«ԴԵՐԵՐ ԿԵՐՏՈՂ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ» 


 

- Ես իմ աշխատանքն եմ անում, սիրում եմ զբաղվել ինքնազարգացմամբ: Եթե ոչ մի տպավորություն չթողնեի, ինձ համար դա սարսափելի կլիներ, ստվերում կլինեի: Շնորհակալ եմ այդ մարդկանց իրենց ուշադրության համար: Անվանի շատ դերասաններ են ասում, որ առավել հետաքրքիր է բացասական կերպար կերտելը. այն ավելի գրավիչ է հանդիսատեսի համար, բայց հավանաբար, ոչ հայ հանդիսատեսի:

Ահա ինքն իր մասին նման հայտարարություն է արել «Դժվար ապրուստ» սերիալում նկարահանվող Էվա-Տաթև Սարգսյանը, ով արհեստավարժ դերասանուհի չէ, այլ «քասթինգ կենտրոնից» հրավիրված կինոսիրող: Այստեղ զարմացնում է «դեր կերտելու» հանգամանքը: Մեր ամենանշանավոր դերասաններն անգամ չեն խոսում «կերտելու» մասին, որովհետև դա բարձրագույն արժեք ու նվաճում է: Մինչդեռ արհեստավարժ դերասանության հետ կապ չունեցող անձը, ով արդեն սերիալասերներին հիասթափեցրել է իր կատարման ու խոսքի միօրինակությամբ, արտասանության սխալ շեշտերով ու հնչերանգային միապաղաղությամբ` խոսում է այն մասին, որ ինքը դեր է կերտել...

Գուցե ուշադրություն չդարձնեինք սիրողական դերասանուհու այս արտահայտությանը, եթե հատկապես վերջին շրջանում սերիալներ սողոսկած մի շարք անձինք իրենք իրենց չսկսեին ներկայացնել աստղեր ու «դերեր կերտողներ»: Ուշադրությամբ կարդալով Վահրամ Փափազյանի վեց հատորում ամփոփված աշխատությունները, մենք որևէ տեղ չենք հանդիպում նման ինքնագնահատականի: Մեծն Փափազյանը միայն որոշ դեպքերում է նշում, որ իրեն հաջողվել է ստեղծել այս կամ այն կերպարը: