ՄԱՐԴԱՀԱՄԱՐՆ Ի՞ՆՉ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Մարդահամարն ավարտվեց: Տասնամյակը մեկ տեղի ունեցող` բնակչության հաշվառման տասնյօրյակից հետո ամենահետաքրքիրն այն թվի հրապարակումն է, որը պարզ է դարձնելու, թե, իվերջո որքան մարդ կա Հայաստանում: Այն, իհարկե, հազիվ թե վերջակետի այն բանավեճը, որի կողմերից մեկը պնդում է, որ արտագաղթը դատարկել է երկիրը, իսկ մյուսներն արդարանալով հայտարարում, թե հակառակ բնակչության վերջին տարիների արտահոսքին` այնքան էլ շատ չենք պակասել: Տեսակետների հակասական լինելուց անկախ` հավանական է, որ վերջին անգամ 2001¬ին անցկացված մարդահամարի տվյալներին փոքր¬ինչ զիջող թիվ արձանագրվի: Հետաքրքիրը սակայն այն է, որ այս անգամ մարդահամարը լայնածավալ և բազմաբովանդակ սոցիլոգիական հարցման վերածվեց: Կարծելը, թե ընդարձակ հարցաշարը բոլոր հնարավոր հարցերի պատասխանն է արձանագրելու, այնքան էլ ճիշտ չէ: Միգուցե տեխնիկապես հնարավոր չի եղել բոլոր հարցերը դասդասել ու տեղայնացնել: Այսուհանդերձ, եթե մարդկանց տրամադրություններն ու սոցիալական հարաբերությունները որոշակիացնել ու ամփոփել փորձող թերթիկների մի մասում անհամապատասխան ու ծիծաղելի հարցադրումներ էին ներկայացված, ապա քիչ չէին նաև այնպիսի կետերը, որոնց մեծ մասին հարցվողները հաստատ անկեղծ պատասխաններ տված չեն լինի: Մասնավորապես, ոչ բոլորը կցանկանան բացահայտել, որ արտերկրից դրամական օգնություն են ստանում: Մի՞թե պարզ չէ, որ մարդահամարի ժամանակ բացակա ստացած և արտագնա աշխատանքի մեկնած ընտանիքի անդամի դրամական փոխանցումների մասին տվյալը շատ չանցած կարող է կանխել ոչ միայն ամեն ամիս ստացվող անապահովության նպաստը, այլև` ինչ¬ինչ զարտուղի ճանապարհով բնակարանային գողերի ձեռքին հայտնվել: Ուստիև, հակառակ ունեցած¬չունեցածի մասին բազմապիսի հարցերին, հավանական է, որ մարդիկ այդ մասին չեն խոսել կամ առնվազն ճշմարտությունը չեն ասել… Դժվար է ասել, թե ինչ ճշգրտությամբ, բայց գործադիրում հաստատ գիտեն թե´ հանրապետությունում գոյություն ունեցող արոտավայրերի չափն ու դրանց մշակված լինելու տոկոսը, թե´ տեղյակ են անասնագլխաքանակից ու բնակչության սոցիալական վիճակից: Թվում էր, թե ներքաղաքական իրավիճակը կարող էր չառնչվել մարդահամարի գործընթացի հետ: Համենայն դեպս, բնակչության հաշվառումը քաղաքականացնելը շատ թե քիչ տրամաբանական կլիներ, եթե դրա արդյունքներն արդեն հրապարակված լինեին, ու դրանք բոլոր կանխատեսումները գերազանցող թիվ ներկայացնեին: Այսուհանդերձ, շատերը դարձյալ շտապեցին` անհասցե վկայակոչումներ անելով ու պնդելով, թե հաշվարարների ցուցակներում տեղ են գտել նաև մահացած կամ հանրապետությունը տարբեր ժամանակներում լքած քաղաքացիներ: Հազիվ թե հայրենի քաղուժերը բնակչության հաշվառման փաստաթղթերն իրենց լավ ծանոթ ու իրենց իսկ կողմից թխվող ընտրական ցուցակների հետ շփոթած լինեն: Ավելին, երբ չի նշվում կոնկրետ հասցե և անուն, ու ամեն ինչ քաղաքական աղմկարարությունից այն կողմ չի անցնում, մեղմ ասած, տարօրինակ է դառնում, թե նման հայտարարությունների հեղինակներն ինչի՞ վրա են հենվում: Կարճ ասած` բնակչության հաշվառման քաղաքականացումը, հրապարակվելիք վերջնական թվից անկախ, նույնիսկ այդ անհեթեթ գնահատականներից հետո չի քննարկվում: Եվ քաղաքականցման մարմաջն ընդամենը հերթական գոլորշու ազդեցություն ունեցավ, որն անմիջապես լուծվեց օդում: