Խաղաղ բնակչության գերեզմանատուն


Պատերազմի հրեշավոր դեմքը միայն անխնա կրակոցներն ու մարտնչող զինվորականների սպանությունը չեն, բնակավայրեր ավիրելը չէ: Խաղաղ բնակչությանն էլ չեն խնայում թշնամի դարձած նախկին եղբայրները: Ու մինչ շարունակվում են մարդասպան ռմբահարումները, երկու օր առաջ Դոնեցկից 60 կմ դեպի արևելք գտնվող N 22 հանքահորի տարածքում` Կոմունար ավանում աշխարհազորայինները հայտնաբերել են զանգվածային գերեզմանատուն: Առայժմ արտաշիրիմվել է 4 դիակ, որոնցից 3-ը` կանանց: Դրանից երկու օր առաջ այդ նույն վայրում Ուկրաինայի ազգային գվարդիայի զորամասներն էին:

Աշխարհազորայինները պնդում են, որ սա միակ «եղբայրական» գերեզմանը չէ և առաջիկայում մյուսները նույնպես կարտաշիրիմվեն: Ու որպես ապացույց, նշյալ վայրից ոչ հեռու, Նիժնյայա Կռինկա բնակավայրում կամավորականները լրագրողներին ցույց են տվել նմանատիպ ևս մեկ գերեզման:

Աշխարհազորայինները համոզված են, որ խաղաղ բնակչության այդ սպանդը Ուկրաինայի ազգային գվարդիայի մարտիկների ձեռքի գործն է.

- Գերեզմանների կողքին հայտնաբերվել են նրանց չոր մթերաբաժինները: Այդ վայրից մենք նրանց դուրս ենք քշել երկու օր առաջ,- պատմել է կամավորականներից մեկը:

Այս գերեզմանատեղիները ցույց են տվել տեղաբնակները և պատմել, թե ինչ դաժանորեն են նրանց սպանել ուկրաինական ուժայինները:

Ապրիլ ամսից կիևյան իշխանությունները ուժային գործողություններ են կատարում Ուկրաինայի արևելքում` ընդդեմ պետական հեղաշրջումից դժգոհ դոնբասցիների: ՄԱԿ-ի տվյալներով` սեպտեմբերի 11-ի դրությամբ զինված բախումների զոհ են դարձել շուրջ 3,2 հազար խաղաղ բնակիչ. կա նաև ավելի քան 8 հազար վիրավոր (տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն):