ԳԱՍՊԱՐԻԻ ՄՈՏ «ԽԱՍԻԱԹ» Է ԴԱՐՁԵԼ


Ընդդիմադիր գործիչ Վարդգես Գասպարին իր բողոքն ու պայքարն արտահայտելու հին փորձված ձև ունի. նա պառկում է գետնին` այսպես արդեն հռչակվելով որպես «պառկող գործիչ»: Նա հերթական անգամ էլ պառկել էր ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի առջև` հավանաբար փորձելով գեներալ-լեյտենանտին համոզել, որ պառկած մարդու հանդեպ բռնություն կիրառելը ոչ միայն օրենսդրական, այլև` բարոյական չէ: Բայց մեր քաջարի ոստիկանները սեփական ոստիկանապետի սխալը պարտակելու համար` վերցրել ու ձերբակալել էին Գասպարիին` մեղադրելով իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն կիրառելու մեջ… Իրազեկ աղբյուրները վկայում են, որ ընդդիմադիր գործչի հանդեպ ուժ կիրառելու և նրան ձերբակալելու հրահանգը տված ոստիկանապետն այսպես կամենում է իր ենթակաների շրջանում այն տպավորությունը ստեղծել, թե ինքն իսկապես ամենազոր է և կարող է անել ամեն ինչ: Այսպես գուցե վերականգնվի նրա անկում ապրած հեղինակությունը, որն առավել երերաց, երբ սկսեց պարզ դառնալ, որ կալանավորված բանդան այն չէ, որը կատարել էր հարձակումներ հարուստների տների վրա...