ՂԱՐԱԲԱՂՆ ԸՆՏՐԵՑ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ


 

ԼՂՀ-ում նախագահական ընտրությունների արդյունքներով Բակո Սահակյանը պաշտպանեց իր պաշտոնը` ստանալով մոտ 48 հազար ձայն: Արտաքուստ այն տպավորությունն է, թե ոչինչ չփոխվեց ԼՂՀ-ում, թե ամեն ինչ մնաց իր տեղում: Սակայն սա միայն արտաքին տպավորություն է, երևութական տպավորություն: Իրականում Արցախում տեղի ունեցավ ժողովրդավարության ճշմարիտ հաղթանակ, ինչի վկայությունը 22 հազարից ավելի ձայնն էր, որը տրվեց ընդդիմության թեկնածուին` այսպես հավաստելով, որ հերոսական այս ժողովուրդը կարողացավ հաղթահարել շատ բարդույթներ և հնչեցնել իր ձայնը` հաստատելով, որ Ղարաբաղում այս ընտրությունները ջրբաժանի դեր կատարեցին: Ջրբաժան` երեկվա և այսօրվա միջև:

ԼՂՀ ներքաղաքական վիճակի վերլուծություններում մենք միշտ զգուշավոր ենք եղել, միշտ ձգտել ենք չխոսել այստեղ հաստատված կառավարման որոշ ավտորիտար սկզբունքների, բնակչության գերակշռող մասի թշվառության, ձգձգվող վերականգնողական աշխատանքների, պետական բյուջեի և տարբեր հովանավորների ու միջազգային կառույցների աջակցությամբ Ղարաբաղ հոսող ֆինանսական միջոցների աննպատակահարմար ծախսումների, մի շարք պաշտոնյաների ցոփ ու շվայտ ապրելակերպի, Երևանում ձեռք բերած նրանց շքեղ բնակարանների, Ստեփանակերտի փողոցներով անցնող նրանց գերթանկարժեք ավտոմեքենաների մասին: Միշտ մտածել ենք, որ այս ամենը կարող է օգտագործել հակառակորդը` խոսելով հայկական այս փոքրիկ պետության մեջ ևս արմատավորված հոռի բարքերի, կոռուպցիայի մասին` այդպես խոչընդոտելով նրա միջազգային ճանաչմանը: Սակայն այս ամենի մասին բարձրաձայնեցին հենց իրենք` ղարաբաղցիները ողջ ընտրարշավի ժամանակ և արտահայտեցին իրենց վերաբերմունքը. ընտրություններին մասնակցող ղարաբաղցիների ձայների մեկ երրորդից ավելին բաժին հանելով ընդդիմադիր թեկնածու Վիտալի Բալասանյանին: Սա նշանակում է, որ Ղարաբաղը ջանքեր գործադրեց գնալու դեպի իրավիճակի սկզբունքային գնահատությունն ու արդարությունը: Ղարաբաղյան քաղաքական գործիչներից մեկն այսպիսի գնահատական տվեց ընտրություններին.

- Այս ընտրություններից հետո ժողովուրդը հավատում է իր ուժերին: Եթե մինչ այդ խեղճացած էր, ղեկավարությունն ինչ ուզում` անում էր, ապա այսուհետ Ղարաբաղի ժողովուրդն այլևս չի ընդունելու իշխանությունների մանիպուլյացիաները: Ղարաբաղի ժողովուրդն արդեն քայլ առաջ է կատարել այլ իրավագիտակցության ոլորտ:

Հետևաբար, 2012-ի ընտրություններն իսկապես Ղարաբաղի նոր հաղթանակն է, նոր ճանապարհը դեպի իրավական ու ժողովրդավար պետություն:

Այն հանգամանքը, որ ընդդիմադիրներն անգամ խոսում են նոր իրավիճակի մասին, նշանակում է, որ Ղարաբաղում տեղի է ունեցել մեծ փոփոխություն: Ուրեմն, ջրբաժանն իրականություն է:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ