ԱՍՎԵՑ ԱՅՆ,ԻՆՉԸ ՊԻՏԻ ԱՍՎԵՐ ՇԱՏ ՎԱՂՈՒՑ


Համանախագահների հերթական տարածաշրջանային այցի ժամանակ Ֆրանսիայի ներկայացուցիչ Բեռնար Ֆասիեն արտաքուստ շատ սովորական մի հայտարարութ յուն արեց` Ղարաբաղում տիրող իրավիճակը բնութագրելով որպես ռազմական ագրեսիայի հետևանք: Շատերն ուշադրություն չդարձրեցին այս բնութագրումին, չկարևորեցին, մինչդեռ ասվածն արդեն իսկ գնահատական է այն ամենին, ինչը կատարվել է Ղարաբաղում: ՖԱՍԻԵՆ դիվանագետ է, հանդես է գալիս որպես աշխարհի գերհզոր տերություններից մեկի ներկայացուցիչ, հետևաբար հարգելով դիվանագիտական էթիկայի կանոնները, չէր կարող ասել մի բան, որը չհապատասխաներ իր երկրի պաշտոնական կարծիքին: Իսկ նա ասում է, որ Ղարաբաղի նկատմամբ իրականացվել է ռազմական ագրեսիա: Ռազմական ագրեսիա է համարվում մի պետության կողմից մյուսի վրա իրականացրած հարձակումը, որի նպատակը տարածքների տիրապետումն է, տվյալ պետության տնտեսության քայքայումը: Միջազգայնորեն ընդունված այս բացատրությունը կիրառելով Ղարաբաղի պարագայում` Բեռնար Ֆասիեն, ըստ էության, ճանաչում է 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի հռչակած անկախությունը, ԼՂՀ-ն դիտում որպես ինքնուրույն և սուվերեն պետություն, որի հանդեպ Ադրբեջանը ագրեսիա է կիրառել: Ահա այն դիվանագիտական «խայծը», որն էլ անհրաժեշտաբար պիտի օգտագործի հայկական կողմը` Ադրբեջանի նախաձեռնած դեմարշին յուրօրինակ հարված հասցնելու և միջազգային կառույցներում մեկ անգամ ևս ագրեսիայի խնդիրը քննարկելու համար` օգտագործելով Ֆրանսիայի հնչեցրած գնահատականը: Համանախագա հող երկրներից մեկի կողմից Ղարաբաղի անկախության անուղղակի ճանաչումը յուրատեսակ քաղաքական դիվիդենտ է, որն էլ պիտի դնել շրջանառության մեջ և օգտագործել` այդպես կանխելով Ադրբեջանի ցանկացած գործողություն: Սա է թելադրում իրավիճակը, սա է թելադրում տրամաբանությունը: Թե ինչու է հատկապես հիմա Բեռնար Ֆասիեն նման գնահատական տալիս` կարելի է հստակորեն ենթադրել: Սակայն այս դիրքորոշման վերլուծությունից առաջ անհրաժեշտ է հաշվի առնել չափազանց կարևոր մի հանգամանք: Վերջին շրջանում, հատկապես Նիկոլյա Սարկոզիի Երևան կատարած այցից հետո, Ադրբեջանում լարված քաղաքական իրավիճակ է ստեղծվել, ինչը տեղի վերլուծաբանները պայմանավորում են սպասվող նախագահական ընտրություններով: Սակայն հազիվ թե գրեթե ուժահատված ու դիմազուրկ ադրբեջանական ընդդիմությունը կարողանա ազդել քաղաքական իրավիճակի վրա և այն տանել դեպի սրացումներ: Ադրբեջանում իրականում մի այլ բան է տեղի ունենում, որը կարելի է կոչել ներիշխանական պայքար, քանի որ նախագահի աթոռի համար այստեղ պայքարում են ոչ թե իշխանությունն ու ընդդիմութ յունը, այլ` իշխանությունն ու… իշխանությունը: Արդեն իրար դեմ են ելնում իշխանության մեջ իրենց դիրքերն ամրապնդած ուժեր` սուր բախումներ նախապատրաստելով: Արևմուտքն այլևս չի կարող հանդուրժելի համարել այն վիճակը, որը տիրում է այս երկրում, քանզի եվրոպական ընտանիքին անդամագրված Ադրբեջանը վերածվել է խանական պետության` ոչնչացնելով եվրոպական բոլոր արժեքները: Հենց սա էլ մտահոգում է Արևմուտքին, որն արտաքնապես ձև անելով, թե հաշտ է Ադրբեջանի հետ, թե նրան համարում է բարեկամ երկիր, այնուհանդերձ նախապատրաստում է նրա «պայթեցումը» ներսից` կրկնելով այն սցենարները, որոնք կյանքի կոչվեցին Արևելքի մի շարք երկրներում` տապալելով բռնապետությունը: Իհարկե, կռահելով Արևմուտքի ռազմավարությունը, արևելյան պետություններն ու ադրբեջանական նավթադոլարներով խենթացած մի շարք արևմտյան տերություններ քվեարկեցին Ադրբեջանի օգտին` նրա առջև բացելով ճանապարհ դեպի ՄԱԿ ԱԽ¬ի ոչ մշտական անդամությունը: Սակայն այս ամենը սոսկ «կոսմետիկ» քայլեր են` թաքցնելու համար արևմտյան մի շարք տերությունների իրական մտադրությունները: Հայտարարելով, որ Ադրբեջանն ագրեսիա է կիրառել և անուղղակիորեն ճանաչելով Լեռնային Ղարաբաղի անկախությունը` Ֆրանսիան, ըստ էության, հասկացնում է հակաալիևյան ուժերին, որ ցանկացած պահի կարող է բարձրաձայնել այս ամենի մասին և դրանով իսկ նպաստել Ղարաբաղի խնդրի շուտափույթ լուծմանը: Ավելին, Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը հերթական ագրեսիայի նախապայման համարելով` Ֆրանսիան կարծես հուշում է, որ ցանկացած ռազմական գործողություն հետագայում կարող է դիտարկվել որպես ագրեսիա: Իսկ սա նշանակում է, որ ագրեսիայի դեպքում Ֆրանսիան կարող է հորդորել մյուս երկրներին` պաշտոնապես ճանաչելու Ղարաբաղը: Այս հեռանկարը, բնականաբար, ձեռնտու չէ թե´ Ալիևին, թե´ նրա դեմ ելնող ուժերին, քանի որ իշխանության մեջ հայտնված բոլոր ուժերն էլ հայտարարություններ են անում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Ղարաբաղը վերադարձնելու մասին: Սակայն հատկապես հակաալիևյան ուժերը շատ կուզենան, որ Իլհամ Ալիևը զրկվի միջազգային աջակցությունից` այսպես ճանապարհ բացելով իրենց համար: Ուստի Ֆասիեի հայտարարությունը կարող է ներիշխանական նոր ճգնաժամի առիթ դառնալ, առավել սրել ներքին հակասությունները, ինչից էլ կարող են օգտվել արևմտյան ուժերը: Իսկ Հայաստանն իրավունք չունի դիտորդի կարգավիճակում մնալ և լռելյայն հետևել իրադարձությունների զարգացումներին, որոնք ցանկացած պահի կարող են շրջվել հենց Հայաստանի ու Ղարաբաղի դեմ, մանավանդ որ Արևմուտքը կարող է ամեն պահ շահերի նոր հանգրվաններ և հայեցակարգեր գտնել… Ուրեմն, ժամանակն է, որպեսզի Բեռնար Ֆասիեի հայտարարությունը դառնա նոր քարոզչության սկիզբ, հայկական դիվանագիտությունը ջանա ամեն կերպ ինքնորոշման իրավունքին զուգադրել ագրեսիայի փաստը, որն էլ հնարավորություն կտա առավել ամուր դարձնել մեր դիրքերն ու բանակցությունների ընթացքում ուժեղացնել հայկական դիրքորոշումները:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ