Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը փաստեց.


-Մենք ուժեղ ենք միասին և միասնաբար ենք կերտելու մեր պատմությունն ու ապագան` հանուն հզոր և ապահով ՀԱՅԱՍՏԱՆԻ, հանուն անկախ ու հաղթանակած ԱՐՑԱԽԻ և կազմակերպված ՍՓՅՈՒՌՔԻ:

ՊՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ՕՋԱԽՈՒՄ

Հայաստան-Սփյուռք բոլոր համաժողովների մասնակիցները միշտ սիրով են հանդիպել Հայաստանի պաշտպանության նախարարի հետ: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ եզակի այն կառույցն է Հայոց բանակը, որն իր կայացածությամբ հայի հպարտությունն է դարձել, մեր լինելիության գրավականը:

Հատկապես հուլիս-օգոստոսյան իրադարձություններից հետո է´լ ավելի է մեծացել մեր բանակի հեղինակությունը` նաև Սփյուռքում: Օտար ափերում ապրող հայը խոստովանում է, որ եթե մինչև վերջերս իրենք հպարտանում էին մեր պատմությամբ ու հնամենի մշակույթով, այսօր հպարտ են նաև Հայոց բանակով: Ասում են, որ երկյուղածությամբ էին սպասում, թե նորագույն ռազմատեխնիկայով մինչև ատամները զինված ադրբեջանական մեծաքանակ զորքի դեմ ինչպե՞ս են կռվելու մեր տղաները: Բայց նրանք էլ լավ գիտեն, թե հայի համար ինչ ասել է «նախնյաց կանչ». գիտեն, թե ինչի է ունակ հայի արթնացած ոգին:

Նրանք, ովքեր հասցրել էին թերթել Նախարարի հեղինակած և նրա մակագրությամբ նվեր ստացած «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» ծավալուն գիրքը և 2014 թ. ուղերձը` «Մեր ամրոցում` մեր օրենքներով...», տպավորված էին Ս. Օհանյանի այն վստահությամբ, որ.

- Նա` Ոսկե սերունդն է իրականացնելու մեր համաժողովրդական մեծ երազանքները, և նրա շնորհիվ են մեր բոլոր «ամրոցներում» կռվելու հաղթանակներ: Ի վերջո, հայրենիքն էլ մի ամրոցի չափ է մնացել` պարիսպների փոխարեն լեռներով շրջապատված: Եվ այսուհետ ոչ ոք չպետք է կարողանա մագլցել այդ լեռները, ոչ ոք` բացի մեր երիտասարդներից, բացի «Անկախության ոսկե սերնդից», ովքեր, ժայռերի պես ամրանալով, դառնալով լեռնագագաթների նման վսեմ ու բարձր և հայրենի լեռների ալպիական բույրով զորացած, ավելի անառիկ ու հզոր պիտի դարձնեն իրենց պապենական ամրոցը` Հայաստանը:

Համաժողովի մասնակիցներից շատերի համոզմամբ` իրենց բախտն այս անգամ բերեց. Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԸ նրանց ընդունեց նախարարության հյուրընկալ օջախում: Առաջին հիացական տպավորությունը հանդիպման մասնակիցներին չլքեց հրաժեշտից հետո էլ: Իսկ հանդիպման ընթացքում բոլորը կլանված լսում էին Նախարարին, ում խոսքը անվերջ ընդմիջվում էր բուռն ծափահարություններով: Ներկաներն այդ ծափողջույններով էին արտահայտում իրենց ոգևորվածությունը, շնորհակալությունը, ակնածանքը և հավատը` Հայաստանի Զինված ուժերի ու Նախարարի անձի հանդեպ: Իսկ Ս. Օհանյանի խոսքն, ինչպես միշտ` անկեղծ էր, անմիջական: Ավելի ճիշտ` այն շիտակ մի զրույց էր (ինչպես ինքը նշեց` հաշվետվություն) իր ղեկավարած կառույցի հզորությամբ շահախնդիր ու դժվարություններով մտահոգ հայրենակիցների հետ:

 Այդ խոսքից առանձին հատվածներ ներկայացնում ենք ստորև.

-....Աշխարհաքաղաքական ճգնաժամերը սպառնում են թե´ հայկական պետությանը, թե´ Սփյուռքի մեր գաղութներին: Իրաքի և Սիրիայի ողբերգությունները լուրջ հարված հասցրին այդ երկրների մեր համայնքներին: Դրան հաջորդեցին եգիպտական ճգնաժամը, Ուրաինայում ծավալվող վերջին իրադարձությունները: Այս ամենը մեզ ստիպում է լինել ավելի համախմբված` պատերազմական իրավիճակներում գտնվող երկրներում ապրող մեր հայրենակիցներին օգնելու համար: 2014 թվականը մեր զինված ուժերի համար լարված տարի էր: Հունվարին, հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները լարվածության մեջ պահեցին Արցախը և Հայաստանի սահմանամերձ շրջանները: Իր այդ քայլերով մեր ախոյանը վտանգեց 1994 թվականի մայիսին կնքված զինադադարի համաձայնագիրը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Սակայն հայկական զինված ուժերն իրենց առջև դրված քննությունը պատվով կատարեցին և կարողացան ի չիք դարձնել հակառակորդի բոլոր դիվերսիոն հարձակումները:

...Եթե մենք համախմբված ենք, ապա կարող ենք հաղթանակների հասնել ամենուր: Խոսելով Ցեղասպանության մասին (քանի որ Հայոց եղեռնի 100-ամյակի շեմին ենք), ես հիշում եմ Գ. Նժդեհի այն խոսքը, որ մեզ պատժողը թուրքը չէր, այլ մեր տկարությունը` թուրքի ձեռքով: Այսինքն, եթե չլինենք տկար, լինենք համախմբված, ապա երկրագնդի վրա չի լինի մի ժողովուրդ, որ կարող է հայ ժողովրդին պատժել: Նման յուրաքանչյուր ճգնաժամ միաժամանակ լրջագույն մարտահրավեր է Արցախի հիմնախնդ րի խաղաղ լուծման ճանապարհին: Բաքուն որդեգրել է աշխարհում և մասնավորապես Հարավային Կովկասի մերձակա տարածաշրջաններում անկայունության ցանկացած դրսևորման ժամանակ իրավիճակը սրացնելու անհեռատես գործելակերպ` նաև ունենալով որոշ պետությունների աջակցությունը: Բոլորդ տեսաք, թե ինչպիսի իրադարձություններ կատարվեցին 2014 թվականին: Ընդհանուր առմամբ 2014-ը մեր Զինված ուժերի համար լարված տարի էր: Հունվարի լույս 20-ի գիշերը Մարտակերտի հատվածում ենթարկվելով խայտառակ ձախողման, Բաքուն վերստին նոր թափ հաղորդեց դիպուկահարների պատերազմին: Մայիսին դիմեց առավել քան վտանգավոր արկածախնդրության` անվտանգության միջազգային երաշխիքներ ունեցող հայ-նախիջևանյան սահմանագոտին ևս դարձնել լարվածության նոր օջախ: Բայց արժանի հակահարված ստանալով` կրկին ձախողվեց: Սակայն որևէ դաս չքաղեց, ինչի արդյունքը եղավ հուլիս-օգոստոսյան աննախադեպ արկածախնդրությունը, որն իրապես վտանգեց 1994 թ. մայիսին կնքված զինադադարի համաձայնագիրը և Արցախյան հիմնախնդրի խաղաղ լուծման նպատակով միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի ավելի քան 2 տասնամյակների ջանքերը: Հայկական բանակը, ինչպես Արցախյան գոյապայքարի, Ազգային ազատագրական շարժման ժամանակ, իր առջև ծառացած քննությունը նորից գերազանց կերպով հանձնեց: Մեր հրամանատարների հմուտ ղեկավարությամբ, ինչպես նաև երիտասարդ հայ զինվորների անձնուրացության, ըմբոստության շնորհիվ, ժողովրդի աջակցությամբ ու նաև պատերազմի բովով անցած փորձառու ազատամարտիկների, երկրապահների հետ միասին մենք կարողացանք հետ շպրտել հակառակորդի բոլոր դիվերսիոն գործողությունները:

...Շատ հարազատներ, երբ ասում էին, որ մենք կորցրեցինք մեր որդուն, մեր զինվորին, ես հավելում էի, որ մենք չենք կորցրել, ընդհակառակը, մենք գտել ենք այդ հերոսին, որը փրկեց մեր ազգի արժանապատվությունը, որը բարձր պահեց մեր մարտական, բանակի մարտական ոգին: Եվ, ամենակարևորը, բոլոր քաղաքական-հասա րակական ուժերը մի կողմ դնելով իրենց քաղաքական նպատակները, տեսակետները, համախմբվեցին բանակի և երկրի պաշտպանունակության շուրջը: Պաշտպանության նախարարությունը պատասխանատու է դժվար ժամանակահատվածների համար, երկրի պաշտպանության համար: Այդ ժամանակահատվածում երկրորդ չկա` ոչ դիմություն, ոչ էլ ընդդիմություն:

Այս տեսանկյունից մեծ կլինի համագործակցությունը Սփյուռքի նախարարության հետ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը այն կենտրոնն է, գաղափարական այն հենքն է, որտեղ բոլորս պետք է համախմբվենք: Բացի դրանից, հավելեմ ավելին, միջազգային տարբեր միջոցառումների ժամանակ մեր ստորաբաժանումները զբաղեցրեցին բավականին առաջատար տեղեր: Հենց այդ օրերին աշխարհի 12 հզոր, ուժեղ երկրների հետ անցկացրած տանկային բիաթլոնում մեր տանկային ստորաբաժանումները զբաղեցրեցին երկրորդ տեղը: ՀՀ նախագահը ասաց, որ քիչ կարևոր չէ, դա ավելի շատ է, քան մեկ օլիմպիական չեմպիոնը ՀՀ կողմից:

Հանդիպումը Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձի նախօրյակին էր և կրկնակի խորհուրդ էր պարունակում: Հաղթանակած, իր անպարտելիությունը վերահաստատած, արկածախնդիր ելուզակներին իր սահմաններին մոտ չթողնող Բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ անցկացրած ժամերը դեռ երկար ջերմացնելու են մասնակիցների հոգիները: Հատկանշական է, որ արտահայտվել ցանկացողներն էին շատ: Ու ոչ թե հարցեր էին ուղղում նախարարին, այլ սրտից բխած իրենց խոսքն էին ասում նրան ու հանձին նրա` մեր մարտունակ բանակի բոլոր զինվորներին, սպաներին, հրամանատարներին...