«Բանակն իրականում»=Գասպարիի ազատ արձակում


Հերթական փողոցային աղմկարարությանն անմիջապես հաջորդեց Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը «մտահոգ» խմբի անդամների հետ: Իսկ բարձրացված խնդիրների մասին թող խոսեն իրենք: Ահա մի հատված Պաշտպանության նախարարության մոտ Արթուր Սաքունցի ճեպազրույցում արտասանած խոսքից. - Նախ` առաջին հերթին այս հանդիպումը կազմակերպվել էր առաջին փոխնախարարի առաջարկով: Այսինքն` ինքն է առաջարկել, որպեսզի «Բանակն իրականում» նախաձեռնող խումբը հանդիպի: Այդ առաջարկը քննարկվել էր խմբի անդամների շրջանում: Կար, իհարկե, որոշակի տարակարծություն, արդյո՞ք պետք է գնալ հանդիպման, թե ոչ: Այնուամենայնիվ, որոշ ներկայացուցիչներ, այն, որ դուք տեսնում եք, որոշեցինք անպայման գնանք այս հանդիպմանը և որոշակի խնդիրներ մենք բարձրացնենք: Ո՞րն էր այսօրվա մեր պահանջը: Առաջինն, իհարկե, դա երեկվա մեր խաղաղ ցույցի մասնակիցներից Վարդգես Գասպարիի ձերբակալության փաստն է, և մեր մտահոգութ յունն էր նրանում, որ այդ ձերբակալության և քրեական գործ հարուցելու փաստով մենք դա գնահատում ենք վերաբերմունքը բանակի խնդիրների վերաբերյալ քաղաքացիական շարժման նկատմամբ պետության կողմից: Երկրորդը, դա Պաշտպանության փոխնախարարի կողմից հրապարակային արտահայտություններն էին, և մենք գտնում ենք, որ պետք է պաշտպանության գերատեսչությունն անպայման իր վերաբերմունքն իր ներկայացուցիչի արտահայտությունների վերաբերյալ արտահայտի: Եվ երրորդ` արդեն գիտեք, որ «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի կողմից ներկայացվել էր տեղեկատվություն ստանալու պահանջ Պաշտպանության նախարարությանը: Այդ պահանջն էր, որ ներկայացրինք: Մենք ակնկալում ենք, որ այս 3 խնդիրների վերաբերյալ պատասխանը, գործողությունը հիմք կտան ունենալու վստահություն, որ իրապես կա ցանկություն, որպեսզի իրավիճակը փոխվի: (Վերծանողները կարող են պարծենալ իրենց խորաթափանցությամբ- Հ.Գ). Ինչ վերաբերում է իրավիճակը փոխելու ցանկությանը, ապա առնվազն մտոք կույր պետք է լինել` դա չնկատելու համար: Բանախոսն ինքն է փաստում ու շեշտադրում, որ փոխնախարարի նախաձեռնությամբ է եղել հանդիպումը: Կա ցանկություն, պարզապես չուրացողներ են պետք: Հավանաբար, նախարարն ու մյուս փոխնախարարներն էլ չէին հրաժարվի նրանց հետ հանդիպել, բայց տպավորություն ունենք, որ այս խմբի անդամները ոչ թե լսում և ընկալում են ասվածը, այլ հավանաբար պատվիրատու ներին գոհացնելու նկրտումներով շարունակում են իրենց ցանկալի տեսակետներին համապատասխանող իրավիճակներ հնարել: Իսկ ինչ վերաբերում է նրանց բարձրացրած «մտահոգություններին», իրականում նրանց միմիայն Գասպարիի ազատ արձակման խնդիրն էր հուզում. նախօրեին այս հերոսն աչքի էր ընկել իր ոչ թե հերոսական, այլ զավեշտալի արարքով: Մինչդեռ Պաշտպանության փոխնախարարին Գասպարիի ազատ արձակման խնդրով դիմելը, մեղմ ասած, ոչ թե չիմացության, այլ անգիտութ յան արդյունք է: Այն պարզ պատճառով, որ նա իրեն չի կարող իրավունք վերապահել բոլորովին մեկ այլ գերատեսչության վրա ներազդելու: Նույնիսկ իշխանություն-ՀԱԿ քաղաքական երկխոսությունն ընդհատվեց քրեական արարքի պատճառով կալանվածին ազատ արձակելու պահանջը չբավարարելու հետևանքով: ՀԱԿ-ը կարծես թե հասկացավ և այնքան էլ չթմբկահարեց: Բայց բանակից իրենց պատկերացրած «թափանցիկությունը» պահանջող այս խմբին ձեռնտու չէ դա ընկալել: Եվ, ինչո՞ւ ոչ, արդյո՞ք բանակում երբեմն այսպիսի «տանիքների» թողտվությամբ չեն հանցածին իրավիճակներ ստեղծվում: Փաստորեն այս նախաձեռնողների համար «Բանակն իրականում» նշանակում է Գասպարիի ազատ արձակում: Դե, տղաներն ու աղջիկները որոշել են պահանջել. սա կարելի է մի կերպ ընկալել որպես անձնուրաց ընկերասիրություն: Բայց որ պաշտպանության գերատեսչությունից ոստիկանության որոշումների բեկանում է պահանջվում, մեղմ ասած, չի խոսում պահանջատերերի լրջմտության մասին: Ավելին, խմբի առաջնորդ Արթուր Սաքունցի մտքի թռիչքն աննախադեպ է` իր անտրամաբանությամբ. - Իհարկե, նաև մենք ասացինք, որ մենք իշխանությունը միատեսակ ենք ընկալում: Այսինքն` այնպես չէ, որ պաշտպանական գերատեսչությունն առանձնացված է ոստիկանական ծառայությունից: Վարդգես Գասպարիի դեպքը մեզ իրապես մտահոգում է: Եվ այդ ուղղությամբ իշխանությունն անպայման պետք է քայլեր կատարի: Ի՞նչ ասել է «միատեսակ ենք ընկալում»: Եթե նկատի ունի, որ ոլորտային բաժանումներն ավելորդ են, ուրեմն նա ջատագովն է մենիշխանության կամ բարձիթողիութ յան: Բայց նրա նմանների տարփողած արևմտյան արժեքների շարքում ամենաանընդունելիներից մեկը հենց տոտալիտարիզմն է: Ի՞նչ է նշանակում «այնպես չէ, որ պաշտպանական գերատեսչությունն առանձնացված է ոստիկանական ծառայությունից»: Ուրեմն դիմեիք դիցուք` Գյուղնախարարություն, Առողջապահության կամ Կրթության և գիտության, Մշակույթի նախարարություններ (նշված գերատեսչությունների ղեկավարները թող ներեն մեզ, խոսքը կոնկրետ իրենց չի վերաբերում). ինչո՞ւ հենց Պաշտպանության նախարարությանը: Արդյո՞ք ոչ այն պատճառով, որ մեր բանակի գոյությունն ու այնտեղ ակնհայտ բարեփոխումները չկամներին (մեղմ ասած) դուր չեն գալիս: Մի հատված էլ մեջբերենք նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանի մտքերից. - Ոստիկանության այս արարքը կարող է դիտվել որպես այդ հնարավոր խոսակցությունները բարեփոխումների վերաբերյալ խոչընդոտում (գուցե նկատի ուներ` «բարեփոխումների խոչընդոտում». ո՞վ գիտե- Հ.Գ.): Որովհետև Վ. Գասպարին աշխատում էր այս առաջարկությունների վրա: Նա փորձում էր ասել ամեն ինչ, որպեսզի այս առաջարկություններն ի կատար ածվեն, ինչը խոչընդոտվում է ոստիկանության կողմից: Մենք դա այդպես ենք դիտում: Լավ էլ անում եք, որ դիտում եք: Բայց հետաքրքիր է` ոստիկանությունում գիտե՞ն, թե դուք ինչը ինչպես եք դիտում: Կարող էիք սկսել և ավարտել Գասպարիով, այն էլ` նրան պատժած իրավապահ կառույցներում: Չէ՞ որ վերջին հաշվով ձեզ մտահոգողը միայն դա էր: