ՖՈՐՊՈ՞ՍՏ, ԹԵ՞ ԱՆՀՐԱԺԵՏ ԴԱՇՆԱԿԻՑ


ՌԴ նախագահի եռօրյա պետական այցը Հայաստան դժվար է պատմական չորակել: Սեփական երկրում որևէ այլ տերության ռազմաքաղաքական ներկայությունը մինչև 2044 թվականը ամրագրող և նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու մասին համաձայնագրերը չեն կարող որևէ պետության համար պատմական նշանակություն չստանալ: Մինչդեռ Դմիտրի Մեդվեդևի և մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանի տևական առանձնազրույցից, ապա ընդլայնված կազմով բանակցություններից հետո, ստորագրվեցին հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը զարգացնելուն ու ամրապնդելուն նպատակաուղղված 5 համաձայնագիր ու պայմանագիր: Երկու երկրներում առևտրային ներկայացուցչություններ հիմնելը, տնտեսական հետընդունման (ռեադմիսիայի) կիրարկման կարգը հաստատելը, ռազմատեխնիկական արտոնագրված կենտրոններ, սպառազինության տեխնիկական սպասարկման ու վերանորոգման համատեղ ձեռնարկություններ ստեղծելը, իհարկե, ընդլայնում ու խորացնում են Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերությունը: Միաժամանակ, դժվար է հերքել, որ այդ ամենի առանցքն ու հիմքը Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական հենակետի գործունեության ժամկետները երկարաձգելը և գործառույթների ոլորտը, աշխարհագրական ու ռազմավարական պատասխանատվությունը բազմապատկելն է: Ռազմավարական գործընկերության հաստատումն է նաև ռազմավարական խիստ կարևոր օբյեկտի` միջուկային էներգաբլոկի ռեակտորի կառուցումը ռուսներին վստահելու փաստը: Ուշագրավ է միաժամանակ Հայաստանի գործընկերային ազատության ու բազմավեկտորությունը հաստատող փաստը, ըստ որի ռուսական ֆինանսական ներդրումները չեն գերազանցի 20%-ը, իսկ համալիրի մյուս սարքավորումները կկառուցվեն ոչ ռուսական տեխնոլոգիաներով: Բայց եթե մինչ այս Գյումրիի ռուսական ռազմակայանը պաշտպանում էր միայն Խորհրդային նախկին արտաքին` Հայաստան-Թուրքիա սահմանը, ապա հիմա այս բոլոր սահմանափակումները հանված են: Ռուսաստանը նաև պարտավորվել է ապահովել մեր երկրի ռազմական անվտանգությունը և արդիական զենքով վերազինել հայկական բանակը: Երկու երկրների նախագահներն էլ չթաքցրեցին, որ այս քայլերը պայմանավորված են տարածաշրջանային ճգնաժամերն ու հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մտայնությամբ: Ուղղակիորեն նկատի ունենալով Արցախի հակամարտությունը, ընդգծվեց, որ այս կերպ պահպանվում է տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը, և հնարավոր սադրանքներն ու ռազմամոլ հավակնությունները զսպելու երաշխիքներ են ապահովվում: Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու Գյումրիում ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուս սպաների «Պատվո բլուր» հուշահամալիր այցերի ընթացքում էլ բազմակիորեն շեշտվեցին հարևանների նկատմամբ վերաբերմունքը և կողմերի նույնական գնահատականները` տարածաշրջանային իրողություններին ու առկա հարաբերություններին: Հաստատագրվեց, որ Ռուսաստանը վճռականորեն վերականգնում ու վերահաստատում է իր աշխարհաքաղաքական գերիշխանությունը Կովկասում և ստանձնում է տարածաշրջանում խաղաղություն ու անվտանգություն երաշխավորողի գործառույթները: Իսկ Հայաստանը երկարատև ժամանակահատվածում լինելու է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը: ՌԴ նախագահն ուղղակի ընդգծեց. «Մենք միասին կպայքարենք բոլոր այն վտանգների դեմ, որոնք դեռ կան, ու կօգնենք միմյանց»: Ռուսաստանն այս կերպ ոչ միայն բացահայտում է, որ ԱՄՆ-ի հետ մրցակցային հարաբերություններից անցնում է նրան տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականության, այլ նաև ցույց է տալիս, որ նպատակին հասնելու համար պատրաստ է կիրառել իր զինանոցում առկա աշխարհաքաղաքական բոլոր գործիքներն ու միջոցները: Մասնավորապես, Արցախի հիմնախնդիրը կարգավորելու պարագայում Ռուսաստանը առաջադրել է իր սկզբունքները` այլ միջնորդների միջամտությունները անարդյունա վետ համարելով և բացառելով ռազմական լուծումը: Պատերազմական նկրտումները, այնուամենայնիվ չեն բացառվում: Ուստի Ռուսաստանը միաժամանակ ռազմաքաղաքական միջոցառումներ է նախաձեռնում և միանգամայն թափանցիկ ակնարկում է, որ եթե Կովկասում դարձյալ 2008 թվականի օգոստոսյան դեպքերը կրկնելու փորձ ձեռնարկվի, ապա ինքը գործելու է որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկիր: Իսկ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում, որպես ռազմավարական դաշնակից, չի հապաղելու` մինչև ՀԱՊԿ-ը կոլեկտիվ որոշում կայացնի, այլ անմիջականորեն կներգրավվի ռազմական գործողություններում: Միաժամանակ հավանական է, որ ֆինանսական կամ այլ նկատառումներով Ռուսաստանը կարող է Ադրբեջանին C-300 երկիր-երկինք հակահրթիռային կայանք վաՃառել: Բավական թանկարժեք այս ձեռքբերումը, սակայն Ադրբեջանին երաշխիքներ չի ապահովում, թե պատերազմական գործողությունների պարագայում կկարողանա պաշտպանել սեփական ռազմավարական օբյեկտները, նավթաբազաներն ու նավթահորերը, խողովակաշարերն ու Մինգեչաուրի ջրամբարը: Հայ-ռուսական ռազմավարական գործընկերութ յան աշխարհաքաղաքական բնույթը հուշում է, որ շատ շուտով Գյումրիի ռազմակայանը կստանա «Երկիր-երկիր» գերարդիական հրթիռակայաններ և կարող է նշանառության տակ պահել բոլոր թիրախները: Գյումրիի ռազմակայանի նոր ռազմավարական ու մարտական հատկանիշներն էականորեն նվազեցնում են Արցախի, նաև Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հավանականությունը: Միաժամանակ, Ադրբեջանի ընտրած պատերազմական ճանապարհին նոր խոչընդոտներ ու արգելանքներ են առաջանում: Դրանք հաղթահարելու նպատակով մեր արևելյան հարևանը շտապեց հերթական` 258-րդ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը կնքել «մեծ եղբոր» հետ, ըստ որի նախատեսվում է թուրքական ռազմակայան տեղակայել Նախիջևանում: Մինչդեռ անելանելի վիճակում հայտնված Իլհամ Ալիևը, շրջահայաց լինելու դեպքում, ոչ թե պետք է բարդացներ Ռուսաստանի հետ հարաբերությունները, այլ փորձեր աշխարհաքաղաքական անխուսափելի զարգացումների մասնակիցը դառնալ: Դա նաև Ադրբեջանի սուլթանին թույլ կտար նվազեցնել թուրքական անհեռանկար ազդեցությունները և ակտիվացող ու անվերահսկելի դարձող ներքին ազգայնական ուժերին մատչելիորեն բացատրել ռազմական նկրտում ներն իրագործելու անհնարինության ու ԼՂՀ ստատուս-քվոն փոխելու անկարողության պատճառները: Իհարկե, մեր երկրում ևս ժողովրդավարությունն անհրաժեշտ մակարդակի վրա չէ, այլապես երկարաժամկետ և պետության ու ժողովրդի համար խիստ բախտորոշ ռազմավարական վճիռներ կայացնելուց առաջ ճիշտ կլիներ համաժողովրդական հանրաքվե, նույնիսկ համազգային հարցումներ նախաձեռնել: Անվիճելի է ու բացահայտ, որ հայ-ռուսական Մեծ պայմանագրի երկարաձգումը մինչև առնվազն 2044 թվականը, էականորեն սահմանափակում է Հայաստանի արտաքին քաղաքական ինքնուրույնությունն ու ազատությունները: Միաժամանակ, կարելի է պնդել, որ աշխարհաքաղաքական առաջիկա զարգացումների հնարավոր հեռանկարները նկատի ունենալու դեպքում Հարավային Կովկասի, նույնիսկ Մերձավոր ու Միջին Արևելքի յուրաքանչյուր պետություն բաց չէր թողնի Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու կամ դրանք ամրապնդելու հնարավորությունը: Ակնհայտորեն, հիմա նույնիսկ Վրաստանում են այսպիսի տրամադրություններ հասունանում: Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Ռուսաստանը միակ կարող ուժն է, որն ի վիճակի է Կովկասը, Մերձավոր, Միջին Արևելքն ու Միջին Ասիան զերծ պահել ռազմադաշտի վերածվելու հեռանկարից: Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության արդյունքում Հայաստանը հնարավորություն է ստանում ապահովել երկրի ու ժողովրդի անվտանգությունը և երաշխավորել ԼՂՀ բնակչության կայուն խաղաղ զարգացման հեռանկարը: Հայաստանը և° խաղաղության պամաններում, և° պատերազմական գործողությունների դեպքում ինքնիշխանության, անկախության ու ազատության կորուստ չի կարող ունենալ գոնե այն երաշխիքով, որ մեր երկրի Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն, պատերազմական կամ երկրի անվտանգությանը սպառնացող իրավիճակներում Հայաստանի նախագահին` գերագույն գլխավոր հրամանատարին է վերապահվում երկրի տարածքում առկա բոլոր զինված ուժերն օգտագործելու իրավասությունը: Հայաստանը գործընկերային սերտ հարաբերություններ ունի Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ, սակայն իր անվտանգությունն ապահովելու այլընտրանք, բացի ռուսականից, չունի: Խնդիրն այն է, որ Եվրամիությունը պարզապես չունի ապահովական մեխանիզմներ, իսկ ԱՄՆ-ը դա կարող է անել միայն ՆԱՏՕ-ի համակարգում£ Սակայն անգամ Եվրաատլանտյան ռազմաքաղաքական այս դաշինքի դռները ջարդող Ուկրաինային ու Վրաստանին ոչնչով չկարողացավ օգտակար լինել: Այսօր Ուկրաինան երկարաձգել է Ղրիմում տեղակայված ռուսական ռազմակայանների գործունեության ժամկետները, իսկ Վրաստանը երկու տարի առաջ անմոռանալի դաս ստացավ իր նկրտումների համար ու կորցրեց Աբխազիան ու Հարավային Օսիան: Այսուհանդեձ, Հայաստանը նոր ռազմաքաղաքական գործընկերային հարաբերությունների մեջ մտնելով Ռուսաստանի հետ, այլևս չի կարող «ֆորպոստ» համարվել, քանզի ակնհայտ է, որ առնվազն ողջ Կովկասում, ինչու չէ` նաև Մերձավոր ու Միջին Արևելքում, ռազմավարական անհրաժեշտ դաշնակցի ռուսական փնտրտուքն ավարտվեց Հայաստանի հետ Մեծ պայմանագիրը երկարաձգելով: Սա հաստատումն է, որ Հայաստանն ու Ռուսաստանը, եթե անգամ տարածաշրջանում կարող են ունենալ տարբեր շահեր ու հետաքրքրություններ, ապա դրանց հասնելու այսօրվա հնարավորությունները և քայլերը համընկնում են: Ռուսաստանն իր ռազմավարական ծրագրերն իրականացնելու, գերտերություն դառնալու ցանկությունները չի կարող իրականացնել առանց Հայաստանի ռազմավարական գործընկերության, իսկ Հայաստանն այս կերպ լուծում է իր անվտանգությունն ապահովելու խնդիրները: Որպես ամենակարևոր գործոն ու հանգամանք, ընդգծենք. վերջին երկու տասնամյակում տեղի ունեցած զարգացումները հաստատեցին ու ապացուցեցին, որ Կովկասում աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների ձեռնարկած գործընկերոջ որոնումներն ավարտվում են հենց Հայաստանում: Հայաստանն այսօր ցանկալի ու վստահելի գործընկեր է միջազգային բոլոր ուժերի համար, քանի որ մյուս բոլոր «հավակնորդները» բացահայտեցին իրենց անկարողությունն ու թերարժեքությունը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ստանալով Հայաստանի դաշնակցային համաձայնությունը` Ռուսաստանը կարողացավ առաջ անցնել ու հաղթել տարածաշրջանում ծավալված աշխարհաքաղաքական մրցակցությունում:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ