ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ


(Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 34-35-ում) - Մայրի°կ, ես այդ ամենը գիտեմ, բայց… - Էլ ոչ մի բայց, սիրելի°ս, հիմա նրանք ամեն ինչ անում են ձախողելու համար ձեր ամուսնությունը` բամբասանքներ տարածում, փորձում գժտեցնել ձեզ, որ հետո տեղդ գրավեն ու ծիծաղեն վրադ, իսկ դու, փոխանակ պաշտպանվելու, օգնում ես նրանց: - Մայրի°կ, նա երեկ մեծ ընկերախմբով կաբարեում է եղել, նրանց հետ կանայք են եղել…, -բողոքեց Լենան: - Ես էլ ասեմ` ինչ է պատահել, -մեղմ ժպտաց մայրը: Լենայի ձեռքից վերցնելով վիսկիի բաժակը, մի կում արեց և շարունակեց. - Եթե անգամ այդպես է, դա դեռ ոչինչ չի նշանակում: Դու ի՞նչ է, նո՞ր պիտի իմանաս, որ թե° բիզնեսում, թե° քաղաքականության մեջ հիմնական պայմանավորվա ծությունները այդպիսի տեղերում են ձեռք բերվում, հետո միայն գրասենյակներում թղթին են հանձնում դրանք: - Մայրի°կ… - Եվ այդ հանդիպումներում կանայք պարտադիր ատրիբուտ են, դա համազգեստի նման մի բան է…. - Մայրի°կ, դու դա նորմա՞լ ես համարում… - Լենա°, հիմարի°կս, մենք չենք այդ կանոնները հնարել և մենք էլ չենք, որ դրանք պիտի չեղյալ հայտարարենք…եթե ուզում ես իմանալ, դա այն գինն է, որ մենք վճարում ենք,-ձեռքերով չորս կողմը ցույց տալով` շարունակեց նա,-այս ճոխության համար, որով շրջապատված ենք: - Մայրի°կ, դու համոզվա՞ծ ես, որ Անդրեյը ոչ մեկը չունի… - Լենա,-խիստ տոնով նրան ընդհատեց մայրը,-Անդրեյը մենաստանում չի մեծացել, նա հարուստ է, գեղեցիկ, կրթված: Կանանց այդպիսիք դուր են գալիս: Կանայք նրան երես են տվել, շատ են երես տվել… - Ուրեմն ըստ քեզ, նա… - Մի ընդհատիր, տղամարդիկ չեն կարող առանց լրբերի, նրանք այդպես են ստեղծված…, դրա դեմ անիմաստ է պայքարել, միևնույն է, ոչինչ չես կարող անել… կարևորն այն է, որ այդ լրբերը նրանց համար ոչինչ չարժեն… - Իսկ ու՞ր մնաց սերը, հավատարմությունը: - Սե՞րը, մենք սիրո մասին չենք խոսում, այլ իրական կյանքի... - Մայրի°կ, ըստ քեզ, սերը իրական չէ՞, ինձ համար առաջնայինը և ամենաիրականը սերն է, հասկացի°ր վերջապես... - Լենա°, ժամանակն է հասկանաս, որ տղամարդիկ ունակ չեն սիրել այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում: - Այդ դեպքում թող գրողի ծոցը գնան բոլոր տղամարդիկ… - Իսկ մենք էլ` մենաստան, այդպես չէ՞,-ժպտաց մայրը,- հիմարիկ, դու կարծում ես, ուրիշները դրա միջով չե՞ն անցել, ցանկացած ամուսնացած կին, վաղ թե ուշ, անցնում է դրա միջով: Կարծում ես Իգորն ինձ չի դավաճանե՞լ: Կարծում ես չեմ ցանկացե՞լ գրողի ծոցն ուղարկել նրան, բայց եթե ես քեզ նման վարվեի, փոքր երեխաների հետ փողոցում կհայտնվեի, իսկ դու և եղբայրներդ չէիք ունենա այն ամենը, ինչ ունեք հիմա: Բաժակից մի կում վիսկի էլ խմելով նա շարունակեց, - Որպեսզի ընտանիքդ պաշտպանես, միշտ չէ որ պետք է ամեն ինչ նկատես, սովորիր քիթդ չխոթել այնտեղ, ուր պետք չէ, եթե անգամ ինչ-որ բան էլ նկատում ես, սովորիր երբեմն ներողամտորեն վերաբերվել, հասկացիր, դա նրանց մոտ մանկական հիվանդության նման մի բան է, անխուսափելի և վաղանցիկ, կարևորը ամեն ինչ վերահսկողության տակից դուրս չգա: Իսկ եթե, այնուամենայնիվ, վերահսկողությունից սկսում է դուրս գալ, ապա դրա դեմն առնելու ավելի քաղաքակիրթ և արդյունավետ ձևեր կան: Դու այսօր վատ ես վարվել, կոպիտ սխալ ես թույլ տվել, Անդրեյի նմանների հետ այդպես չի կարելի վարվել, այլապես մեկընդմիշտ կկորցնես նրան… - Եվ թող, նա ինձ գրասենյակից դուրս վռնդեց…,-խռոված երեխայի նման ասաց Լենան: - Սիրելիս,- աղջկան գրկելով գորովալից ասաց մայրը,-հաշվիր, որ լավ ես պրծել, կարող էր ավելի վատ լինել: Այդպես շարունակելու դեպքում դու նրան կկորցնես, իհարկե վաղ թե ուշ կամուսնանաս, բայց էլի կստանաս նույնը և այս անգամ ավելի վատ ամուսնու հետ: Դու դա ե՞ս ուզում: - Ոչ,-շփոթված ասաց Լենան: - Դե, եթե ոչ, վեր կաց, քեզ կարգի բեր, երեկոյան հայրդ Անդրեյին հրավիրել է ընթրիքի, նրանք վաղը մեկ շաբաթով Բեռլին են մեկնում: Ընթրիքի ընթացքում կհաշտվեք, նրանից ներողություն կխնդրես, ասա, որ խենթ ես, որ լրջորեն պիտի զբաղվի քո դաստիարակությամբ կամ սանձահարմամբ, կամ էլ դրա նման մի ուրիշ հիմարություն: Փարվիր նրան, տղամարդիկ դա սիրում են, նրանք անզոր են այդպիսի հնարքների դեմ: Լա՞վ: - Լավ: - Իսկ ինձ խոստացիր, որ այլևս քեզ վայրենու նման չես պահի… Լենան մռայլվեց, վերհիշեց Իգորի խոսքերը: Լենայի լռությունը այլ կերպ մեկնաբանելով` մայրը ժպտալով ասաց. - Դե՞: - Այդ մեկը չեմ կարող, չէ՞ որ երակներումս հոսում է կեղտոտ հայկական արյուն, չէ՞ որ հայրս մանր սպեկուլյանտ է եղել… Ժպիտը անհետացավ մոր դեմքից, նա գունատվեց, ու չարացած նայեց դստերը. - Դու ի՞նձ էլ ես լրտեսում… - Ոչ, մայրիկ, ուղղակի դուք այնքան բարձր էիք բղավում, որ չլսելն անհնար էր: Դու ինձ ոչինչ չե՞ս ուզում պատմել: - Ի՞նչն է քեզ հետաքրքրում: - Ո՞վ է իմ հայրը: - Իգորը: - Մայրիկ… - Էլ ոչ մի մայրիկ, նա է քեզ մեծացրել ու դաստիարակել, դու երբևէ ինչ-որ բանի կարիք ունեցե՞լ ես: - Մայրիկ, ես այն մյուսի մասին եմ հարցնում, ում մասին ասում էր Իգորը: - Իգորը զայրացած էր ու հիմարություններ դուրս տվեց… - Մայրիկ, ո՞վ է իմ հայրը, որտե՞ղ է նա: - Ես արդեն ասացի, քո հայրը Իգորն է, իսկ այն մեկը ընդամենը սպերմա է տվել: - Ուրեմն ո՞վ է եղել սպերմայի դոնորը, ինչու՞ նրան չես հայտնել իմ մասին, ինչու՞… - Լենա, ես այդ մասին չեմ ուզում խոսել…,-վեր կենալով կտրուկ ասաց մայրը և ուղղվեց դեպի դուռը: - Դե, ոչ, -մոր դեմն առնելով ասաց Լենան, -դու այդպես չես հեռանա: - Ելենա, ճանապարհ տուր,-խստորեն ասաց մայրը: - Դու ամաչում ե՞ս նրանից, Իգորը ճի՞շտ էր, նա վիժվա՞ծք էր, կեղտոտ սպեկուլյա՞նտ, դու… - Լենա°, -բղավեց մայրը: (Շարունակելի) «ԱՐՄՄՈՆՈ-5»