ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ 
ՄԻԱՄԻՏ  ՄՏՔԵՐ


 

*Սիգի որսը չի թույլատրվում, բայց  վաճառքը թույլատրվում է:

*Սողացող է, բայց թանկ գնով թևեր էլ առավ:

*Մեր ձեռքբերումները ձեռքառնելիք դարձան:

*Խոստումնադիմացկուն ժողովուրդ ենք դարձել:

*Շատ գիտես, քիչ խոսեցրու:

*Հարց չկա, բայց հարցնելու շատ բան կա:

*Ցածր մակարդակով բարձրագոչ հայտարարություններ արեց:

*Մեծ-մեծ խոսելով` անգամ փոքր միտք չես կարող ծնել:

*Շատ է խոսում, որ չհասցնեն հասկանալ, թե ինչ է ասում:

*Ով շատ աշխատի, նա ժամանակ չի  ունենա ուտելու:

*Վերևից իջեցրին, էլի վերևից է նայում:

*Գույների մեջ գերադասում է սպիտակ գինին:

*Պետի հետ վիճելուց է հարցը դառնում անլուծելի:

*Անդեմ մարդուն դիմակայելը շատ է դժվար:

*Խեղդվել հաճելի է միայն մի դեպքում` երբ ընկել ես փառքի մեջ:

*Բացի իրենից բոլորին մեղադրում է:

*Ճանաչիր ինքդ քեզ, որ չասեն` դո՞ւ ով ես:

*Կինը չի լռում, որ քեզ չլսի:

*Եթե ինքդ քեզանից չամաչես, ուրիշներից էլ չես ամաչի:

*Փողով ուրիշին է փոսը փորել տալիս, որ ինքը չընկնի մեջը:

*Խոստումներից եկողը` խոստումներից էլ կգնա:

*Անկեղծ ասած` կեղծ խոսքեր են հնչում:

*Քաշ չունի, դրա համար էլ քաշվում է:

*Երկար է ճառում, որ գործ անելու ժամանակ չմնա:

*Ամեն ինչից էլ կարող ես թաքնվել` բացի խղճից:

*Դանակը ոսկորին հասցնելու համար համբերություն է պետք:

*Փող չունենալու դեպքում գներն ավելի են աճում:

*Ոտքդ թոշակիդ չափով մեկնիր: