Լրտես մանրէ


Պարզվում է` մեզ կարող են հետամուտ լինել, այն էլ` պատասխանատվություն չկրելով: Ավելին, կարող են խուզարկել ու նույնիսկ հանցանշաններ կեղծել: Իհարկե, առցանց (օնլայն) ճանապարհով, բայց կարո´ղ են: Մի քանի օր առաջ աղմկահարույց այս նորությունը հաստատել են Բավարիայի, այնուհետև` Բադեն-Վյուրտեմբերգի իշխանությունները: Նրանք միայն հավելել են, որ համակարգչային լրտեսական այդ մանրէն կիրառվում է բացառապես օրենքի շրջանակներում: Մանրէ կոչվածը համակարգչային ծրագիր է, որը գերմաներեն տարբերակում հնչում է որպես «Պետական տրոյանցի», իսկ ռուսական բառադարձությամբ` «Բոնդեստրոյանցի»: Կիբեռոստիկանի հայտնաբերման մասին հայտարարելով` ծրագրավորողները հավաստիացնում են, որ դրա համար օրենք չի ստեղծվել: Այսինքն, առանց դատական պատասխանատվության, այն կարող է ներթափանցել, ավելի ստույգ` ուղղորդվել ցանկացած համակարգիչ, որոնել ու դուրս քաշել ցանկացած նյութ: Ասել է թե` խուզարկություն կատարել` խնայելով իրական ոստիկանների ժամանակն ու ջանքերը: Ու իրավապահները դրա համար պարտավոր չեն խուզարկելու թույլտվություն ունենալ, ստիպված չեն լինի հազարումի մեթոդով կասկածյալից փաստաթղթեր կորզել: Ի դեպ, լրտես-ծրագիրն արդեն օգտագործել է քրեական ոստիկանությունը` Բավարիայում: Դրանից հետո ՆԳ նախարար Յոահիմ Հեռմանը ստիպված է եղել արդարանալ, որովհետև խուզարկված համակարգիչների տերերի փաստաբան Պատրիկ Շլադտն ապացուցել է ծրագրի գաղտնի մուտքը համակարգիչ և այնտեղ տեքստերի ու նույնիսկ էկրանից լուսանկարահանում կատարելու փաստը: Նախարարը խոստովանել է այդ ամենը, բայց չի ընդունել ծրագրի ապօրինի օգտագործման փաստը: Կիբեռ¬լրտեսի ունակություններն այսքանով չեն սահմանափակվում: Այն ոչ միայն ցանկացած համակարգչից տեղեկատվություն կարող է «դուրս քաշել»` որպես վարկաբեկումների ապացույց, այլ նաև ցանկացած համակարգչում կարող է նյութեր տեղադրել: Դիցուք` պոռնոնյութեր կամ ծայրահեղական կոչեր, կեղծ տեղեկատվություն, որոնք հետո կօգտագործվեն` համակարգչի տիրոջը մեղադրելու նպատակով: Իհարկե, այս կասկածները հիմնավորող փաստեր չկան, որովհետև դեռևս նման դեպքեր չեն արձանագրվել: Սակայն դա չի նշանակում, որ տարածում գտնելուց հետո դրանք իրականություն չեն դառնա: