ԱՉՔԸ` ԱՇԽԱՏԱՎՈՐ ՄԱՐԴՈՒ ԳՐՊԱՆԻՆ


 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը որոշել է մեր գյուղտնտեսություններին տոկոսով փող առաջարկել: Եվրոպացիները թերևս լավ են ուսումնասիրել հայ գյուղացու ֆինանսական հնարավորությունները ու որոշել են առայժմ 1 միլիոն դոլար «գործի մեջ» դնել: Թեև նշվում է, որ վարկավորման արտոնյալ պայմաններ են գործելու, այսուհանդերձ տարեկան 14 տոկոսն ամենևին էլ լավության կարգով տրվող գումար չես համարի: Ավելին, եվրոպացիները փողը միմիայն հայկական դրամով են տրամադրելու, ինչը նշանակում է, որ արժույթի շուկայի հետագա ցնցումները (իսկ այստեղ ամենախոցելին հայկական դրամն է) հնարավոր է, որ ինքնաբերաբար ավելի մեծացնի վարկառուների պարտքի ու տոկոսների չափը:

Գյուղտնտեսություններում, ինչպես երևում է, ոգևորված չեն եվրոպացիների` իրենց ուղղված առաջարկից: Փոխարենը վարկային պայմանագիրը ցնծությամբ է ստորագրել միջնորդ կողմը` հայտնի օլիգարխ «Ֆլեշ» Բարսեղին պատկանող բանկը: Այս կառույցի ակնկալիքները զանազան միջնորդավճարներից ստացվելիք եկամուտների առումով մեծ են: Չի բացառվում նաև, որ գյուղացիները բոյկոտեն եվրոպացիների առաջարկը, ու նշված 1 միլիոնն ընդհանրապես բանկի տնօրինման տակ մնա և ավելի բարձր տոկոսներով ուղղվի, ասենք, բնակարանային կամ ավտովարկերի տրամադրմանը:

Վարկի իրական հասցեատեր գյուղացիները առաջարկից օգտվելու հարցի շուրջ ծանրութեթև անելու ժամանակ ունեն: Տարվա այս հատվածում այդ գումարները նրանց պետք չեն, ու մարդիկ փողի կարիք ամենաշատն աշնանացանից առաջ կզգան: