ԽՈՋԱԼՈՒՆ «ՀԻՇԵԼՈՒ» ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ 


 

Գիտենք, որ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի` սանկտպետերբուրգյան ելույթից հետո Ադրբեջանի խորհրդարանական հանձնաժողովի տարածաշր ջանային հարցերով նախագահ Արիֆ Ռագիմզադեն համաժողովին շտապել է հայտարարել, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթն իրեն շոկի մեջ է գցել: Ռագիմզադեն նշել է, որ ռասիզմից և քսենոֆոբիայից խոսում է մի պետության ներկայացուցիչ, որն իրականացրել է Խոջալուի ջարդը, և որտեղ ոտնահարվում են ազգային փոքրամաս նությունների իրավունքները: Հայկական կողմից դիպուկ պատասխանը չի ուշացել. Է. Շարմազանովը Ռագիմզադեին խորհուրդ է տվել ծանոթանալ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցին, որտեղ վերջինս խոստովանում է, որ Խոջալուի պատասխանատուներն Ադրբեջանի Ժողովրդական ճակատի ներկայացուցիչներն են եղել:

Ուրախալի է, որ Սանկտ-Պետերբուրգում նման պատասխան է հնչեցվել` գոնե ոչ մեծ թվով պետական պաշտոնյաներին ներկայացնելով ճշմարտությունը: Սակայն այս ամենը տեղի է ունեցել այսպես ասած փակ դռների հետևում, մի դահլիճում, որտեղ հավաքվածների մեծ մասին բնավ էլ չեն հետաքրքրում ճշմարտությունները, քանի որ շատերի պետությունները սերտ կապերի մեջ են Ադրբեջանի հետ: Ուրեմն, ինչ-որ տեղ դիպուկ արված հայտարարությունը դառնում է «ձայն բարբառո յանապատի», քանզի Հայաստան-Ադրբեջան հարաբերութ յունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, պատմական ճշմարտությունը ԱՊՀ անդամ երկրներից գրեթե ոչ մեկի չի հետաքրքրում...

Բայց նաև չի կարելի մտածել, թե ԱԺ փոխնախագահի հայտարարությունը դատարկ կրակոց էր: Այն, անպայմանորեն, ոմանց մոտ գոնե մտքեր կծներ, կստիպեր հեգնանքով նայել ադրբեջանական արդարացումներին ու բարձրագոչ հայտարարություններին: Այսքանով բավարարվել, անշուշտ, այլևս չի կարելի, որովհետև Ադրբեջանը կարողացել է առնվազն երկու երկրի ճանաչել տալ Խոջալուի «ցեղասպանությունը», կարծիք ձևավորել հայերի «կատարած ոճրագործությունների» մասին: Բազմիցս ենք ասել, որ Հայաստանը տեղեկատվա կան պատերազմում տանուլ է տալիս: Ունենալով ահռելի Սփյուռք և սփյուռքյան լրատվամիջոցներ` մենք շարունակում ենք տեղային նշանակության հայտարարություններ անել` այդպես էլ աշխարհին չպարզելով այն ճշմարտությունները, որոնց միջոցով դիմակազերծ կարվի այս պետությունը, որը շարունակում է անվտանգության երաշխիքներ խոստանալ ղարաբաղցիներին: Սեփական ժողովրդին մորթոտած մարդիկ չեն կարող երաշխավոր լինել ուրիշների անվտանգության համար. սա է իրականությունը Խոջալուի ողբերգության մասին, որը պիտի դառնա աշխարհի սեփականությունը: Հազիվ թե ֆինանսական մեծ միջոցներ պահանջվեն Այազ Մութալիբովի հարցազրույցը նորից թարգմանելու և տարածելու համար: Գոնե դա մենք կարող ենք անել Սփյուռքի լրատվամիջոցների ջանքերով: Անցած տարիներին հսկայական նյութեր են հավաքվել ու կուտակվել, նոր փաստեր են ի հայտ եկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մասին, վերջին տարիների սահմանային միջադեպերն են արդեն ճշգրտվել: Հետևաբար, պետք չէ հապաղել ու բավարարվել «կսմիթնե րով»: Ժամանակն է գրոհ կազմակերպել, որպեսզի վերջապես Խոջալուի «ցեղասպանությունը» ճանաչածներն էլ հասկանան, որ դարձել են ստի ու կեղծիքի գերի` պաշտպանելով ադրբեջանական անբարո քայլերը...

Լ.Մ.