Մերկ ապուխտ 


 

Մեծ Բրիտանիայում լուրջ աղմուկ է բարձրացրել ապուխտի արտառոց գովազդը, որտեղ նկարահանվել են տասնյակ մերկ մարդիկ: Հոլովակի հանդիսատեսները հայտարարել են, որ իրենց վիրավորում է էկրանին հայտնվող մերկ կանանց ու տղամարդկանց տեսքը, ինչը վնասակար է և իրենց երեխաների համար:

Գովազդ կոչվածում` արևոտ դաշտում քայլող տղամարդը երգում է ապուխտի մասին: Իր ճամփին նա հանդիպում է առանց հագուստի մարդկանց: Հոլովակի նպատակն էր` ընդգծել ապուխտի բնական լինելը, և «սյուժեն» ավարտվում է «Բացառապես բրիտանական ապխտամիս` 100 % բնական բաղադրիչներով» խոսքերով:

Գովազդային հոլովակը հանվել է եթերից: Բայց` ոչ այնքան մերկությունից բողոքող մեծամասնության պահանջով: Իբր իր արտադրանքը գովազդող ընկերությունը խաբել էր սպառողին` իռլանդական Շիլեյլա քաղաքում արտադրվող մսամթերքը բրիտանական անվանելով (NewsRu):

Իհարկե, արտադրողն «արդարացումներ» գտել է սպառողի զայրույթը մեղմելու համար: Դե, բրիտանացի արտադրողը մերոնց չափ անպատկառ չէ, որ անորակ ու վտանգավոր սնունդը բարձր գներով վաճառի: Այնտեղի սպառողն էլ մեր չափ անճար ու ներողամիտ չէ, որ անգամ գովազդային աննրբանկատությունը կուլ տա անհայտ ծագման մթերքի հետ: