Գազավորված ըմպելիքը` միայն անձնագրերով


Այս ըմպելիքի վնասները բոլորը գիտեն, բայց շարունակում են օգտագործել` չանհանգստանալով նույնիսկ երեխաների առողջության համար: Մինչդեռ պետական մակարդակով պետք է մտահոգվել այդ խնդրով: Վերջապես նման նախաձեռնությամբ հանդես են եկել Հանրային պալատի անդամները` խնդրելով ՌԴ կառավարությանը, որպեսզի մինչև 14 տարեկաններին արգելվի քաղցր գազավորված խմելիք գնել ինքնուրույն. վաճառողները պետք է անձնագիր պահանջեն` համոզվելու համար, որ գնորդը չափահաս է (տեղեկացրել է «Իզվեստիա»-ն):

Միաժամանակ առաջարկվել է նախազգուշացնող գրություն փակցնել շշերի վրա` որ դրանց մշտական ու չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել ճարպակալման, շաքարախտի և առողջությունը վտանգող այլ ծանր հետևանքների:

- Երեխան չգիտե, թե ինչ է նշանակում շաքարախտը. նա խմում է, որովհետև համով է, և արդյունքում շաքարի վրա է «նստում»: Նա փորձում է ծարավը հագեցնել գազավորվածով` հավատալով գովազդում ասվածներին,- նշել է Հանրային պալատի քարտուղարի տեղակալ Վլադիսլավ Գրիբը:

Իսկ Պետդումայի առողջության պահպանության կոմիտեի անդամ Սերգեյ Ֆուրգալը հավելել է.

- Ես լիովին աջակցում եմ երեխաներին այդպիսի ըմպելիքների վաճառքն արգելելու մտադրությունը: Չէ՞ որ երեխան դեռ չի հասկանում, որ դրանք խմել չի կարելի: Եվ խնդիրը միայն շաքարը չէ: Խոսքը նաև բազում քիմիական հավելումների, ալերգենների, տոնուսը բարձրացնող նյութերի մասին է:

Ֆուրգալը նկատել է, որ երեխաները հաճախ նաև էներգետիկ ըմպելիքներ են գնում, որոնք վտանգավոր են դեռահասների առողջությանը: Դրանք պարունակում են տաուրին ու դրա նման այլ նյութեր, որոնք գրգռում են նյարդային համակարգը և կախվածություն առաջացնում:

Նման կախվածությունը եկամտաբեր է արտադրողի համար, իսկ նույնիսկ չափահաս սպառողները չեն նշմարում այդ խայծը և գայթակղիչ գովազդներին իտրիտուր` տկարացնում են իրենց ու զավակներին:

Մենք նույնպես պետք է մտածենք այս մասին: