տարեսկզբին նախատեսվող երկնագույն վառելիքի գործող սակագնի զգալի թանկացումը շեշտակի հարված է հասցնելու մեր գրպաններին, ինչպես նաև բարդացնելու է վերադարձն այլընտրանքային միջոցի` էլեկտրաէներգիայի սպառմանը:

Թվերը փաստում են, որ ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին շուրջ 20 տոկոսով մեծացել են ավտոգազալցակայանների կողմից իրացվող երկնագույն վառելիքի ծավալները: Սա նշանակում է, որ բենզինի և դիզվառելիքի գների պարբերական աճը հազարավոր մեր հայրենակիցների մղել է` իրենց մեքենաները միայն գազով շահագործել: Չնայած մեր տնտեսության ներկա վիճակի մասին կարծիքներն ու գնահատականները շարունակում են հոռետեսական մնալ, այսուհանդերձ թվերը փաստում են, որ շուրջ 13 տոկոսով էլ արդյունաբերական ձեռնարկությունների կողմից սպառվող գազի ծավալների աճ է արձանագրվել:

Ընդհանուր առմամբ հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալներն ավելացրել են 22,37 տոկոսով: Ասել է թե` գործող սակագինը բարձր համարելով հանդերձ` մեր տնտեսությունն այնուամենայնիվ մեծացնում է վառելիքի սպառման ծավալները: Սակայն առաջիկա հունվարին գրանցվելիք գնաճային հետևանքները մնում են մշուշոտ: