Հայ զինվորը տեր կկանգնի անտերության մատնված սրբավայրերին


«Չենք լռելու»-ի խորհրդի անդամների և պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նախաձեռնությունն առաջարկել է տարին մի քանի անգամ Հայաստանի բոլոր զորամասերում ծառայող զինվորների ուժերով իրականացնել անտերության մատնված մեր սրբավայրերի շրջակա տարածքների բարեկարգման աշխատանքներ: Վ. Գասպարյանը դրական է արձագանքել այդ առաջարկին` խոստանալով այդ գործը կազմակերպել ամենաբարձր մակարդակով: Նա հայտնեց, որ կառաջարկի Պաշտպանության նախարարին` համապատասխան հրաման արձակել: Նշենք, որ «Չենք լռելու»-ն և մի շարք այլ երիտասարդական նախաձեռնություններ պարբերաբար անաղմուկ կազմակերպում են խոնարհված եկեղեցիների և վանքերի շրջակայքի բարեկարգման աշխատանքներ, սակայն, հաշվի առնելով սրբավայրերի քանակը, երիտասարդների ուժերը կաթիլ են ծովում: Նախաձեռնությունն էլեկտրոնային տարբերակով Պաշտպանության նախարարությանն է ներկայացրել ՀՀ կառավարության 2007թ. մարտի 15-ի որոշմամբ սահմանված Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակը: