Հետո էլ երևի ռոբոտները մարդկանց կկառավարեն


Առայժմ մարդիկ շարունակում են կատարելագործել ռոբոտ կոչվող սարքերը, և դրանք հաջողությամբ կարողանում են կատարել բոլոր այն հրահանգներն ու այն չափով, որոնցով ու որքան ծրագրավորվել են:

Կիրակի օրը Ճապոնիայում վաճառքի են հանվել այսպես կոչված հումանոիդ-ռոբոտներ` Պեպպեր անունով: Սրանք (որքան էլ մարդանման են, բայց ընդամենը սարք են և չարժե դրանց մասին ասել «նրանք») կարողանում են ոչ միայն ինչ-որ բառեր արտաբերել, այլև զրուցել, հասկանում են մարդու դեմքի արտահայտությունը ու նույնիսկ արձագանքում են նրանց տրամադրություններին:

Պեպպերը գիտե 4,5 հազար բառ. դրա ձեռքերը զգում են ուրիշի հպումը: Ռոբոտի հասակը 1,2 մետր է, քաշը` 28 կգ: Այսուհանդերձ, սրա օգտակարության գործակիցը դեռևս այնքան էլ մեծ չէ: Այն ավելի շուտ կարող է ընկերակցել միայնակ մարդկանց: Սակայն հեռանկարում դա այնքան է կատարելագործվելու, որ փոխարինելու է իսկական մարդկանց: Ճապոնիայի (իհարկե` ոչ միայն Ճապոնիայի) բնակչությունը ծերանում է, և աշխատողների պակասը նախատեսում են լրացնել տարատեսակ պեպպերներով: Արդեն իսկ այսօր ռոբոտեխնիկայի տեղական շուկան այնտեղ գնահատվում է տարեկան 8 միլիարդ դոլար (տեղեկացրել է CNN-ը):

Ի դեպ, օրերս Իսրայելում էլ ներկայացվել են ռոբոտներ` մարտական գործողություններին մասնակցելու համար: Սրանց ինժեներները հիմնականում շեշտադրում են, որ իրենց նպատակն է, որպեսզի առավելագույնս սահմանափակեն մարդկանց մասնակցությունը մարտական գործողություններին: Փաստորեն առժամանակ անց` պատերազմները կամ ահաբեկիչների դեմ պայքարը կստանձնեն այս ուշիմ սարքերը: Ասել է թե` դրանք պետք է կարողանան նաև կողմնորոշվել ինքնուրույն: Հետո էլ, երևի, ինքնաստեղծ գործունեություն կծավալեն ու կսկսեն մարդկանց ուսուցանել..