Համախմբվածությունը ինքնանպատակ չէ


Հայաստան-Սփյուռք V համաժողովը փաստեց.

-Մենք ուժեղ ենք միասին և միասնաբար ենք կերտելու մեր պատմությունն ու ապագան` հանուն հզոր և ապահով ՀԱՅԱՍՏԱՆԻ, հանուն անկախ ու հաղթանակած ԱՐՑԱԽԻ և կազմակերպված ՍՓՅՈՒՌՔԻ:

Համախմբվածությունը ինքնանպատակ չէ

Հատված համաժողովում ՀՀ նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ ելույթից

-Հայաստանը հետևողական և նախանձախնդիր է Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցում: Հայ ժողովուրդն այսօր աշխարհին է ներկայանում անկախ Հայաստանով, անկախ Արցախով և զորեղ Սփյուռքով:

Արդի աշխարհում հայ ժողովրդի ամենամեծ քննությունը Հայաստանի պետականության առօրյա կյանքի կազմակերպման գործն է: Եթե մեզ հաջողվեց հաղթահարել ամենաբարդ քննությունը, որն էր պատերազմը, ապա մենք իրավունք չունենք ընկրկելու այսօրվա խնդիրների հորձանուտում:

…Հայի տեսակի վաղվա օրը որոշվում է հայրենի երկրում: Հայի տեսակի առաջընթացն ու հզորությունը, ապագան ու հեռանկարը կոփվում են Հայաստանում, քանի որ արդի աշխարհում ժողովրդի առհավետ գոյության ամենահզոր և միակ գրավականն ազգային պետությունն է:

Այսօր չկան Հայրենիքը և Սփյուռքն իրարից բաժանող անցյալ դարաշրջանի անջրպետները: Եվ դա ինքնին ազգային համախմբվածությունը խրախուսող հանգամանք է: Սակայն այդ համախմբվածությունը ինքնանպատակ չէ: Այն անհրաժեշտ միջոց է, որպեսզի մենք հաղթահարենք ինքներս մեր մեջ բացահայտած վատը:

Համոզված եմ, որ Հայրենիքը երբեք հայի համար բանտ չպիտի դառնա: Բայց այն նաև չպիտի լինի հյուրանոց: Հյուրանոցը հյուրի համար է, իսկ Հայաստանում յուրաքանչյուր հայ պետք է տոգորված լինի իր տանտեր լինելու հանգամանքով: Յուրաքանչյուր հայ իր տունն ու օջախը պետք է ունենա հայրենիքում:

Ահա այստեղ եմ տեսնում հայրենիքի հզորացման ու շենացման գործում Սփյուռքի ներուժը ներդնելու առաջնահերթ ուղղությունը: Համաշխարհայնացման ներկա մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է համախմբել համայն հայության կարողությունները, մասնագիտական ունակություններն ու հնարավորությունները, զարգացնել երիտասարդների հայրենասիրական, ազգային զգացումները: Սփյուռքի մտահղացումներն անհրաժեշտ են Հայաստանի պետության կերտման, անվտանգության, կայունության ու զարգացման համար: